ԹՈՒԵՐ. Chapter 26

1 Այդ կոտորածից յետոյ Տէրը խօսեց Մովսէսի ու Եղիազար քահանայի հետ եւ ասաց.
2 Հաշուառման ենթարկեցէ՛ք իսրայէլացիների քսան տարեկանից բարձր մարդկանց ըստ իրենց նահապետների ընտանիքների, բոլոր նրանց, ովքեր ընդունակ են պատերազմելու։
3 Մովսէսն ու Եղիազար քահանան Մովաբացիների երկրի Ռաբոթ շրջանում, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց ասացին իսրայէլացիներին.
4 Դուք՝ Եգիպտոսից ելած իսրայէլացիներդ, հաշուառման ենթարկեցէ՛ք քսան տարեկանից բարձր մարդկանց, ինչպէս Տէրը հրամայել է Մովսէսին։
5 Հաշուառման ենթարկուեցին Ռուբէնը՝ Իսրայէլի անդրանիկ որդին, Ռուբէնի որդիներ Ենոքը եւ Ենոքի ընտանիքը, Փալլուսը եւ Փալլուսի ընտանիքը,
6 Ասրոմը եւ Ասրոմի ընտանիքը, Քարմին եւ Քարմիի ընտանիքը։
7 Սա Ռուբէնի տոհմն է. նրանց թիւը քառասուներեք հազար եօթը հարիւր երեսուն է։
8 Փալլուսի որդի Եղիաբը, Եղիաբի որդիներ Յամուէլը, Դաթանը եւ Աբիրոնը։
9 Սրանք իսրայէլացիների մէջ երեւելի մարդիկ էին. սրանք են, որ Տիրոջ դէմ ապստամբել էին, երբ Կորխի յետնորդների հետ յարձակուել էին Մովսէսի ու Ահարոնի վրայ,
10 եւ երկիրը բացելով իր երախը՝ կուլ էր տուել նրանց ու Կորխին իր ժողովրդի հետ։ Կրակը լափել էր երկու հարիւր յիսուն հոգի, որպէսզի միւսների համար դա դաս լինի։ Կորխի որդիները, սակայն, չմեռան։
11 Հաշուառման ենթարկուեցին Շմաւոնի որդիները եւ Շմաւոնի որդիների տոհմերը.
12 Յամուէլը եւ Յամուէլի շառաւիղը, Յամինը եւ Յամինի շառաւիղը, Յաքինը եւ Յաքինի շառաւիղը,
13 Զարան եւ Զարայի շառաւիղը, Մաւուլը եւ Մաւուլի շառաւիղը։
14 Սրանք են Շմաւոնի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին քսաներկու հազար երեք հարիւր հոգի։
15 Հաշուառման ենթարկուեցին Յուդայի որդիները՝ Էրը, Օնանը, Սելոմը, Փարէսը եւ Զարան։ Էրն ու Օնանը մեռան Քանանացիների երկրում։
16 Յուդայի որդիներն ու նրանց շառաւիղներն են՝ Սելոմը եւ Սելոմի շառաւիղը, Փարէսը եւ Փարէսի շառաւիղը, Զարան եւ Զարայի շառաւիղը։
17 Փարէսի որդիներ Ասրոնը եւ Ասրոնի շառաւիղը, Յամուէլը եւ Յամուէլի շառաւիղը։
18 Սրանք են Յուդայի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին եօթանասունվեց հազար հինգ հարիւր հոգի։
19 Հաշուառման ենթարկուեցին Իսաքարի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Թողան եւ Թողայի շառաւիղը, Փուան եւ Փուայի շառաւիղը, Յասուբը եւ Յասուբի շառաւիղը, Ամրանը եւ Ամրանի շառաւիղը։
20 Սրանք են Իսաքարի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին վաթսունչորս հազար երկու հարիւր հոգի։
