ԹՈՒԵՐ. Chapter 22

1 Իսրայէլացիներն այնտեղից դուրս գալով՝ բանակատեղի դրեցին Մովաբի արեւմտեան մասում, Յորդանան գետի մօտ, Երիքովի դիմաց։
2 Սեպփորի որդի Բաղակը տեսաւ այն ամէնը, ինչ իսրայէլացիներն արել էին ամորհացիներին։
3 Մովաբացիները խիստ վախեցան այդ ժողովրդից, որովհետեւ նրանք շատ էին։ Մովաբացիները վախեցան իսրայէլացիներից,
4 ուստի նրանք ասացին Մադիամի ծերակոյտին. Հիմա իսրայէլացիները մեր շրջակայքում գտնուող ամէն ինչ լափում են այնպէս, ինչպէս արջառն է խժռում դաշտի դալար խոտը։ Սեպփորի որդի Բաղակն այդ ժամանակ մովաբացիների արքան էր։
5 Նա պատգամաւորներ ուղարկեց Բէորի որդի Բաղաամի մօտ, Փաթուրն քաղաքը, իր ազգակիցների երկիրը, գետեզերքի մօտ, որպէսզի կանչի նրան ու ասի. Ահա մի ժողովուրդ է դուրս ելել Եգիպտոսից, ծածկել երկրի երեսը եւ իջեւանել ինձ մօտ։
6 Արդ, արի՛ ինձ համար անիծի՛ր այս ժողովրդին, որովհետեւ ինձանից ուժեղ է նա։ Թերեւս կարողանանք կոտորել նրանցից շատերին ու հալածել մեր երկրից։ Գիտեմ, որ այն, ինչ դու օրհնում ես, օրհնուած է, եւ ինչ դու անիծում ես՝ անիծուած է։
7 Մովաբացիների ծերակոյտն ու Մադիամի ծերակոյտը գնացին։ Նրանց ձեռքում կար բախտագուշակութիւնների համար տրուելիք վարձը։ Նրանք եկան Բաղաամի մօտ եւ յայտնեցին Բաղակի պատգամները։
8 Բաղաամն ասաց նրանց. Այս գիշեր մնացէ՛ք այստեղ, եւ ես պատասխան կը տամ այն բաների մասին, ինչ Տէրը կը յայտնի ինձ։ Եւ մովաբացի իշխանները գիշերեցին Բաղաամի մօտ։
9 Աստուած եկաւ Բաղաամի մօտ եւ նրան ասաց. Ովքե՞ր են այս մարդիկ, որ քեզ մօտ են։
10 Բաղաամը պատասխանեց Աստծուն. Մովաբացիների արքայ Սեպփորի որդի Բաղակն է ուղարկել նրանց ինձ մօտ եւ ասել.
11 Ահա մի ժողովուրդ է դուրս ելել Եգիպտոսից, ծածկել երկրի երեսը եւ իջեւանել ինձ մօտ։ Արդ, արի՛ ինձ համար անիծի՛ր նրանց, որպէսզի թերեւս կարողանամ նրանց կոտորելով՝ հալածել իմ երկրից։
12 Աստուած ասաց Բաղաամին. Մի՛ գնա նրանց հետ եւ մի՛ անիծիր ժողովրդին, որովհետեւ նա օրհնեալ է։
13 Առաւօտեան վեր կենալով՝ Բաղաամն ասաց Բաղակի իշխաններին. Վերադարձէ՛ք ձեր տիրոջ մօտ, որովհետեւ Աստուած թոյլ չի տալիս ինձ, որ գամ ձեզ հետ։
14 Մովաբացի իշխանները, վեր կենալով, եկան Բաղակի մօտ ու ասացին. Բաղաամը չկամեցաւ գալ մեզ հետ։
15 Բաղակը սրանցից էլ աւելի շատ եւ պատուաւոր իշխաններ ուղարկեց։
16 Բաղաամի մօտ գալով՝ նրանք ասացին. Այսպէս է ասում Սեպփորի որդի Բաղակը. Աղաչում եմ քեզ, շտապ ինձ մօտ արի՛,
17 որովհետեւ մեծապէս պատուելու եմ քեզ, եւ ինչ էլ ասես, կ՚անեմ քեզ համար։ Արդ, արի՛ ինձ համար անիծի՛ր այս ժողովրդին։
18 Պատասխան տալով՝ Բաղաամն ասաց Բաղակի իշխաններին. Եթէ Բաղակն ինձ անգամ իր տնով լիքը արծաթ ու ոսկի տայ, ես չեմ կարող ոտնահարել Տէր Աստծու խօսքը, Տիրոջը հակառակ մեծ կամ փոքր բան կատարել։
19 Արդ, այս գիշեր մնացէ՛ք այստեղ, որպէսզի իմանամ, թէ Տէրը էլ ինչ կ՚ասի ինձ։
20 Գիշերն Աստուած եկաւ Բաղաամի մօտ եւ ասաց նրան. Քանի որ քեզ կանչելու համար են եկել այս մարդիկ, վեր կաց գնա՛ նրանց հետ, բայց կ՚անես այն, ինչ ես կ՚ասեմ քեզ։
