ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ. Chapter 7

1 Եւ դրանից յետոյ տեսայ չորս հրեշտակներ, որոնք կանգնել էին երկրի չորս անկիւններին եւ պահել էին երկրի չորս հողմերը, որպէսզի հողմ չփչի ո՛չ երկրի, ո՛չ ծովի եւ ո՛չ էլ ծառերի վրայ։
2 Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ, որ ելաւ արեւելքից եւ ունէր կենդանի Աստծու կնիքը. եւ բարձր ձայնով աղաղակեց այն չորս հրեշտակներին, որոնց իշխանութիւն էր տրուած վնասելու երկրին եւ ծովին։
3 Եւ ասում էր. Վնաս մի՛ տուէք երկրին. ո՛չ ծովին, ո՛չ ծառերին. սպասեցէ՛ք, մինչեւ որ կնիք դնեմ իմ Աստծու ծառաների վրայ։
4 Եւ լսեցի, որ կնքուածների թիւը հարիւր քառասունչորս հազար է՝ իսրայէլացիների բոլոր ցեղերից կնքուած.
5 Յուդայի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Ռուբէնի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Գադի ցեղից՝ տասներկու հազար կնքուած,
6 Ասերի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Նեփթաղիմի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Մանասէի ցեղից՝ տասներկու հազար կնքուած,
7 Շմաւոնի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Ղեւիի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Իսաքարի ցեղից՝ տասներկու հազար կնքուած,
8 Զաբուղոնի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Յովսէփի ցեղից՝ տասներկու հազար կնքուած, Բենիամինի ցեղից՝ տասներկու հազար կնքուած։
9 Եւ դրանից յետոյ տեսայ մի մեծ բազմութիւն, - որին թիւ չկար, - բոլոր հեթանոսներից եւ բոլոր ազգերից, բոլոր լեզուներից եւ բոլոր ժողովուրդներից, որոնք կանգնած էին աթոռի առաջ եւ Գառան առաջ՝ իրենց վրայ սպիտակ զգեստներ գցած եւ արմաւենու ճիւղեր իրենց ձեռքերին։
10 Բարձր ձայնով աղաղակում էին եւ ասում. Փրկութիւնը մեր Աստծո՛ւնն է, որ նստում է աթոռի վրայ, ինչպէս եւ՝ Գառա՛նը։
11 Եւ բոլոր հրեշտակները կանգնած էին աթոռի եւ երէցների ու չորս կենդանիների շուրջը եւ երեսի վրայ ընկնում էին աթոռի առաջ ու երկրպագում էին Աստծուն՝
12 ասելով. Ամէն։ Օրհնութի՜ւն, փա՜ռք, իմաստութի՜ւն, գոհութի՜ւն, պատի՜ւ, զօրութի՜ւն եւ կարողութի՜ւն մեր Տէր Աստծուն յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։
13 Եւ երէցներից մէկն ինձ ասաց. Սրանք, որ սպիտակ զգեստներ են հագել, ովքե՞ր են եւ կամ որտեղի՞ց են գալիս։
14 Ես նրան ասացի. Տէ՛ր, գիտես դու։
15 Եւ նա ինձ ասաց. Սրանք նրանք են, որ գալիս են մեծ նեղութիւններից եւ իրենց զգեստները լուացին ու սպիտակեցրին Գառան արիւնով։
16 Այդ պատճառով են նրանք կանգնած Աստծու աթոռի առաջ եւ զօր ու գիշեր պաշտում են նրան իր տաճարի մէջ։ Եւ նա, որ նստում է աթոռի վրայ, բնակւում է նրանց մէջ։
17 Ո՛չ քաղց են զգալու, ո՛չ էլ ծարաւելու են. եւ նրանց չի վնասելու ո՛չ արեգակը, ո՛չ էլ տօթը։
18 Եւ Գառը, որ իր աթոռի մէջտեղում է, պիտի հովուի նրանց ու պիտի առաջնորդի նրանց դէպի կեանքի աղբիւրը կենդանի ջրի, քանզի Աստուած նրանց աչքերից սրբեց ամէն արտասուք։