ԹՈՒԵՐ. Chapter 34

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
2 Պատուիրի՛ր իսրայէլացիներին ու նրանց ասա՛. Դուք, ահա, մտնում էք Քանանացիների երկիրը։ Այն իր սահմաններով հանդերձ թող ձեր սեփականութիւնը լինի։
3 Նրա հարաւային սահմանը թող լինի Սին անապատից մինչեւ Եդոմի երկրի մերձակայքը։ Հարաւային սահմանները թող անցնեն Մեռեալ ծովի արեւելեան կողմից։
4 Սահմանները հարաւից թող շրջանաձեւ բարձրանան դէպի Ակրաբինի սարը, անցնեն դէպի Ենակ, ապա դարձեալ դէպի հարաւ մինչեւ Կադէսբառնէ, ապա Արադի աւանը եւ հասնեն Ասեմոն։
5 Այս սահմանները, սկսած Ասեմոնից դէպի եգիպտացիների ձորը, շրջան պիտի կազմեն եւ դուրս գան ծով։
6 Ձեր ծովահայեաց սահմանը թող լինի Մեծ ծովը. դա ձեր ծովահայեաց սահմանն է։
7 Ձեր հիւսիսային սահմանը թող լինի հետեւեալը. Մեծ ծովից ուղիղ գծով մինչեւ Լեռը,
8 այդ լեռից ուղիղ գծով մինչեւ Եմաթի մուտքը։ Այն հասնելու է մինչեւ Արադաքի սահմանները։
9 Սահմանագիծն այնտեղից թող անցնի մինչեւ Եփրոնի մերձակայքը եւ հասնի մինչեւ Ասիռնային։ Սրանք թող լինեն ձեր հիւսիսային սահմանները։
10 Ձեր արեւելեան սահմանները պէտք է անցնեն Ասիռնայինից մինչեւ Սեպփամար։
11 Այս սահմանագիծը Սեպփամարից թող ձգուի մինչեւ Բեղա՝ աղբիւրների արեւելեան կողմը, Բեղայից թող ձգուի մինչեւ Քենարի ծովի արեւելեան կողմը։
12 Սահմանագիծն այնուհետեւ թող ձգուի մինչեւ Յորդանան գետը՝ հասնելով մինչեւ Մեռեալ ծով։ Այդ բովանդակ երկիրն ու նրա շրջակայքը ձեզ թող պատկանեն։
13 Մովսէսը պատուիրեց իսրայէլացիներին ու ասաց. Սա է այն երկիրը, որ պիտի ժառանգէք վիճակ գցելով։ Ինչպէս Տէրն է հրամայել, այն պիտի տրուի ինը ցեղերին ու Մանասէի կէս ցեղին,
14 որովհետեւ Ռուբէնի ու Գադի ցեղերը, ըստ իրենց նահապետների ընտանիքների,
15 եւ Մանասէի կէս ցեղը իրենց բաժինն ստացել էին Յորդանան գետի այն կողմում, Երիքովի դիմաց, հարաւից դէպի արեւելք ձգուող մասում։
16 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց. Սրանք են այն մարդկանց անունները,
17 որոնք ձեզ պիտի բաժանեն Քանաան երկիրը. Եղիազար քահանայ եւ Նաւէի որդի Յեսու։
18 Ամէն մի ցեղից վերցրէ՛ք մէկական իշխան, որոնք երկիրը պիտի բաժանեն ձեր միջեւ։
19 Սրանք են այդ մարդկանց անունները. Յուդայի ցեղից՝ Յեփոնէի որդի Քաղէբ,
20 Շմաւոնի ցեղից՝ Էմիուդի որդի Սաղամիէլ,
21 Բենիամինի ցեղից՝ Քասղոդի որդի Ելդադ,
22 Դանի ցեղից՝ Եգղիի որդի իշխան Բակքիր,
23 Յովսէփի որդիներից Մանասէի ցեղից՝ Սուփիցի որդի իշխան Անիէլ,
24 Եփրեմի ցեղից՝ Սաբաթի որդի իշխան Կամուէլ,
25 Զաբուղոնի ցեղից՝ Փառնաքի որդի իշխան Եղիսափան,
26 Իսաքարի ցեղից՝ Ոզիայի որդի իշխան Փաղտիէլ,
27 Ասերի ցեղից՝ Սելեմիի որդի իշխան Աքիոր,
28 Նեփթաղիմի ցեղից՝ Մէուդի որդի իշխան Փագայէլ։
29 Տէրը սրանց հրամայեց Քանանացիների երկիրը բաժանել իսրայէլացիների միջեւ։