ԹՈՒԵՐ. Chapter 31

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
2 Իսրայէլացիների վրէժը մադիանացիներից ա՛ռ եւ դրանից յետոյ միացի՛ր քո ժողովրդի մեռելներին։
3 Մովսէսը, դիմելով ժողովրդին, ասաց. Ձեր միջից մարդկանց զինեցէ՛ք, որ պատերազմեն մադիանացիների դէմ Տիրոջ առաջ, որպէսզի լուծուի մադիանացիների դէմ Տիրոջ վրէժը։
4 Իսրայէլացիների իւրաքանչիւր ցեղից հազար տղամարդ ուղարկեցէ՛ք, որպէսզի նրանք պատերազմ մղեն։
5 Բազմահազար իսրայէլացիների ամէն մի ցեղից ընտրեցին հազար տղամարդ, ընդամէնը տասներկու հազար մարդ՝ զինուած պատերազմելու համար։
6 Մովսէսը իւրաքանչիւր ցեղից ուղարկեց հազարական տղամարդ իրենց զէնքով հանդերձ, նրանց հետ նաեւ Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդի Փենեէսին՝ նրանց ձեռքը յանձնելով սուրբ սպասքն ու ազդարարութեան շեփորները։
7 Եւ նրանք ճակատամարտ մղեցին մադիանացիների դէմ, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։ Նրանք կոտորեցին արական սեռի բոլոր մարդկանց.
8 բացի սրախողխող եղած մադիանացիներից, նրանք սպանեցին նաեւ մադիանացիների թագաւորներ Եւինին, Սուրին, Րոկոմին, Ուրին եւ Ռոբոքին՝ Մադիամի հինգ թագաւորներին։ Բացի նրանց կոտորելուց, սրախողխող արեցին Բէորի որդի Բաղաամին,
9 գերեվարեցին Մադիամի կանանց, նրանց զաւակներին, քշեցին տարան նրանց անասունները, նրանց ամբողջ ունեցուածքն ու գոյքը աւար առան։
10 Հրկիզեցին նրանց բոլոր քաղաքները՝ տներով հանդերձ, ինչպէս նաեւ նրանց աւանները։
11 Գերեվարեցին ու աւար առան նրանց ամէն ինչը՝ մարդ թէ անասուն։
12 Գերիներին, բանակի կողոպուտն ու աւարը բերեցին Մովսէսի, Եղիազար քահանայի եւ բոլոր իսրայէլացիների մօտ՝ Մովաբի Ռաբոթ կոչուող վայրը, որը գտնւում է Երիքովի դիմաց, Յորդանան գետի եզերքին։
13 Մովսէսն ու Եղիազար քահանան եւ ժողովրդի բոլոր իշխանները բանակատեղիից դուրս ելան նրանց ընդառաջ։
14 Մովսէսը բարկացաւ զօրահրամանատարների՝ ռազմադաշտից վերադարձած հազարապետների ու հարիւրապետների վրայ՝ ասելով.
15 Ինչո՞ւ էք կենդանի թողել բոլոր կանանց։
16 Չէ՞ որ սրանք էին, որ Բաղաամի խորհրդով կոտորեցին իսրայէլացիներին, որոնք յանուն Փոգորի շեղուեցին Տիրոջից եւ արհամարհեցին նրա խօսքը, եւ Տիրոջ ժողովուրդն ստացաւ այդ պատիժը։
17 Արդ, կոտորեցէ՛ք արական սեռի բոլոր մարդկանց, նաեւ այն բոլոր կանանց, որոնք կենակցել են տղամարդու հետ։
18 Կը խնայէք միայն այն կանանց, որոնք տղամարդու հետ չեն կենակցել։
19 Իսկ դուք եօթը օր բանակատեղիից դուրս կը բնակուէք։ Ով որ սպանել է կամ ձեռք տուել դիակի, թող մաքրուած համարուի երրորդ կամ եօթներորդ օրը։ Մաքրուեցէ՛ք դուք եւ ձեր գերիները,
20 մաքրեցէ՛ք բոլոր հագուստները, կաշուէ բոլոր անօթները, մազից գործած ու փայտից պատրաստուած ամէն ինչ։
21 Եղիազար քահանան ասաց ռազմադաշտից վերադարձած զինուորներին. Այս է Օրէնքի կարգը, որ Տէրը տուել է Մովսէսին։
22 Ոսկուց, արծաթից, պղնձից, երկաթից, կապարից ու անագից բացի,
23 այն ամէնը, ինչ հրակայուն է, թող հրով մաքրուի, ապա եւ սրբազան ջրով, իսկ ինչ որ կրակի չի դիմանայ, թող ջրով մաքրուի։
24 Ձեր զգեստները եօթներորդ օրը լուալով՝ մաքուր կը լինէք, որից յետոյ կը մտնէք բանակատեղի։
