ԹՈՒԵՐ. Chapter 2

1 Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց.
2 Ամէն մէկը թող գնայ իր գնդի դրօշակի ետեւից, ըստ իր նահապետական տների։ Իսրայէլացիներից իւրաքանչիւրը թող բանակատեղի հաստատի ըստ իր բանակի։
3 Արեւելեան կողմում առաջինը թող Յուդայի ցե՛ղը բանակատեղի հաստատի իր զօրքով։ Յուդայի ցեղի գնդի հրամանատարը Ամինադաբի որդի Նաասոնն է։
4 Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է եօթանասունչորս հազար վեց հարիւր հոգուց։
5 Նրանցից յետոյ թող բանակատեղի հաստատի Իսաքարի ցեղը։ Իսաքարի ցեղի գնդի հրամանատարը Սոգարի որդի Նաթանայէլն է։
6 Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է յիսունչորս հազար չորս հարիւր հոգուց։
7 Նրա կողքին թող բանակատեղի հաստատի Զաբուղոնի ցեղը։ Զաբուղոնի ցեղի գնդի հրամանատարը Քելոնի որդի Եղիաբն է։
8 Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է յիսունեօթը հազար չորս հարիւր հոգուց։
9 Յուդայի ցեղի հաշուառման ենթարկուած ամբողջ զօրքը բաղկացած է հարիւր ութսունվեց հազար չորս հարիւր հոգուց։ Ճանապարհ ընկնելիս նրանք իրենց զօրքով թող առաջինը գնան։
10 Ռուբէնի ցեղի գունդն ու զօրքը հարաւային կողմում թող լինեն։ Ռուբէնի ցեղի գնդի հրամանատարը Սադիուրի որդի Եղիսուրն է։
11 Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է քառասունվեց հազար հինգ հարիւր հոգուց։
12 Նրա կողքին թող բանակատեղի հաստատի Շմաւոնի ցեղը։ Շմաւոնի ցեղի գնդի հրամանատարը Սուրիսադայի որդի Սաղամիէլն է։
13 Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է յիսունինը հազար երեք հարիւր հոգուց։
14 Նրա կողքին թող բանակատեղի հաստատի Գադի ցեղը։ Գադի ցեղի հրամանատարը Ռագուէլի որդի Եղիսափանն է։
15 Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է քառասունհինգ հազար վեց հարիւր յիսուն հոգուց։
16 Ռուբէնի ցեղի հաշուառման ենթարկուած ամբողջ զօրքը բաղկացած է հարիւր յիսունմէկ հազար չորս հարիւր յիսուն հոգուց։ Ճանապարհ ընկնելիս նրանք իրենց զօրքով թող երկրորդը գնան։
17 Վկայութեան խորանը տեղափոխելիս ղեւտացիների բանակատեղին թող գտնուի բանակատեղիների մէջտեղում։ Ինչ կարգով որ բանակատեղի են հաստատել, նոյն կարգով էլ իւրաքանչիւրն ըստ իր իշխանութեան թող ճանապարհ ընկնի։
18 Եփրեմի ցեղի գունդն իր սպառազինութեամբ հանդերձ թող բանակատեղի հաստատի արեւմտեան կողմում։ Եփրեմի ցեղի գնդի հրամանատարը Էմիուդի որդի Եղիսաման է։
19 Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է քառասուն հազար հինգ հարիւր հոգուց։
20 Նրանցից յետոյ թող բանակատեղի հաստատի Մանասէի ցեղը։ Մանասէի ցեղի հրամանատարը Փադասուրի որդի Գամաղիէլն է։
21 Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է երեսուներկու հազար երեք հարիւր հոգուց։
22 Նրանցից յետոյ բանակատեղի հաստատողը Բենիամինի գունդը թող լինի։ Բենիամինի գնդի հրամանատարը Գեդէոնի որդի Աբիդանն է։
23 Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է երեսունհինգ հազար չորս հարիւր հոգուց։
24 Եփրեմի ցեղի հաշուառման ենթարկուած ամբողջ զօրքը բաղկացած է հարիւր ութ հազար երկու հարիւր հոգուց։ Ճանապարհ ընկնելիս նրանք իրենց զօրքով թող երրորդը գնան։
25 Դանի ցեղի գունդն իր սպառազինութեամբ թող բանակատեղի հաստատի հիւսիսային կողմում։ Դանի ցեղի գնդի հրամանատարը Ամիսադայի որդի Աքիեզերն է։
26 Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է վաթսուներկու հազար եօթը հարիւր հոգուց։
27 Նրանցից յետոյ բանակատեղի հաստատողը Ասերի ցեղը թող լինի։ Ասերի ցեղի գնդի հրամանատարը Եքրանի որդի Փագիէլն է։
28 Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է քառասունմէկ հազար հինգ հարիւր հոգուց։
29 Նրանցից յետոյ բանակատեղի հաստատողը Նեփթաղիմի ցեղը թող լինի։ Նեփթաղիմի ցեղի գնդի հրամանատարը Ենանի որդի Աքիրէն է։
30 Հաշուառման ենթարկուած նրա զօրքը բաղկացած է յիսուներեք հազար չորս հարիւր հոգուց։
31 Դանի ցեղի հաշուառման ենթարկուած զօրքը բաղկացած է հարիւր յիսունեօթը հազար վեց հարիւր հոգուց։ Ճանապարհ ընկնելիս նրանք, ըստ իրենց գնդի կարգի, իրենց զօրքով վերջինը թող գնան։
32 Այս է իսրայէլացիների զօրքի թիւն ըստ իրենց նահապետների ընտանիքների։ Հաշուառման ենթարկուած զօրքերի ընդհանուր թիւը բաղկացած է վեց հարիւր երեք հազար հինգ հարիւր յիսուն հոգուց։
33 Ղեւտացիները, սակայն, վերոյիշեալ հաշուառման ենթարկուածների մէջ չեն մտնում, ինչպէս որ Տէրն էր պատուիրել Մովսէսին։
34 Իսրայէլացիներն արեցին այն ամէնը, ինչ Տէրը հրամայել էր Մովսէսին։ Նրանք բանակատեղիներ հաստատեցին ըստ իրենց գնդերի, եւ ամէն մէկը ճանապարհ էր ընկնում իր ցեղի հետ, ըստ իր նահապետների ընտանիքների։