ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ. Chapter 21

1 Ապա տեսայ նոր երկինք ու նոր երկիր, քանզի առաջին երկինքն ու երկիրը անցել էին. եւ այլեւս ծով չկար։
2 Եւ տեսայ սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղէմը, որ իջնում էր Աստծուց եւ երկնքից՝ զարդարուած ու պատրաստուած, ինչպէս հարսը իր փեսայի համար։
3 Եւ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. Ահա՛ւասիկ Աստծու խորանը, որ մարդկանց մէջ է. նա պիտի բնակուի նրանց հետ, եւ նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, եւ նա էլ՝ նրանց Աստուածը.
4 եւ պիտի սրբի նրանց աչքերից ամէն արտասուք. եւ այլեւս մահ չկայ. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցաւ եւ ո՛չ չարչարանք, քանի որ առաջինն անցաւ։
5 Եւ գահի վրայ նստողն ինձ ասաց. Ահա՛ւասիկ ամէն բան նոր եմ դարձնում Ապա ինձ ասաց. Գրի՛ր, այս խօսքերը ճշմարիտ եւ վստահելի են։
6 Դարձեալ ինձ ասաց. Եղաւ. ես Ալ`ան եւ Օմեղան եմ, Սկիզբը եւ Վախճանը. ես ծարաւածներին ձրի պիտի տամ կեանքի ջրի աղբիւրից։
7 Ով յաղթի, պիտի ժառանգի այս ամէնը. եւ ես նրանց համար Աստուած պիտի լինեմ, եւ նրանք ինձ համար պիտի լինեն որդիներ։
8 Իսկ գալով ծոյլերին ու անհաւատներին, ոճրագործներին եւ պոռնիկներին, կախարդներին եւ կռապաշտներին, հմայողներին եւ բոլոր ստախօսներին՝ ամբարիշտներին, նրանց բաժինը ծծմբով եւ հրով այրուող լճի մէջ է, որ երկրորդ մահն է։
9 Եւ ինձ մօտ եկաւ մէկն այն եօթը հրեշտակներից, որոնք ունէին եօթը սկաւառակներ՝ լցուած եօթը վերջին պատուհասներով. եւ նա խօսեց ինձ հետ ու ասաց. Ե՛կ, քեզ պիտի ցոյց տամ հարսին՝ Գառան կնոջը։
10 Եւ առաւ տարաւ ինձ, Հոգով, դէպի մի բարձր ու մեծ լեռ եւ ցոյց տուեց ինձ մեծ եւ սուրբ քաղաքը՝ Երուսաղէմը, որ իջել էր երկնքից, Աստծու մօտից։
11 Այն ունէր Աստծու փառքը. եւ նրա մէջ կար մի լուսաւորութիւն՝ նման թանկագին գոհարեղէնի, ինչպէս բիւրեղեայ եւ կենդանի յասպիս քարը։
12 Եւ նրա պարիսպները մեծ ու բարձր էին, ունէր տասներկու դուռ. տասներկու դռներին՝ տասներկու հրեշտակներ. նրանցից իւրաքանչիւրի անունը գրուած էր դռների վրայ, ըստ Իսրայէլի տասներկու ցեղերի անունների։
13 Արեւելեան կողմից՝ երեք դուռ, հիւսիսային կողմից՝ երեք դուռ, հարաւային կողմից՝ երեք դուռ, եւ արեւմտեան կողմից՝ երեք դուռ։
14 Եւ քաղաքի պարիսպն ունէր տասներկու հիմքեր. նրանց վրայ՝ Գառան տասներկու առաքեալների տասներկու անունները։
15 Եւ նա, ով խօսում էր ինձ հետ, իր ձեռքում ունէր ոսկէ եղէգ, որպէսզի չափի քաղաքը եւ նրա դռներն ու նրա պարիսպները։
16 Եւ քաղաքը քառակուսի էր. որչափ որ նրա երկարութիւնն էր, նոյնչափ էլ՝ նրա լայնութիւնը. բարձրութիւնն էլ՝ նոյնը։ Նրա երկարութեան չափը շուրջ երկու հազար հինգ հարիւր կիլոմետր էր, նրա լայնութիւնն ու բարձրութիւնը՝ միաչափ խորանարդ։
17 Հրեշտակը չափեց նաեւ նրա պարիսպը, որի բարձրութիւնը եօթանասուն մետր էր. հրեշտակի գործածած չափը մարդկանց գործածած չափն էր։
18 Եւ քաղաքի պարիսպների շինուածքը յասպիս քարից էր, իսկ քաղաքը՝ մաքուր ոսկի՝ նման մաքուր ու պայծառ ապակու։
19 Եւ քաղաքի հիմքերը ամէն տեսակ թանկագին քարերից էին։ Պարսպի առաջին հիմքը՝ յասպիս, երկրորդը՝ շափիւղայ, երրորդը՝ կարկեհան, չորրորդը զմրուխտ,
20 հինգերորդը՝ եղնգաքար, վեցերորդը՝ սարդիոն, եօթներորդը՝ ոսկեքար, ութերորդը՝ բիւրեղ, իններորդը՝ տպազիոն, տասներորդը՝ քրիւսոպրասոս, տասնմէկերորդը՝ յակինթ, տասներկուերորդը՝ մեղեսիկ։
21 Եւ կային տասներկու դռներ՝ տասներկու միաձեւ մարգարիտներից. ամէն մի դուռ մէկ մարգարտից էր։ Եւ քաղաքի տարածքը մաքուր ոսկի էր՝ նման պայծառ ապակու։
22 Եւ քաղաքի մէջ տաճար չտեսայ, քանզի Ամենակալ Տէր Աստուածն էր տաճար նրա մէջ, նաեւ՝ Գառը։
23 Եւ քաղաքին պէտք չէին արեգակ ու լուսին, որպէսզի լուսաւորեն այն. քանզի Աստծու փառքն էր լուսաւորում քաղաքը ամէն ժամ, եւ Գառը ճրագ էր նրա մէջ։
24 Եւ ազգերը ընթանում էին նրա լոյսով, ու երկրի թագաւորները լոյս էին հագնում նրա փառքից։
25 Նրա դռները չէին փակւում զօր ու գիշեր, այլ միշտ բաց էին. եւ գիշեր չէր լինում նրա մէջ.
26 այն փառք ու պատիւ էր ազգերին։
27 Եւ այնտեղ չպիտի մտնի ոչ մի չարակամ, պիղծ եւ ստախօս մարդ, այլ պիտի մտնեն միայն նրանք, որոնց անունները գրուած են Գառան կեանքի գրքում։