21 Այնուհետեւ՝ Զաբուղոնի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Սարեդը եւ Սարեդի շառաւիղը, Ալլոնը եւ Ալլոնի շառաւիղը, Աղէլը եւ Աղէլի շառաւիղը։
22 Սրանք են Զաբուղոնի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին վաթսուն հազար հինգ հարիւր հոգի։
23 Այնուհետեւ՝ Գադի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Սափոնը եւ Սափոնի շառաւիղը, Անգին եւ Անգիի շառաւիղը, Սունին եւ Սունիի շառաւիղը,
24 Ազենին եւ Ազենիի շառաւիղը, Ադդին եւ Ադդիի շառաւիղը,
25 Արուադին եւ Արուադիի շառաւիղը, Արիէլը եւ Արիէլի շառաւիղը։
26 Սրանք են Գադի որդիների տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին քառասունչորս հազար հինգ հարիւր հոգի։
27 Այնուհետեւ՝ Ասերի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Յամինը եւ Յամինի շառաւիղը, Յեսուն եւ Յեսուի շառաւիղը, Բարիան եւ Բարիայի շառաւիղը,
28 Քոբէրը եւ Քոբէրի շառաւիղը, Մելքիէլը եւ Մելքիէլի շառաւիղը։
29 Ասերի դստեր անունն էր Սարա։
30 Սրանք են Ասերի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին քառասուներեք հազար վեց հարիւր հոգի։
31 Այնուհետեւ՝ Յովսէփի որդիները եւ նրանց շառաւիղները՝ Մանասէն եւ Եփրեմը։
32 Այնուհետեւ՝ Մանասէի որդիներ Մաքիրը եւ Մաքիրի շառաւիղը։ Մաքիրը ծնեց Գաղաադին։ Գաղաադը եւ Գաղաադի շառաւիղը։
33 Այնուհետեւ՝ Գաղաադի որդիներ Աքիեզերը եւ Աքիեզերի շառաւիղը, Քեղէգը եւ Քեղէգի շառաւիղը,
34 Եսրիէլը եւ Եսրիէլի շառաւիղը, Սիւքէմը եւ Սիւքէմի շառաւիղը,
35 Սիմային եւ Սիմայիի շառաւիղը, Ոփերը եւ Ոփերի շառաւիղը։
36 Ոփերի որդի Սաղպաադը արու զաւակներ չունեցաւ, այլ՝ դուստրեր։ Սաղպաադի դուստրերի անուններն են՝ Մաաղա, Նուա, Էգղա, Մեղքա եւ Թերսա։
37 Սրանք են Մանասէի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին յիսուներկու հազար եօթը հարիւր հոգի։
38 Այնուհետեւ՝ Եփրեմի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Սուտաղան եւ Սուտաղայի շառաւիղը, Տանաքը եւ Տանաքի շառաւիղը։
39 Սուտաղայի որդի Եդենը եւ Եդենի շառաւիղը։
40 Սրանք են Եփրեմի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին երեսուներկու հազար հինգ հարիւր հոգի։ Ահա սրանք են Յովսէփի որդիներն ու նրանց շառաւիղները։
41 Այնուհետեւ՝ Բենիամինի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Բալէն եւ Բալէի շառաւիղը, Ասիբերը եւ Ասիբերի շառաւիղը, Յաքիրանը եւ Յաքիրանի շառաւիղը,
42 Սափանը եւ Սափանի շառաւիղը։
43 Բալէի որդիներն են՝ Ադարը, Նոյեմանը եւ Նոյեմանի շառաւիղը։
44 Սրանք են Բենիամինի որդիներն ու նրանց շառաւիղները, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին երեսունհինգ հազար հինգ հարիւր հոգի։
