ԹՈՒԵՐ. Chapter 15

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
2 Խօսի՛ր իսրայէլացիներին եւ ասա՛ նրանց. Երբ մտնէք ձեր բնակութեան երկիրը, որ ես տալու եմ ձեզ,
3 ողջակէզներ արէ՛ք Տիրոջ համար, լինեն դրանք ուխտի առիթով արուող կամաւոր եւ կամ ձեր տօնակատարութիւննրի առթիւ մատուցուող նուիրաբերութիւններ, որպէսզի դրանք, որպէս անուշ բուրմունք, Տիրոջը ընդունելի լինեն։ Եթէ զոհաբերութիւնը արջառ է կամ ոչխար,
4 զոհաբերողը Տիրոջը թող մատուցի նաեւ քառորդ հիմէն իւղով հունցուած մէկ տասներորդ գրիւ ընտիր ալիւր։
5 Ողջակէզ եւ զոհ մատուցելիս կը նուիրաբերէք նաեւ քառորդ հիմէն գինի. իւրաքանչիւր զոհաբերուող գառան համար կը զոհաբերես նրան հասնող չափով գինի, որպէսզի դա Տիրոջ համար անուշ բուրմունք լինի։
6 Խոյ ողջակիզելիս կամ զոհաբերելիս մէկ երրորդ հիմէն իւղով հունցուած երկու տասներորդ ընտիր ալիւր կը նուիրաբերես։
7 Կը մատուցես կէս հիմէն գինի որպէս անուշ բուրմունք Տիրոջ համար։
8 Եթէ Տիրոջ փրկութեան ուխտը փառաւորելու համար ողջակէզ կամ զոհ կը մատուցես արջառներից,
9 զուարակի հետ կէս հիմէն իւղով հունցուած երեք տասներորդ ընտիր ալիւր կը նուիրաբերես,
10 որպէս նուէր կէս հիմէն գինի՝ իբրեւ անուշ բուրմունք Տիրոջ համար։
11 Նոյն կերպ կը վարուես մէկ զուարակի, մէկ խոյի, մէկ գառան, մէկ ոչխարի կամ այծի դէպքում, ըստ դրանց թուի։
12 Ինչ որ անէք մէկի համար, նոյնը կ՚անէք միւսի համար, ըստ դրանց թուի։
13 Բոլոր իսրայէլացիները այդպէս պէտք է վարուեն՝ նոյնպիսի ընծաներ պէտք է մատուցեն իբրեւ անուշ բուրմունք Տիրոջ համար։ Եթէ որեւէ օտարական գայ ձեր երկիրը ձեր մէջ բնակուելու համար կամ ծնուած լինի ձեր երկրում, ընծայ թող մատուցի որպէս անուշ բուրմունք Տիրոջ համար։
14 Ինչպէս դուք էք անում, նոյնպէս թող անեն օտարականն ու Տիրոջ ժողովուրդը։
15 Միեւնոյն օրէնքը պէտք է գործի ե՛ւ ձեզ համար, ե՛ւ ձեզ հետ բնակուող օտարականների համար։ Դա յաւիտենական օրէնք պէտք է լինի ձեր բոլոր սերունդների համար։ Ինչպիսին դուք էք, այդպիսին էլ պէտք է լինի օտարականը Տիրոջ առջեւ։ Միեւնոյն օրէնքը պէտք է գործի, միեւնոյն պարտականութիւնը պիտի ունենաք ե՛ւ դուք, ե՛ւ ձեր մէջ բնակուող օտարականը։
16 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
17 Խօսի՛ր իսրայէլացիներին եւ ասա՛ նրանց.
