ԹՈՒԵՐ. Chapter 32

1 Իսրայէլացիները բազում անասուններ ունէին, բայց Ռուբէնի ու Գադի ցեղերի ունեցածները չափազանց շատ էին։ Նրանք տեսան, որ Յազերի ու Գաղաադի շրջանները հօտերի համար յարմար արօտավայրեր են։
2 Ռուբէնի ու Գադի ցեղերի մարդիկ գալով Մովսէսի, Եղիազար քահանայի ու ժողովրդի իշխանների մօտ՝ ասացին.
3 Ատարոթը, Դեբոնը, Յազերը, Նեմբրան, Եսեբոնը, Էլէալէթը, Սեբաման, Նաբաւը եւ Բէանը՝
4 այն վայրերը, որ Տէրը յանձնել է իսրայէլացիների ձեռքը, անասուն սնուցող արօտներ ունեն, իսկ մենք՝ քո ծառաները, անասուններ ունենք։
5 Նրանք աւելացրին. Եթէ քո առաջ շնորհ են գտել, այդ վայրերը մեզ՝ քո ծառաներին իբրեւ կալուածք տո՛ւր եւ մեզ Յորդանան գետից այն կողմ մի՛ անցկացրու։
6 Մովսէսը Գադի ու Ռուբէնի ցեղերի մարդկանց պատասխանեց. Ձեր եղբայրները գնան պատերազմելու, իսկ դուք այստեղ նստէ՞ք։
7 Ինչո՞ւ էք պղտորում իսրայէլացիների հոգին, այնպէս անում, որ չուզենան անցնել այն երկիրը, որը Տէրը տալու է նրանց։
8 Ձեր հայրերը նոյն կերպ չվարուեցի՞ն, երբ նրանց ուղարկում էի Կադէսբառնէից, որպէսզի հետախուզեն երկիրը։
9 Նրանք հասան Ողկոյզի ձորը, հետախուզեցին երկիրը, բայց վերադառնալով յեղաշրջեցին իսրայէլացիների մտքերը, որ չմտնեն այն երկիրը, որ Տէրը տուել էր նրանց։
10 Այդ պատճառով Տէրը խիստ զայրացաւ այդ օրը եւ երդուելով ասաց.
11 Եգիպտոսից դուրս եկած քսան տարեկանից բարձր մարդիկ, որոնք գիտեն չարն ու բարին, թող չտեսնեն այն երկիրը, որ երդուեցի տալ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին, քանի որ ինձ չհետեւեցին։
12 Նրանցից ոչ ոք չի մտնելու այդ երկիրը, բացի Յեփոնէի որդի Քաղէբից ու Նաւէի որդի Յեսուից, քանի որ նրանք հետեւեցին Տիրոջը։
13 Տէրը, խիստ զայրանալով իսրայէլացիների վրայ, քառասուն տարի նրանց թափառել տուեց անապատում, մինչեւ որ մեռան Տիրոջ առաջ ամբարիշտ գտնուող բոլոր մարդիկ։
14 Հիմա էլ դուք էք ելել ձեր հայրերի փոխարէն, ո՜վ մեղաւոր մարդկանց վոհմակներ, որպէսզի է՛լ աւելի բորբոքէք Տիրոջ բարկութիւնը իսրայէլացիների վրայ։
15 Քանի որ դուք խոտորուել էք Աստծուց, նա դարձեալ կը թողնի ձեզ այս անապատում, եւ դուք պատճառ կը դառնաք, որ ամբողջ ժողովուրդը անօրինութիւն գործի։
16 Նրանք, դիմելով Մովսէսին, ասացին. Ուզում ենք մեր ոչխարների ու միւս անասունների համար գոմեր շինել, մեր ընտանիքների համար՝ քաղաքներ։
17 Մենք ինքներս կը զինուենք Տիրոջ առջեւ, կը գնանք միւս իսրայէլացիների առջեւից, մինչեւ որ հաստատենք նրանց իրենց տեղերում։ Մեր ժողովուրդը, որպէսզի ապահով լինի այս երկրի բնակիչներից, թող բնակուի պարսպապատ քաղաքներում։
18 Մենք չենք վերադառնայ մեր տները, մինչեւ որ իսրայէլացիները իրենց ժառանգութեան տէր դառնան։
19 Մենք ակնկալութիւն չունենք Յորդանան գետի այն կողմում եւ աւելի հեռու տեղերում միւս իսրայէլացիների հետ բաժին ստանալու, որովհետեւ մենք մեր բաժինն ստացել ենք Յորդանան գետի այս կողմում՝ արեւելքում։
20 Մովսէսն ասաց նրանց. Եթէ անէք այնպէս, ինչպէս ասում էք, այսինքն՝ Տիրոջ հրամանով պատերազմի համար զինուէք,
