ԹՈՒԵՐ. Chapter 14

1 Ամբողջ ժողովուրդը աղաղակ բարձրացրեց ու լաց եղաւ այդ ամբողջ գիշեր։
2 Բոլոր իսրայէլացիները տրտնջացին Մովսէսից ու Ահարոնից եւ ասացին. Աւելի լաւ կը լինէր Եգիպտացիների երկրում մեռած լինէինք կամ հէնց այստեղ՝ անապատում մեռնէինք։
3 Ինչո՞ւ է Տէրը մեզ տանում այդ երկիրը, որպէսզի պատերազմում ընկնենք, իսկ մեր կանայք ու մեր զաւակները յափշտակուեն։ Արդ, աւելի լաւ է վերադառնանք Եգիպտոս։
4 Նրանք իրար ասացին. Հրամանատար ընտրենք եւ Եգիպտոս վերադառնանք։
5 Մովսէսն ու Ահարոնը երեսնիվայր ընկան բոլոր իսրայէլացիների առջեւ։
6 Երկիրը հետախուզողներից Նաւէի որդի Յեսուն եւ Յեփոնէի որդի Քաղէբը, պատառոտելով իրենց զգեստները,
7 ասացին բոլոր իսրայէլացիներին. Մեր հետախուզած երկիրը չափազանց լաւ է։
8 Եթէ Աստծուց բարեհաճութիւն ունենանք, նա մեզ կ՚առաջնորդի այդ երկիրը եւ այն կը տայ մեզ։ Դա մի երկիր է, ուր կաթ ու մեղր է հոսում։
9 Միայն թէ Տիրոջ դէմ չապստամբէք եւ այդ երկրի ժողովրդից չվախենաք, որովհետեւ մենք կը լափենք նրանց։ Տէրն արդէն լքել է նրանց, նա մեզ հետ է։ Մի՛ վախեցէք նրանցից։
10 Ամբողջ ժողովուրդն ասաց. Եկէք քարկոծենք նրանց։ Այն ժամանակ Տիրոջ փառքը ամպի մէջ երեւաց վկայութեան խորանի վրայ, բոլոր իսրայէլացիների դիմաց։
11 Տէրն ասաց Մովսէսին. Մինչեւ ե՞րբ պիտի ինձ զայրացնի քո այդ ժողովուրդը, մինչեւ ե՞րբ պիտի չհաւատայ այն բոլոր հրաշքներին, որ կատարեցի նրանց մէջ։
12 Թո՛յլ տուր ինձ, որ հարուածեմ մահուամբ եւ կորստեան մատնեմ նրանց, իսկ քեզ ու քո հօր տունը այս ժողովրդից աւելի մեծ ու բազմանդամ դարձնեմ։
13 Մովսէսն ասաց Տիրոջը. Այժմ եգիպտացիները իմացան, որ դու ես քո մեծ ուժով այս ժողովրդին հանել իրենց միջից,
14 եւ այս երկրի ամբողջ բնակիչները հասու են դարձել, որ դու ես այս ժողովրդի մէջ այն Տէրը, որ դէմ յանդիման ես երեւում։ Տէ՜ր, քո ամպը հովանի է նրանց վրայ, եւ ցերեկը դու ես սիւնակերպ ամպի մէջ գնում նրանց առաջից, իսկ գիշերը՝ կրակէ սեան նման։
15 Արդ, եթէ դու այդ ժողովրդին մի մարդու պէս ոչնչացնես, ապա քո անունը լսած ազգերը կ՚ասեն.
16 Քանի որ Տէրը չկարողացաւ այս ժողովրդին տանել իր խոստացած երկիրը, նրանց դիակները այս անապատում գետին փռեց։
17 Արդ, թող բարձրանայ քո ձեռքը, Տէ՜ր, ինչպէս որ խօսեցիր ու ասացիր,
18 թէ՝ Տէրը համբերատար է, ողորմած ու ճշմարիտ, որ ներում է անօրէնութիւնները, անիրաւութիւններն ու մեղքերը, բայց եւ ամենեւին չի ներում մեղսագործներին, հայրերի մեղքերը հատուցել է տալիս նրանց զաւակներին մինչեւ երրորդ ու չորրորդ սերունդը։
19 Քո մեծ ողորմութեամբ ների՛ր քո ժողովրդին, ինչպէս ներել ես նրանց Եգիպտոսից ելնելուց մինչեւ հիմա։
20 Տէրն ասաց Մովսէսին. Կը ներեմ նրանց, ինչպէս դու ասացիր,
21 բայց կենդանի եմ ես, կենդանի է իմ անունը, եւ Տիրոջ փառքը պիտի լցնի ամբողջ երկիրը։
22 Թէեւ իմ փառքը եւ Եգիպտոսում ու այս անապատում իմ գործած հրաշքները տեսան բոլոր մարդիկ, բայց տասն անգամ փորձեցին ինձ, ու չհաւատացին,
23 թէ կը տեսնեն այն երկիրը, որ ես խոստացայ նրանց հայրերին։ Ես երկիրը կը տամ նրանց այն որդիներին, որ այստեղ՝ ինձ հետ են, անտեղեակ են չարին ու բարուն, կը տամ բոլոր անփորձ մանուկներին։ Բոլոր նրանք, ովքեր բարկացրին ինձ, այդ երկիրը չեն տեսնի։
24 Բայց ուրիշ հոգի ունեցող եւ ինձ հետեւած իմ ծառայ Քաղէբին ես կը տանեմ այն երկիրը, ուր նա մտաւ հետախուզելու, իսկ նրա յետնորդները կը ժառանգեն այն։
25 Ամաղէկացիներն ու քանանացիները բնակւում են ձորում, բայց դուք վաղը կը վերադառնաք եւ անապատով կը գնաք դէպի Կարմիր ծով։
26 Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց.
