ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ. Chapter 19

1 Այնուհետեւ լսեցի՝ ինչպէս բազմութեան մի բարձր ձայն երկնքում, որ ասում էր. Ալէլուիա՜, փրկութի՜ւն եւ փա՜ռք եւ պատի՜ւ եւ զօրութի՜ւն մեր Աստծուն,
2 որովհետեւ ճշմարիտ եւ արդար են նրա դատաստանները, քանի որ նա դատեց մեծ պոռնիկին իր պոռնկութեան մէջ եւ նրանից լուծեց իր ծառաների արեան վրէժը։
3 Եւ կրկին անգամ օրհներգեցին ու ասացին. Ալէլուիա՜. եւ նրա ծուխը բարձրանում է յաւիտեանս յաւիտենից։
4 Եւ ծնկի եկան քսանչորս երէցներն ու չորս կենդանիները եւ երկրպագեցին փառքի գահի վրայ նստած Աստծուն՝ ասելով. Ամէն. Ալէլուիա՜։
5 Եւ գահից մի ձայն ելաւ, որ ասում էր. Օրհներգեցէ՛ք մեր Աստծուն, նրա բոլոր ծառանե՛րդ, եւ դո՛ւք, որ երկնչում էք նրանից, փոքրե՛ր եւ մեծե՛ր։
6 Եւ լսեցի մի ձայն՝ ինչպէս ձայնը մի մեծ բազմութեան, ինչպէս ձայնը շատ ջրերի եւ ինչպէս ձայնը ուժեղ որոտի, որ ասում էր դարձեալ. Ալէլուիա՜. քանզի թագաւորեց մեր Ամենակալ Աստուածը։
7 Ուրախանանք եւ ցնծանք ու փառք տանք նրան, քանի որ հասաւ Գառան հարսանիքի ժամը, եւ կինը՝ նրա հարսը, պատրաստուեց.
8 հարսին տրուեց հագնելու սպիտակ, մաքուր եւ լուսափայլ բեհեզ։ Եւ այդ բեհեզը խորհրդանշում է սրբերի արդարութիւնը։
9 Եւ երէցներից մէկն ինձ ասաց. Գրի՛ր այս բանը. երանելի՜ են բոլոր նրանք, որ կանչուած են Գառան հարսանիքի ընթրիքին։
10 Եւ ես ընկնելով նրա ոտքերի առաջ՝ երկրպագեցի նրան. եւ նա ինձ ասաց. Լսի՛ր, մի՛ ընկիր իմ առաջ, քանզի ես էլ ծառայակիցն եմ քո եւ քո եղբայրների, որոնք վկայում են Յիսուս Քրիստոսին։ Տէր Աստծո՛ւն միայն երկրպագիր. քանզի Յիսուսի հաստատումով է այդ տեսիլքը եւ այդ մարգարէութեան հոգին, քանի որ Յիսուսի մասին վկայութիւնը, որ մարգարէների մէջ էր, Սուրբ Հոգով է։
11 Ապա տեսայ երկինքը բացուած. եւ ահա մի սպիտակ ձի. ով հեծել էր նրա վրայ, կոչւում է Հաւատարիմ եւ Ճշմարիտ. նա արդարութեամբ է դատում ու պատերազմում։
12 Նրա աչքերը նման էին կրակի բոցի, եւ նրա գլխի վրայ կային բազում պսակներ։ Նա ունէր գրուած մի անուն, որը ոչ ոք չգիտէ, այլ միայն՝ ինքը։
13 Եւ իր վրայ գցել էր արիւնով ներկուած մի զգեստ. նրա անունն էր՝ Բանն Աստծու։
14 Եւ երկնքի զօրավարներ ու երկնքի զօրքեր ձիերով գնում էին նրա յետեւից՝ հագած մաքուր եւ սպիտակ բեհեզներ։
15 Եւ նրա բերանից ելնում էր սրած սուր, որպէսզի նրանով հարուածի ազգերին. եւ նա պիտի իշխի նրանց վրայ երկաթէ մականով. նա պիտի կոխոտի Ամենակալ Աստծու ցասման գինու հնձանը։
16 Եւ իր պատմուճանի ու իր մարմնի մասերի վրայ կար գրուած մի գրութիւն՝ Թագաւոր թագաւորների եւ Տէր տէրերի։
17 Տեսայ նաեւ մի ուրիշ հրեշտակ, որ կանգնած էր արեգակի վրայ. նա աղաղակեց բարձր ձայնով՝ երկնքի մէջ թռչող բոլոր թռչուններին ասելով. Եկէք հաւաքուեցէ՛ք Աստծու մեծ ընթրիքին.
18 եւ պիտի ուտէք թագաւորների մարմիններ, հզօրների մարմիններ եւ երիվարների ու նրանց վրայ նստած ամենայն հեծեալների մարմիններ, մարմիններ ազատների եւ ծառաների, մեծի եւ փոքրի։
19 Ապա տեսայ գազանին, երկրի թագաւորներին եւ նրանց զօրքերին՝ հաւաքուած, որպէսզի պատերազմ մղեն ընդդէմ նրա, ով հեծել էր սպիտակ ձիու վրայ, նաեւ ընդդէմ նրա զօրքի։
20 Եւ բռնուեց գազանը ու նրա հետ եղող սուտ մարգարէն, որ նրա առաջ նշաններ էր գործում. դրանցով մոլորեցնում էր նրանց, որոնց ստիպել էր առնել գազանի դրոշմը եւ երկրպագուներ էր դարձրել իր արձանին։ Եւ նրանց կենդանի գցեցին ծծմբով այրուող կրակէ լճի մէջ։
21 Մնացածները մեռան ձիու վրայ հեծնողի սրից, որը ելնում էր նրա բերանից։ Եւ բոլոր թռչունները յագեցան նրանց մարմիններից։