ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ. Chapter 14

1 Եւ ես տեսայ. ահա Գառը կանգնած էր Սիոն լերան վրայ. եւ նրա հետ՝ հարիւր քառասունչորս հազար հոգի, որոնք նրա եւ նրա Հօր անունն ունէին գրուած իրենց ճակատների վրայ։
2 Եւ երկնքից մի ձայն լսեցի, որ նման էր առատահոս ջրերի եւ ուժեղ որոտի ձայնի. եւ իմ լսած ձայնը նման էր իրենց քնարները հնչեցնող քնարահարների նուագի ձայնին։
3 Նրանք նոր երգեր էին երգում գահի առաջ, չորս կենդանիների առաջ եւ երէցների առաջ. եւ ոչ ոք չի կարող սովորել նրանց երգերը, այլ միայն՝ այն հարիւր քառասունչորս հազարը, որոնք փրկուած են երկրից։
4 Սրանք այն մարդիկ են, որոնք չխառնակուեցին կանանց հետ եւ կոյսեր են. սրանք գնում են Գառան յետեւից, ուր էլ նա գնայ։ Սրանք ընտրուեցին մարդկանց միջից Աստծու եւ Գառան առաջ։
5 Եւ սրանց բերանում սուտ խօսք չգտնուեց, որովհետեւ անբիծ են։
6 Եւ տեսայ երկնքի մէջ թռչող մի ուրիշ հրեշտակ, որ յաւիտենական աւետիս ունէր քարոզելու երկրի վրայ բոլոր ազգերին եւ լեզուներին։
7 Եւ նա ասում էր բարձր ձայնով. Վախեցէ՛ք Աստծուց եւ փա՛ռք տուէք նրան, որովհետեւ եկել է նրա դատաստանի ժամը. եւ երկրպագեցէ՛ք երկնքի եւ երկրի եւ ծովի ու ջրերի աղբիւրների Արարչին։
8 Եւ մի երկրորդ հրեշտակ գալիս է նրա յետեւից եւ ասում. Ընկա՜ւ, ընկա՜ւ մեծն Բաբելոնը գինու հարբեցողութիւնից, ցասումից եւ իր պոռնկութիւնից, նա, որ հարբեցրեց բոլոր ազգերին։
9 Եւ մի երրորդ հրեշտակ գալիս էր նրանց յետեւից եւ բարձր ձայնով ասում. Ով որ երկրպագեց գազանին ու նրա արձանին եւ կամ նրա նշանի դրոշմն առաւ իր ճակատին կամ իր աջ ձեռքի վրայ,
10 այդպիսին պիտի խմի Աստծու ցասման բաժակից, որ անխառն լցուած է նրա բարկութեան բաժակի մէջ, եւ նա պիտի տանջուի, հրով եւ ծծմբով, Աստծու ու Գառան առաջ։
11 Եւ նրանց ծուխը պիտի բարձրանայ յաւիտեանս յաւիտենից. եւ գիշեր ու ցերեկ հանգիստ չպիտի ունենան նրանք, ովքեր երկրպագեցին գազանին, երկրպագեցին արձանին եւ առան նրա դրոշմն ու անունը։
12 Եւ այստե՛ղ է ահա սրբերի համբերութիւնը, որոնք պահում են Աստծու պատուիրանները եւ Յիսուսի հանդէպ իրենց հաւատը։
13 Եւ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր ինձ. Գրի՛ր. երանի՜ այն մեռելներին, որոնք այժմուանից իսկ ննջեցին ի Տէր։ Հոգին այս բանն է ասում՝ հանգստացան իրենց տքնութիւնից, եւ միայն իրենց գործերի արդիւնքը հետեւեց իրենց։
14 Ապա ես տեսայ մի սպիտակ ամպ. եւ ամպի վրայ նստել էր մէկը՝ նման մարդու Որդուն. նա իր գլխին ունէր ոսկէ պսակ, եւ իր ձեռքին՝ սրած գերանդի։
15 Եւ մի ուրիշ հրեշտակ ելաւ երկնքից, աղաղակեց բարձր ձայնով եւ ասաց. Դո՛ւ, որ նստած ես այդ ամպի վրայ, շարժի՛ր քո այդ գերանդին եւ հնձի՛ր, որովհետեւ եկաւ հնձի ժամանակը. եւ երկրի հունձն էլ հասած է։
16 Եւ նա, ով նստել էր ամպի վրայ, շարժեց իր գերանդին երկրի վրայ ու հնձեց երկրի բոլոր բնակիչներին։
17 Եւ մի ուրիշ հրեշտակ դուրս ելաւ երկնքում գտնուող տաճարից. եւ սա էլ ունէր սրած գերանդի։
18 Եւ զոհասեղանից դուրս ելաւ մի ուրիշ հրեշտակ, որ իշխանութիւն ունէր կրակի վրայ. նա բարձր ձայնով աղաղակեց այն հրեշտակին, որ սրած գերանդի ունէր, ու ասաց. Քաղի՛ր ողկոյզները երկրի այգուց, քանի որ խաղողը հասել է այգում։
19 Եւ հրեշտակը նետեց իր գերանդին երկրի վրայ, քաղեց նրա խաղողը եւ գցեց Աստծու մեծ հնձանի մէջ։
20 Եւ հնձանը կոխոտուեց քաղաքից դուրս. եւ հնձանից արիւնը հոսում ու բարձրանում էր մինչեւ ձիու սանձերը. եւ նրա երկարութիւնը երեք հարիւր կիլոմետր էր։