25 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
26 Դու, Եղիազար քահանան եւ ժողովրդի ցեղերի իշխանները կազմեցէ՛ք գերուածների եւ աւարի ցանկը՝ մարդուց մինչեւ անասուն։
27 Աւարը բաժանեցէ՛ք պատերազմին մասնակցածների եւ ամբողջ ժողովրդի միջեւ։
28 Պատերազմին մասնակցածներին բաժին ընկած հինգ հարիւր գերիներից մէկին կ՚ընծայէք Տիրոջը։ Նոյնը նաեւ անասունների վերաբերեալ՝ լինի արջառ, ոչխար ու այծ։
29 Այս ամենի կէսը կ՚առնես ու կը տաս Եղիազար քահանային իբրեւ Տիրոջը մատուցուելիք նուէր,
30 իսկ իսրայէլացիներին հասնող բաժնի կէսի ամէն յիսուն գերիներից եւ բոլոր անասուններից՝ արջառից, ոչխարից, էշից մէկը կը յանձնես ղեւտացիներին, որոնք սպասարկում են Տիրոջ խորանը։
31 Մովսէսն ու Եղիազար քահանան արեցին այնպէս, ինչպէս Տէրը հրամայել էր Մովսէսին։
32 Պատերազմին մասնակցած տղամարդկանց բերած աւարի մնացած մասը կազմեց վեց հարիւր եօթանասունհինգ հազար ոչխար,
33 եօթանասուներկու հազար արջառ,
34 վաթսունմէկ հազար էշ։
35 Գերեվարուած աղջիկների թիւը երեսուներկու հազար էր, որոնք դեռ չէին կենակցել տղամարդու հետ։
36 Պատերազմին մասնակցածներին հասած աւարը կազմեց երեք հարիւր երեսունեօթը հազար հինգ հարիւր ոչխար,
37 որոնցից Տիրոջը որպէս հաս տրուեց վեց հարիւր եօթանասունհինգ ոչխար,
38 երեսունվեց հազար արջառից Տիրոջը որպէս հաս տրուեց եօթանասուներկու արջառ,
39 երեսուն հազար հինգ հարիւր էշից Տիրոջը որպէս հաս տրուեց վաթսունմէկ էշ,
40 իսկ գերեվարուած մարդկանց թիւը կազմեց տասնվեց հազար, որից Տիրոջը որպէս հաս տրուեց երեսուներկու հոգի։
41 Մովսէսը Տիրոջ հասը՝ Աստծու նուէրը յանձնեց Եղիազար քահանային, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։
42 Դա ստացուել էր իսրայէլացիներին հասնող աւարի կէսից, որ Մովսէսն առանձնացրել էր պատերազմի մասնակիցների բաժնից։
43 Դա կազմեց երեք հարիւր երեսունեօթը հազար հինգ հարիւր ոչխար,
44 երեսունվեց հազար արջառ,
45 երեսուն հազար հինգ հարիւր էշ
46 եւ տասնվեց հազար մարդ։
47 Մովսէսը իսրայէլացիներին հասնող աւարի կէսի իւրաքանչիւր յիսուն մարդուց եւ անասունից վերցրեց մէկին եւ տուեց ղեւտացիներին, որոնք սպասարկում էին Տիրոջ խորանը, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին։
48 Մովսէսին ներկայացան բոլոր զօրահրամանատարները՝ հազարապետներն ու հարիւրապետները,
49 եւ ասացին նրան. Մենք՝ քո ծառաները, հաշուառման ենթարկեցինք ռազմիկներին եւ տեսանք, որ նրանցից ոչ ոք չի պակասում։
50 Դրա համար Տիրոջը որպէս ընծայ բերել ենք ինչ որ գտնւում է իւրաքանչիւրիս մօտ՝ ոսկէ տուփ, ապարանջան, մատանի, մանեակ եւ ընդելուզուած ծամկալ, որպէսզի Տիրոջից քաւութիւն ստանանք։
51 Մովսէսն ու Եղիազար քահանան նրանցից վերցրին ոսկեղէնը՝ ձեռագործ բոլոր անօթները։
52 Հազարապետների կողմից Տիրոջը որպէս հաս տրուած ամբողջ ոսկին կազմեց տասնվեց հազար եօթը հարիւր յիսուն սիկղ։
53 Իւրաքանչիւր ռազմիկին աւարից մաս հասաւ։
54 Մովսէսն ու Եղիազար քահանան, հազարապետներից ու հարիւրապետներից առնելով ոսկին, տարան վկայութեան խորան որպէս իսրայէլացիների յիշատակ Տիրոջ առաջ։