21 ձեր բոլոր ռազմիկները Տիրոջ կարգադրութեան համաձայն անցնեն Յորդանան գետի այն կողմը, մասնակցեն պատերազմին, մինչեւ Տիրոջ առջեւ ոչնչանայ նրա թշնամին,
22 եւ երկիրը նուաճուի ըստ Տիրոջ ցանկութեան, ապա կը վերադառնաք, Տիրոջ ու իսրայէլացիների առջեւ անպարտ կը լինէք, եւ այս երկիրը Տիրոջ առաջ ձեր կալուածքը կը լինի։
23 Իսկ եթէ այդպէս չվարուէք, մեղաւոր կը համարուէք Տիրոջ առջեւ եւ ձեր մեղքերը կը ճանաչէք, երբ չարիքը հասնի ձեզ։
24 Արդ, դուք քաղաքներ շինեցէ՛ք ձեր մարդկանց համար եւ գոմեր՝ ձեր անասունների համար, եւ ինչ որ դուրս է եկել ձեր բերանից, կատարեցէ՛ք։
25 Ռուբէնի ու Գադի ցեղերի մարդիկ, դիմելով Մովսէսին, ասացին. Մենք՝ քո ծառաները, կը վարուենք այնպէս, ինչպէս դու՝ մեր տէրը, հրամայեցիր մեզ։
26 Մեր երեխաներն ու կանայք, մեր բոլոր անասունները թող մնան Գաղաադի քաղաքներում,
27 իսկ մենք՝ քո ծառայ տղամարդիկդ, զինավառ ու պատրաստ, Տիրոջ առջեւից կ՚անցնենք-կը գնանք պատերազմի, ինչպէս դու՝ մեր տէրը, ասում ես։
28 Մովսէսը հրահանգ տուեց նրանց մասին Եղիազար քահանային, Նաւէի որդի Յեսուին եւ իսրայէլացի ցեղերի նահապետների ընտանիքների իշխաններին։
29 Մովսէսն ասաց նրանց. Եթէ Ռուբէնի ու Գադի ցեղերի մարդիկ բոլորն էլ Տիրոջ առջեւ սպառազինուած ձեզ հետ անցնեն Յորդանան գետի այն կողմը, եթէ դուք նուաճէք այդ երկիրը, ապա նրանց իբրեւ կալուածք կը տաք Գաղաադի երկիրը։
30 Իսկ եթէ սպառազինուած ձեզ հետ պատերազմի չելնեն Տիրոջ առջեւ, ապա նրանց երեխաներին, կանանց ու անասուններին, նախքան ձեր անցնելը, կը փոխադրէք Քանանացիների երկիրը, եւ նրանք եւս ձեզ հետ թող ժառանգութիւն ստանան Քանանացիների երկրում։
31 Ռուբէնի ու Գադի ցեղերի մարդիկ պատասխան տալով՝ ասացին. Ինչ որ հրամայես դու՝ մեր տէրը, քո ծառաներին, այդ էլ կը կատարենք։
32 Սպառազինուած կ՚անցնենք Քանանացիների երկիրը, եւ մեզ կալուածքներ կը տաք Յորդանան գետի այս կողմում։
33 Եւ Մովսէսը Գադի, Ռուբէնի ցեղերին, Յովսէփի որդիներից Մանասէի կէս ցեղին տուեց ամորհացիների Սեհոն արքայի թագաւորութիւնը, Բասան երկրի Օգ արքայի թագաւորութիւնը, այդ երկիրը՝ իր սահմաններում գտնուող բոլոր քաղաքներով, ինչպէս նաեւ սահմանամերձ քաղաքներով։
34 Գադի մարդիկ կառուցեցին Դեբոնը, Ատարոթը, Արոյերը,
35 Սոփորն ու Յազերը, դրանք շրջապատեցին բարձր պարիսպներով։
36 Կառուցեցին նաեւ Նամրանը, Բօթառանը, ամուր քաղաքներ ու անասունների գոմեր։
37 Ռուբէնի ցեղի մարդիկ կառուցեցին Եսեբոնը, Էլէալէթը, Կարիաթեմը,
38 Բէելմէոնը՝ չորս կողմից պարսպապատ, եւ Սեմաբան։ Իրենց կառուցած քաղաքներն անուանեցին իրենց իսկ անուններով։
39 Մանասէի որդի Մաքիրի յետնորդները գնացին Գաղաադ, գրաւեցին այն ու ոչնչացրին այնտեղ բնակուող ամորհացիներին։
40 Մովսէսը Գաղաադը տուեց Մանասէի որդի Մաքիրին, որը եւ բնակուեց այնտեղ։
41 Մանասէի որդի Յայիրը գրաւեց նրանց քաղաքները, որոնք կոչեց Յայիրի աւաններ։
42 Նաբաւը գնաց գրաւեց Կանաթն ու նրա աւանները, որոնք իր անունով կոչեց Նաբաւթ։