27 Մինչեւ ե՞րբ պիտի հանդուրժեմ այս վատ ժողովրդին, եւ դրանք պիտի տրտնջան իմ առջեւ։
28 Ես լսեցի իսրայէլացիների տրտունջը ձեր դէմ։ Արդ, նրանց կ՚ասես. Կենդանի եմ ես, - ասում է Տէրը, - եւ ես կը վարուեմ ձեզ հետ այն խօսքերի համաձայն, որ հասան իմ ականջներին.
29 այս անապատում ցրիւ պիտի գան ձեր ոսկորները, գնդերը, հաշուառման ենթարկուած քսան տարեկանից բարձր եւ իմ դէմ բողոքած բոլոր մարդիկ պիտի կոտորուեն այստեղ։
30 Նրանք չպիտի մտնեն այն երկիրը, որի վրայ բարձրացնելով իմ ձեռքը՝ երդուեցի, թէ՝ Ձեզ կը բնակեցնեմ այնտեղ, բացի Յեփոնէի որդի Քաղէբից ու Նաւէի որդի Յեսուից։
31 Իսկ ձեր զաւակները, որոնց մասին ասացիք, թէ կը յափշտակուեն, նրանց կը տամ այդ երկիրը, նրանք կը ժառանգեն այն, որից դուք նողկանքով յե՛տ քաշուեցիք։
32 Ձեր ոսկորները ցրիւ կը գան այս անապատում,
33 իսկ ձեր զաւակները քառասուն տարի խոտ կը ճարակեն այս անապատում եւ կը հատուցեն ձեր հոգու պոռնկութեան դիմաց, մինչեւ որ ձեր ոսկորները փտեն այս անապատում։
34 Երկիրը հետախուզելու քառասուն օրերի թուի համեմատ ձեր գործած մեղքերի համար քառասուն տարի պիտի պատժուէք, որպէսզի ճանաչէք իմ բարկութիւնն ու ցասումը։
35 Ես՝ Տէրս, ասել եմ, որ իմ դէմ դուրս եկած վատ ժողովրդի նկատմամբ այդպէս էլ կը վարուեմ։ Նրանք այս անապատում պիտի հիւծուեն եւ այստեղ էլ պիտի մեռնեն։
36 Եւ այն մարդիկ, որոնց Մովսէսն ուղարկել էր երկիրը հետախուզելու, եւ որոնք, վերադառնալով, ժողովրդի մէջ չարախօսեցին այդ երկրի դէմ՝ վատ համբաւ տարածելով նրա մասին,
37 Տիրոջ առաջ չարաչար մեռան։
38 Բոլոր այն մարդկանցից, որոնք գնացել էին այդ երկիրը հետախուզելու, փրկուեցին միայն Նաւէի որդի Յեսուն եւ Յեփոնէի որդի Քաղէբը։
39 Մովսէսը բոլոր իսրայէլացիներին հաղորդեց Տիրոջ այս պատգամները, եւ ժողովուրդը մեծապէս սգաց։
40 Վաղ առաւօտեան վեր կենալով՝ մարդիկ բարձրացան լերան գագաթը եւ ասացին Մովսէսին. Մենք, ահա, պատրաստ ենք գնալու այն տեղը, որ Տէրը խոստացել է մեզ, որովհետեւ մեղք ենք գործել։
41 Մովսէսը պատասխանեց. Ինչո՞ւ զանց առաք Տիրոջ խօսքը։ Դուք յաջողութիւն չէք ունենայ։
42 Մի՛ գնացէք, որովհետեւ Տէրը ձեզ հետ չէ, դուք կ՚ընկնէք ձեր թշնամիների ձեռքից։
43 Ամաղէկացիներն ու քանանացիները այնտեղ՝ ձեր առջեւն են, եւ դուք կ՚ընկնէք նրանց սրից։ Քանի որ հեռացաք Տիրոջից եւ նրան չանսացիք, Տէրը ձեզ հետ չի լինի։
44 Նրանք, սակայն, չլսեցին ու բարձրացան լերան գագաթը, բայց Տիրոջ ուխտի տապանակն ու Մովսէսը բանակատեղիից չշարժուեցին։
45 Լերան վրայ բնակուող ամաղէկացիներն ու քանանացիները իջան, հարուածելով սրակոտոր արեցին նրանց՝ հետապնդելով մինչեւ Հերմա։
46 Վերապրածները վերադարձան բանակատեղի։