ԹՈՒԵՐ. Chapter 3

1 Երբ Տէրը Սինայի լերան վրայ խօսում էր Մովսէսի հետ, Ահարոնի ու Մովսէսի յետնորդները հետեւեալներն էին.
2 Ահարոնի որդիների անուններն են. անդրանիկի անունը՝ Նաբադ, միւսներինը՝ Աբիուդ, Եղիազար եւ Իթամար։
3 Ահա սրանք են Ահարոնի քահանայ օծուած, քահանայանալու շնորհքին արժանացած որդիների անունները։
4 Նաբադն ու Աբիուդը վախճանուեցին Տիրոջ առաջ, երբ Սինայի անապատում պիղծ կրակ էին մատուցում Տիրոջը։ Սրանք զաւակներ չունէին, ուստի իրենց հօր՝ Ահարոնի հետ քահանայացան Եղիազարն ու Իթամարը։
5 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
6 Ղեւիի ցեղի մարդկանց բե՛ր Ահարոն քահանայի մօտ, որ ծառայեն նրան.
7 թող կատարեն նրա պահպանութիւնն ու իսրայէլացիների պահպանութիւնը վկայութեան խորանի առջեւ եւ ծառայեն խորանին։
8 Նրանք թող պահպանեն վկայութեան խորանի ամբողջ սպասքը, թող կատարեն իսրայէլացիների պահպանութիւնը եւ խորանի ամբողջ ծառայութիւնը։
9 Ղեւտացիներին կը յանձնես քո եղբայր Ահարոնին ու նրա քահանայ որդիներին. թող նրանք ինձ ընծայուած լինեն իսրայէլացիներից։
10 Ահարոնին ու նրա որդիներին կը նշանակես վկայութեան խորանի սպասարկութեան վրայ, որ կատարեն իրենց քահանայական պաշտօնը եւ այն ամէնը, ինչ վերաբերում է զոհասեղանին ու վարագոյրից ներս եղածին։ Եթէ վկայութեան խորանին մի այլազգի մօտենայ, թող մեռնի։
11 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
12 Ես, ահա, իսրայէլացիների միջից ղեւտացիներին առանձնացրի բոլոր այն անդրանիկների փոխարէն, որոնք իսրայէլացի կանանց արգանդն են բացել։ Ղեւտացիները թող լինեն իսրայէլացիների անդրանիկների փրկագինը եւ ինձ պատկանեն,
13 որովհետեւ ամէն անդրանիկ ծնունդ ինձ է պատկանում։ Այն օրը, երբ Եգիպտացիների երկրում կոտորեցի բոլոր անդրանիկ զաւակներին, սրբագործեցի ինձ համար իսրայէլի բոլոր անդրանիկ ծնունդներին, մարդ թէ անասուն, որպէսզի ինձ պատկանեն, քանզի ես եմ Տէրը։
14 Տէրը Սինայի անապատում խօսեց Մովսէսի հետ ու ասաց.
15 Ղեւիի որդիներին հաշուառման ենթարկի՛ր ըստ իրենց նահապետների ընտանիքների, ըստ իրենց գնդերի ու իրենց ցեղերի։ Հաշուառման ենթարկի՛ր մէկ ամսական եւ դրանից բարձր բոլոր արու զաւակներին։
16 Մովսէսն ու Ահարոնը հաշուառումը կատարեցին ըստ Տիրոջ խօսքի, այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել իրենց։
17 Սրանք են Ղեւիի որդիների անունները. Գեթսոն, Կահաթ եւ Մերարի։
18 Սրանք են Գեթսոնի որդիների անունները ըստ իրենց գնդերի. Ղոբենի եւ Սեմէի։
19 Կահաթի որդիներն ըստ իրենց գնդերի սրանք են. Ամրամ, Իսահառ, Քեբրոն եւ Ոզիէլ։
20 Մերարիի որդիներն ըստ իրենց գնդերի սրանք են. Մոողի եւ Մուսի։
21 Սրանք են ղեւտացիների գնդերն ըստ իրենց նահապետների ընտանիքների. Գեթսոնի տոհմից՝ Ղոբենիի գունդն ու Սեմէիի գունդը։ Սրանք Գեթսոնի գնդերն են։
22 Մէկ ամսական ու դրանից բարձր տարիք ունեցող արու զաւակների ընդհանուր թիւը կազմում է եօթը հազար հինգ հարիւր հոգի։
23 Գեթսոնի այս գնդերը խորանի յետեւի մասում՝ արեւմտեան կողմում բանակատեղի պիտի հաստատեն։
24 Գեթսոնի գնդի նահապետների ընտանիքների առաջնորդը Գեիղի որդի Եղիսափանն է։
25 Վկայութեան խորանում Գեթսոնի որդիների պահպանութեանն են յանձնւում
26 խորանը, վկայութեան խորանի արտաքին վարագոյրները, քօղերը, սրահի առագաստները, խորանի դռան վարագոյրները եւ նրանց բոլոր բաղկացուցիչ մասերը։