45 Այնուհետեւ՝ Դանի որդիներն ըստ իրենց շառաւիղների. Սամին եւ Սամիի շառաւիղը։ Սրանք են Դանի տոհմերը ըստ իրենց շառաւիղների։
46 Սամիի տոհմերը, ըստ հաշուառման, կազմեցին վաթսունչորս հազար վեց հարիւր հոգի։
47 Այնուհետեւ՝ Նեփթաղիմի որդիներն ու նրանց շառաւիղները՝ Ասիէլը եւ Ասիէլի շառաւիղը, Գօնին ու Գօնիի շառաւիղը,
48 Յեսերը եւ Յեսերի շառաւիղը, Սելլեմը եւ Սելլեմի շառաւիղը։
49 Սրանք են Նեփթաղիմի ցեղի տոհմերը, որոնք, ըստ հաշուառման, կազմեցին քառասուն հազար երեք հարիւր հոգի։
50 Իսրայէլացիների ընդհանուր թիւը, այսպիսով, եղաւ վեց հարիւր մէկ հազար եօթը հարիւր երեսուն։
51 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
52 Ըստ մարդկանց թուի սրանց միջեւ թող բաժանուի երկիրը որպէս սեփականութիւն։
53 Նրանց քանակին համապատասխան պէտք է աւելանայ նրանց բաժինը եւ, սակաւութեան համեմատ, նուազի նրանց բաժինը։ Թող իւրաքանչիւրին ժառանգութեան բաժին տրուի ըստ հաշուառման։
54 Երկիրը թող բաժանուի վիճակ գցելով. ըստ անունների, ըստ իրենց նահապետների ցեղերի թող բաժին ստանան։
55 Բազմանդամ ու սակաւաթիւ ընտանիքները վիճակ գցելով թող ստանան իրենց բաժինը։
56 Ահա հաշուառման ենթարկուած Ղեւիի որդիներն ըստ իրենց տոհմերի. Գեթսոնը եւ Գեթսոնի շառաւիղը, Կահաթը եւ Կահաթի շառաւիղը, Մերարին եւ Մերարիի շառաւիղը։
57 Սրանք են Ղեւիի որդիների ենթատոհմերը. Ղոբենիի շառաւիղը, Քեբրոնի շառաւիղը, Կորխի շառաւիղը եւ Մուսիի շառաւիղը։
58 Կահաթը ծնեց Ամրամին։ Նրա կնոջ անունն էր Յոքաբեթ, որ Ղեւիի դուստրն էր եւ որը Ղեւիի ցեղի համար Եգիպտոսում Ամրամից ունեցաւ Ահարոնին, Մովսէսին ու Մարիամին՝ նրանց քրոջը։
59 Ահարոնը ծնեց Նաբադին ու Աբիուդին, Եղիազարին ու Իթամարին։
60 Նաբադն ու Աբիուդը մեռան, երբ Տիրոջ առաջ օտար կրակ էին մատուցում Սինայի անապատում։
61 Ղեւիի ցեղի մէկ ամսականից բարձր արական սեռին պատկանողների թիւը, ըստ հաշուառման, կազմեց քսաներեք հազար հոգի։ Սրանք հաշուառման ենթարկուած իսրայէլացիների մէջ չընդգրկուեցին, քանի որ, ի տարբերութիւն իսրայէլացիների, հողաբաժին չէր հասնում նրանց։
62 Այս է Մովաբացիների երկրի Ռաբոթ շրջանում, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց Մովսէսի ու Եղիազար քահանայի կատարած իսրայէլացիների հաշուառումը։
63 Սրանց մէջ չկար իսրայէլացիներից որեւէ մարդ, որ հաշուառման ենթարկուած չլինէր Սինայի անապատում Մովսէսի եւ Ահարոնի կողմից,
64 քանի որ Տէրը նրանց մասին ասել էր, թէ՝ Անապատում իսպառ պիտի մեռնեն։ Եւ, իրօք, նրանցից ոչ ոք չմնաց, բացի Յեփոնէի որդի Քաղէբից ու Նաւէի որդի Յեսուից։