18 Երբ դուք մտնէք այն երկիրը, ուր պիտի տանեմ ձեզ,
19 եւ ուտէք երկրի հացից,
20 Տիրոջը որպէս հաս կը տաք թթխմորով հունցուած հացից։ Տիրոջը որպէս հաս հաց կը տանէք, այն կը յատկացնէք Տիրոջը իբրեւ կալից ստացուած ու մատուցուած հաս։
21 Այդ հացը Տիրոջը նուիրաբերուող հաս թող լինի։ Այդպէս կը վարուէք սերնդէսերունդ։
22 Եթէ մեղանչէք եւ չկատարէք այն բոլոր պատուիրանները, որ Տէրը տուեց Մովսէսին,
23 ինչպէս նաեւ այն հրամանները, որ Տէրը Մովսէսի միջոցով տուեց ձեզ այն օրը, երբ Տէրը այս պատուիրանները տուեց ձեզ եւ ձեր յետագայ սերունդներին,
24 եթէ ժողովուրդն ակամայ մեղանչի, ապա ժողովուրդը նախրից բերուած ոչ արատաւոր մի զուարակ թող ողջակէզ անի իբրեւ Տիրոջն ընծայաբերուող անուշ բուրմունք։ Նուիրաբերումը պէտք է լինի անարիւն, այլեւ՝ մի նոխազ մեղքերի քաւութեան համար։
25 Քահանան դրանով քաւած կը լինի իսրայէլացի ամբողջ ժողովրդի մեղքերը եւ թողութիւն կը տայ նրանց, որովհետեւ ակամայ էր մեղանչել ժողովուրդը։ Նրանք Տիրոջ հանդէպ ակամայ գործած իրենց մեղքերի համար որպէս ընծայ պէտք է Տիրոջը զոհ մատուցեն։
26 Այսպէս թող քաւուեն բոլոր իսրայէլացիների եւ օտարականների մեղքերը, որովհետեւ ակամայ գործած մեղքերը վերաբերում են ամբողջ ժողովրդին։
27 Եթէ մէկը ակամայ մեղք գործի, թող մի տարեկան էգ ուլ մատուցի մեղքերի քաւութեան համար։
28 Քահանան դրանով քաւած կը լինի ակամայ մեղանչած անձի՝ Տիրոջ առջեւ ակամայ մեղք գործողի մեղքերը, որպէսզի քաւութիւն լինի նրա համար։
29 Տեղաբնակ իսրայէլացիների եւ նրանց մէջ բնակութիւն հաստատած օտարականի համար թող գործի միեւնոյն օրէնքը, եթէ նրանցից որեւէ մէկը ակամայ մեղք է գործել։
30 Եթէ տեղաբնակը կամ օտարականը մեղանչի մեծամտաբար կամ գիտակցօրէն, ապա նա զայրացրած կը լինի Աստծուն։ Այդ մարդը թող վերանայ իր ժողովրդի միջից,
31 որովհետեւ անարգում է Տիրոջ խօսքը եւ խախտում նրա պատուիրանները։ Ջնջուելով թող ջնջուի այդ մարդը իր ժողովրդի միջից, որովհետեւ իր մեղքերի համար ինքն է մեղաւոր։
32 Իսրայէլացիներն այնտեղ՝ անապատում էին։ Նրանք տեսան մի մարդ, որ շաբաթ օրը փայտ էր հաւաքում։
33 Նրան տեսնողները շաբաթ օրը փայտ հաւաքողին բերեցին Մովսէսի, Ահարոնի ու իսրայէլացի ամբողջ ժողովրդի մօտ
34 եւ բանտարկեցին, որովհետեւ չէին կարողանում որոշել, թէ ինչ անեն նրան։
35 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. Մահուան թող դատապարտուի այդ մարդը։ Ամբողջ ժողովուրդը քարերով թող քարկոծի նրան։
36 Ամբողջ ժողովուրդը նրան բանակատեղիից դուրս բերեց եւ քարկոծեց նրան, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։
37 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
38 Խօսի՛ր իսրայէլացիների հետ եւ ասա՛ նրանց, որ իրենց զգեստների ծայրերին ծոպեր կարեն, իսկ փեշերի ծոպերի վրայ կապոյտ թել դնեն։
39 Այս ծոպերը ձեր զգեստների վրայ պիտի լինեն, որպէսզի տեսնելով դրանք՝ յիշէք Տիրոջ պատուիրանները եւ կատարէք դրանք։ Այսպիսով դուք չէք շեղուի ձեր մտքի ու աչքերի ցանկութիւններին հետեւելով ու չէք պոռնկանայ։
40 Կը յիշէք ու կը կատարէք իմ բոլոր պատուիրանները, ձեր Աստծու առջեւ մաքուր կը լինէք,
41 քանզի ես եմ ձեր Տէր Աստուածը, որ ձեզ հանեցի Եգիպտացիների երկրից, որպէսզի ձեր Աստուածը լինեմ։ Ես եմ ձեր Տէր Աստուածը։