21 Բաղաամն առաւօտեան վեր կենալով՝ համետեց իր էշը եւ գնաց մովաբացի իշխանների հետ։
22 Աստուած խիստ բարկացաւ, որ նա գնում է։ Աստծու հրեշտակը եկաւ, կանգնեց նրա առաջ որպէս հակառակորդ։ Բաղաամը նստել էր իր էշի վրայ, եւ նրա հետ էին իր երկու ծառաները։
23 Երբ էշը տեսաւ, որ Աստծու հրեշտակը մերկացրած սուրը ձեռքին փակել է ճանապարհը, մի կողմ քաշուեց ճանապարհից եւ գնում էր դաշտի միջով։ Բաղաամը գաւազանով հարուածեց էշին, որպէսզի ուղղի նրան դէպի ճանապարհը։
24 Աստծու հրեշտակը կանգնեց այգիների առուամիջին։ Այգիները այս ու այն կողմից ցանկապատեր ունէին։
25 Էշը տեսնելով Աստծու հրեշտակին՝ նետուեց պատի կողմը եւ ճզմեց Բաղաամի ոտքը։ Նա սկսեց աւելի սաստիկ հարուածել էշին։
26 Աստծու հրեշտակը դարձեալ գնաց կանգնեց նեղ տեղում, որտեղից էշն այլեւս չէր կարող աջ կամ ձախ թեքուել։
27 Էշը տեսնելով Աստծու հրեշտակին՝ կքեց Բաղաամի տակ։ Բաղաամը բարկացաւ եւ էշին հարուածեց գաւազանով։
28 Աստուած բացեց էշի լեզուն, եւ էշն ասաց Բաղաամին. Քեզ ի՞նչ եմ արել, որ երրորդ անգամ հարուածում ես ինձ։
29 Բաղաամն էշին ասաց. Որովհետեւ ինձ ծաղրուծանակի ենթարկեցիր։ Եթէ սուր լինէր ձեռքիս, կը խոցոտէի քեզ։
30 Էշն ասաց Բաղաամին. Ես այն էշը չե՞մ, որի վրայ դու հեծել ես քո մանկութեան օրից մինչեւ այսօր։ Ես երբեւէ ծուլացե՞լ եմ ու քեզ այսպէս ծառայել։
31 Նա պատասխանեց՝ ո՛չ։ Աստուած բացեց Բաղաամի աչքերը, եւ նա տեսաւ, որ Տիրոջ հրեշտակը մերկացրած սուրը ձեռքին կանգնած է ճանապարհի վրայ։ Նա երեսնիվայր ընկնելով՝ երկրպագեց։
32 Աստծու հրեշտակն ասաց նրան. Ինչո՞ւ երրորդ անգամ հարուածեցիր քո էշին։ Ես, ահա, քեզ խանգարելու եմ, որովհետեւ դու ուղիղ ճանապարհի վրայ կանգնած չես։
33 Էշդ ինձ տեսաւ ու երրորդ անգամ լինելով մի կողմ քաշուեց, եւ եթէ ինձնից չխուսափէր, հիմա ես քեզ սպանած կը լինէի, իսկ դրան կը թողնէի կենդանի։
34 Բաղաամն ասաց Տիրոջ հրեշտակին. Մեղք եմ գործել, որովհետեւ չգիտէի, թէ դու էիր ճանապարհս փակողը։ Արդ, եթէ քեզ ցանկալի չէ գնալս, կը վերադառնամ։
35 Աստծու հրեշտակն ասաց Բաղաամին. Գնա՛ այս մարդկանց հետ, բայց զգո՛յշ եղիր եւ խօսի՛ր այն, ինչ ասելու եմ քեզ։ Բաղաամը գնաց Բաղակի իշխանների հետ։
36 Բաղակը լսելով, որ գալիս է Բաղաամը, ընդառաջ գնաց նրան մովաբացիների քաղաքում, որը Առնոնի՝ մովաբացիների սահմանի մօտ է։
37 Բաղակն ասաց Բաղաամին. Մարդ չե՞մ ուղարկել, որ քեզ կանչեն ինձ մօտ։ Ինչո՞ւ չէիր գալիս ինձ մօտ. կարծում էիր, թէ ի վիճակի չէ՞ի քեզ պատուելու։
38 Բաղաամը պատասխանեց Բաղակին. Ահա եկել եմ քեզ մօտ։ Արդ, կարո՞ղ եմ մի բան ասել։ Բայց կ՚ասեմ այն, ինչ Աստուած կը դնի իմ բերանը։
39 Բաղաամը գնաց Բաղակի հետ եւ հասաւ ամարանոցային քաղաքը։
40 Բաղակը արջառ ու ոչխար մորթեց եւ ուղարկեց Բաղաամին ու այն իշխաններին, որ նրա հետ էին։
41 Երբ առաւօտ եղաւ, Բաղակն իր հետ առնելով Բաղաամին՝ նրան հանեց Բահաղի սեան մօտ եւ այնտեղից նրան ցոյց տուեց իսրայէլացի ժողովրդի մի մասը։