ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ. Chapter 15

1 Եւ տեսայ երկնքում մեծ եւ զարմանահրաշ մի այլ նշան. տեսայ եօթը հրեշտակներ, որոնք ունէին վերջին եօթը պատուհասները, քանի որ Աստծու բարկութիւնը դրանցով էր աւարտւում։
2 Տեսայ նաեւ ապակէ ծովի նման մի բան՝ խառնուած կրակով. եւ նրանք, որ յաղթեցին գազանին, նրա արձանին, նրա անուան թուին եւ նրա դրոշմին, կանգնած էին ապակէ ծովի վրայ եւ ունէին Աստծու քնարները.
3 նրանք Աստծու առաջ երգում էին Մովսէսի երգերը եւ Գառան երգերը՝ ասելով. Տէ՛ր Աստուած Ամենակալ, մեծամեծ եւ սքանչելի են քո գործերը, արդար ու ճշմարիտ են քո ճանապարհները, դո՛ւ, Թագաւո՛րդ բոլոր ազգերի։
4 Եւ ո՞վ է, որ չի երկնչելու եւ չի փառաւորելու քո սուրբ անունը, որովհետեւ դու ես միայն սուրբ եւ արժանի երկրպագութեան. բոլոր ազգերը պիտի գան եւ պիտի երկրպագեն քո առաջ, Տէ՛ր, երբոր քո արդարութիւնը յայտնուի։
5 Եւ ապա տեսայ, որ բացուեց վկայութեան խորանի տաճարը, որ երկնքում էր։
6 Եւ տաճարից դուրս էին ելնում եօթը հրեշտակներ, որոնք ունէին եօթը պատուհասները. նրանք հագել էին մաքուր ու փայլուն կտաւ եւ իրենց կրծքի շուրջը կապել էին ոսկէ գօտիներ։
7 Եւ չորս կենդանիների կողմից եօթը հրեշտակներին տրուեցին եօթը սկաւառակներ՝ լի ցասումովն Աստծու, որ կենդանի է յաւիտեանս յաւիտենից։
8 Եւ տաճարը լցուեց Աստծու փառքի եւ նրա զօրութեան ծխով։ Եւ ոչ ոք չէր կարող մտնել տաճարը, մինչեւ աւարտուեցին եօթը հրեշտակների եօթը պատուհասները։