ԹՈՒԵՐ. Chapter 10

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
2 Արծաթից երկու կռածոյ շեփոր կը պատրաստես։ Դրանք թող ծառայեն ժողովրդին ի մի հաւաքելու եւ բանակատեղիների բնակիչներին երթի հանելու համար։
3 Երբ երկու շեփոր հնչեցնեն, ամբողջ ժողովուրդը պէտք է հաւաքուի վկայութեան խորանի դռանը։
4 Եթէ մէկ շեփոր հնչեցնեն, թող քեզ ներկայանան իշխանները՝ իսրայէլացիների հրամանատարները։
5 Երբ շեփորը առաջին անգամ հնչեցնեն, ճանապարհ թող ընկնեն արեւելեան մասում բանակատեղի դրած գնդերը։
6 Երբ երկրորդ անգամ հնչեցնեն շեփորը, ճանապարհ թող ընկնեն հարաւային մասում բանակատեղի դրած գնդերը։ Երբ երրորդ անգամ հնչեցնեն շեփորը, ճանապարհ թող ընկնեն արեւմտեան մասում բանակատեղի դրած գնդերը։ Երբ չորրորդ անգամ հնչեցնեն շեփորը, ճանապարհ թող ընկնեն հիւսիսային մասում բանակատեղի դրած գնդերը։ Գնդերը թող ճանապարհ ընկնեն ըստ շեփորի ազդարարութեան։
7 Երբ ժողովրդին հաւաքելու լինէք, շեփոր կը հնչեցնէք, բայց ոչ տագնապի։
8 Շեփորը պէտք է հնչեցնեն քահանաները՝ Ահարոնի որդիները։ Դա սերնդէսերունդ փոխանցուող յաւիտենական օրէնք պէտք է լինի ձեզ համար։
9 Եթէ ձեր երկրում պատերազմի ելնէք ձեզ ընդդիմադիր թշնամիների դէմ, շեփոր կը հնչեցնէք, կը յիշուէք Տիրոջ առաջ եւ կը փրկուէք ձեր թշնամիներից։
10 Շեփոր կը հնչեցնէք ձեր ուրախութեան օրերին, ամսուայ առաջին օրերին, ինչպէս նաեւ ողջակէզներ եւ փրկութեան համար զոհեր մատուցելիս։ Եւ Աստուած կը յիշի ձեզ։ Ես եմ ձեր Տէր Աստուածը։
11 Եգիպտոսից իսրայէլացիների դուրս գալու երկրորդ տարուայ երկրորդ ամսի քսանին ամպը վերացաւ վկայութեան խորանի վրայից։
12 Իսրայէլացիներն իրենց ամբողջ բազմութեամբ դուրս եկան Սինայի անապատից։ Ամպը կանգ առաւ Փառանի անապատում։
13 Իսրայէլացիները ճանապարհ էին ընկնում, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսի միջոցով։
14 Նախ ճանապարհ ընկան Յուդայի ցեղին պատկանող գնդերն իրենց զօրքով։ Սրանց զօրքի առաջնորդը Ամինադաբի որդի Նաասոնն էր։
15 Իսաքարի ցեղի զօրքի առաջնորդը Սոգարի որդի Նաթանայէլն էր։
16 Զաբուղոնի ցեղի զօրքի առաջնորդը Քելոնի որդի Եղիաբն էր։
17 Սրանց հետեւեցին Գերսոնի ու Մերարիի որդիները, որոնք իջեցնում կամ ուսերի վրայ կրում-տանում էին խորանը։
18 Ապա իրենց զօրքով շարժուեցին Ռուբէնի ցեղի գնդերը։ Նրանց զօրքի առաջնորդը Սեդիուրի որդի Եղիսուրն էր։
19 Շմաւոնի ցեղի զօրքի առաջնորդը Սուրիսադայի որդի Սաղամիէլն էր։
20 Գադի ցեղի զօրքի առաջնորդը Ռագուէլի որդի Եղիսափանն էր։
21 Շարժուեցին նաեւ Կահաթի որդիները, որոնք պէտք է փոխադրէին սուրբ սպասքը եւ կանգնեցնէին խորանը, մինչեւ որ հասնէին միւսները։
22 Ապա իրենց զօրքով շարժուեցին Եփրեմի բանակի գնդերը։ Նրանց զօրքի առաջնորդը Եմիուդի որդի Եղիսաման էր։
23 Մանասէի ցեղի զօրքի առաջնորդը Փադասուրի որդի Գամաղիէլն էր։
24 Բենիամինի ցեղի զօրքի առաջնորդը Գեդէոնի որդի Աբիդանն էր։
25 Դանի ցեղի գնդերն իրենց զօրքով ճանապարհ ընկան բոլորից յետոյ։ Նրանց զօրքի առաջնորդը Ամիսադայի որդի Աքիեզերն էր։
26 Ասերի ցեղի զօրքի առաջնորդը Եքրանի որդի Փագեէլն էր։
27 Նեփթաղիմի ցեղի զօրքի առաջնորդը Ենանի որդի Աքիրանն էր։
28 Ահա սրանք են իսրայէլացիների զօրքերը։ Իսրայէլացիները ճանապարհ ընկան իրենց զօրքով։
29 Մովսէսը մադիանացի Ռագուէլի որդի Յոբաբին՝ իր աներոջը, ասաց. Ահա մենք շարժւում ենք դէպի այն տեղը, որ Աստուած խոստացաւ մեզ տալ։ Դու էլ արի՛ մեզ հետ, մենք քեզ լաւութիւն կ՚անենք, որովհետեւ Տէրը բարիք է խոստացել իսրայէլացիներին։
30 Նա պատասխանեց. Ես չեմ գնայ այնտեղ, այլ կը գնամ իմ երկիրն ու իմ ազգականների մօտ։
31 Մովսէսն ասաց նրան. Մեզ մի՛ լքիր, չէ՞ որ մեզ հետ էիր անապատում։ Որպէս աւագ մեր խորհրդատուն կը լինես։
32 Եթէ մեզ հետ գաս, ինչ բարիք որ մեզ անի Տէրը, նոյն բարիքն էլ մենք քեզ կ՚անենք։
33 Իսրայէլացիները Տիրոջ լեռից հեռացան երեք օրուայ ճանապարհ։ Այդ երեք օրուայ ընթացքում Տիրոջ ուխտի տապանակը գնում էր առջեւից՝ նրանց համար հանգստանալու տեղ գտնելու նպատակով։
34 Տապանակը ճանապարհ ընկնելիս Մովսէսն ասում էր. Վե՛ր կաց, Տէ՜ր, որ ցանուցիր լինեն քո թշնամիները, փախուստի մատնուեն բոլոր քեզ ատողները։
35 Իսկ երբ տապանակը դադար էր առնում, ասում էր. Տէ՜ր, դարձի՛ր դէպի հազարաւոր ու բիւրաւոր իսրայէլացիները։
36 Բանակատեղիից հեռանալու ժամանակ ամպը ցերեկը հովանի էր անում նրանց վրայ։