ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ. Chapter 8

1 Եւ երբ բացեց եօթներորդ կնիքը, երկնքում լռութիւն եղաւ մօտ կէս ժամ։
2 Եւ տեսայ եօթը հրեշտակներ, որ կանգնած էին Աստծու առաջ. եւ նրանց եօթը փող տրուեց։
3 Եւ մի ուրիշ հրեշտակ եկաւ ու կանգնեց խորանի մօտ. նա ունէր ոսկէ խնկաման. եւ նրան շատ խունկ տրուեց, որպէսզի աղօթք մատուցի բոլոր սրբերին ոսկէ խորանի վրայ, աթոռի առաջ։
4 Եւ հրեշտակների ձեռքերից խնկի ծուխը, ինչպէս աղօթք սրբերի, ելաւ Աստծու առաջ։
5 Եւ հրեշտակը խնկամանը լցրեց խորանի կրակից ու այն գցեց երկրի վրայ. եւ եղաւ որոտ եւ ձայներ եւ փայլատակում եւ մեծ երկրաշարժ։
6 Եւ եօթը հրեշտակները, որ ունէին եօթը փողերը, պատրաստուեցին դրանք հնչեցնելու։
7 Եւ առաջին հրեշտակը հնչեցրեց փողը. եւ եղաւ կարկուտ եւ հուր՝ արիւնով խառնուած. եւ գցուեց երկրի վրայ. եւ երկրի մէկ երրորդ մասը այրեց. այրեց եւ ծառերի մէկ երրորդ մասը. այրեց եւ ամբողջ դալար խոտը։
8 Փող հնչեցրեց նաեւ երկրորդ հրեշտակը. եւ մի բան, ինչպէս մի մեծ հրդեհուած լեռ, ընկաւ ծովը, եւ ծովի մէկ երրորդ մասը արիւն դարձաւ.
9 եւ ծովային կենդանիների մէկ երրորդ մասը կոտորուեց, եւ կենդանի ինչ շունչ որ կար, ոչնչացաւ։
10 Փող հնչեցրեց նաեւ երրորդ հրեշտակը. եւ երկնքից ընկաւ մի մեծ աստղ՝ հրաբորբոք ինչպէս ջահ. եւ ընկաւ գետերի ու աղբիւրների մէկ երրորդ մասի վրայ։
11 Եւ աստղի անունն էր Դառնութիւն. եւ ջրի դառնութիւնից շատեր մեռան։
12 Փող հնչեցրեց նաեւ չորրորդ հրեշտակը. եւ զարկուեց արեգակի մէկ երրորդ մասը, լուսնի մէկ երրորդ մասը եւ աստղերի մէկ երրորդ մասը։ Եւ խաւարեց նրանց մէկ երրորդ մասը, նոյնպէս եւ՝ գիշերուայ մէկ երրորդ մասը։
13 Եւ տեսայ ու լսեցի երկնքի մէջ թռչող հրեշտակի ձայնը, որ ասում էր բարձր ձայնով. Վա՜յ, վա՜յ, վա՜յ երկրի վրայ բնակուողներին, երբ կը հնչի նաեւ միւս երեք փողերի ձայնը, որը պիտի հնչեցնեն հրեշտակները։