27 Կահաթից սերուեցին նախ Ամրամի գունդը, յետոյ՝ Իսահառի գունդը, յետոյ՝ Քեբրոնի գունդը, յետոյ՝ Ոզիէլի գունդը։
28 Սրանք Կահաթի գնդերն են։ Այս գնդերի մէկ ամսական եւ աւելի բարձր տարիք ունեցող արու զաւակների թիւը կազմում է ութ հազար երեք հարիւր հոգի, որոնք եւ պիտի հսկէին սրբազան իրերը։
29 Կահաթի որդիների գնդերը բանակատեղի պիտի հաստատեն խորանից հարաւ։
30 Կահաթի գնդի նահապետների ընտանիքների առաջնորդը Ոզիէլի որդի Եղիսափանն է։
31 Նրանց պարտականութիւնն է տապանակի, զոհասեղանի, աշտանակի, զոհարանների եւ ծիսակատարութեան արբազան սպասքի, խորանի վերին ծածկոցի եւ դրանց բոլոր բաղկացուցիչ մասերի պահպանութիւնը։
32 Ղեւտացիների իշխանաց իշխանը Ահարոն քահանայի որդի Եղիազարն է, որի պարտականութիւնն է սուրբ իրերի պահպանութիւնը։
33 Մերարիից սերուեցին Մոողիի գունդն ու Մուսիի գունդը։ Սրանք Մերարիի գնդերն են։
34 Սրանց մէկ ամսական եւ աւելի բարձր տարիք ունեցող բոլոր արու զաւակների թիւը կազմում է վեց հազար երկու հարիւր հոգի։
35 Մերարիի գնդի նահապետների ընտանիքների իշխանը Աբիքիի որդի Սուրիէլն է։ Նրանք թող բանակատեղի հաստատեն խորանից հիւսիս։
36 Մերարիի որդիների պահպանութեանը թող յանձնուեն խորանի խոյակները, նիգերը, սիւները, խարիսխներն ու դրանց բոլոր բաղկացուցիչ մասերը,
37 բակի չորս կողմի բոլոր սիւները, սրանց խարիսխները, ցցերը եւ պարանները։
38 Վկայութեան խորանի դիմաց՝ արեւելեան կողմում թող բանակատեղի հաստատեն Մովսէսն ու Ահարոնը։ Վերջինիս որդիները իսրայէլացիներին ծառայելու համար պէտք է պահպանեն սրբութիւնները։ Եթէ վկայութեան խորանին մի այլազգի մօտենայ, թող մեռնի։
39 Տիրոջ խօսքով Մովսէսի ու Ահարոնի կողմից հաշուառման ենթարկուած մէկ ամսական եւ աւելի բարձր տարիք ունեցող արական սեռի ղեւտացիների թիւը, ըստ իրենց գնդերի, կազմեց քսաներկու հազար հոգի։
40 Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. Հաշուառման ենթարկի՛ր իսրայէլացիների մէկ ամսական եւ աւելի բարձր տարիք ունեցող արական սեռի բոլոր անդրանիկներին եւ ստացի՛ր նրանց թիւն ըստ իրենց անունների։
41 Իսրայէլացիների բոլոր անդրանիկների փոխարէն ղեւտացիներին ինձ պիտի շնորհես, քանզի ես եմ Տէրը, ինչպէս եւ ղեւտացիների անասունները՝ իսրայէլացիների անասունների առաջին ծնունդների փոխարէն։
42 Մովսէսը հաշուառման ենթարկեց իսրայէլացիների բոլոր անդրանիկ որդիներին, ինչպէս պատուիրել էր Տէրը։
43 Իսրայէլացիների յականէ յանուանէ հաշուառման ենթարկուած մէկ ամսական եւ աւելի բարձր տարիք ունեցող արական սեռի բոլոր անդրանիկների թիւը կազմեց քսաներկու հազար երկու հարիւր եօթանասուներեք հոգի։
44 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
45 Ղեւտացիներին կ՚առնես իսրայէլացիների բոլոր անդրանիկ զաւակների փոխարէն, ինչպէս նաեւ ղեւտացիների անասունները՝ նրանց անասունների փոխարէն։ Ղեւտացիներն ինձ պիտի պատկանեն, քանզի ես եմ Տէրը։
46 Ղեւտացիների թուի համեմատ թուով աւելի իսրայէլացի երկու հարիւր եօթանասուներեք անդրանիկների դիմաց փրկագին կը վերցնես.
47 իւրաքանչիւրի դիմաց՝ հինգ սիկղ. ըստ սրբարանում ընդունուած սակագնի մէկ սիկղը հաւասար է քսան դանգի։
48 Դրամը իբրեւ փրկագին կը տաս Ահարոնին ու նրա որդիներին՝ ղեւտացիների թուի համեմատ իսրայէլացիների թուով աւելի անդրանիկների դիմաց։
49 Ղեւտացիների թուի համեմատ իսրայէլացիների թուով աւելի անդրանիկների դիմաց դրամն իբրեւ փրկագին առաւ Մովսէսը։
50 Իսրայէլացիների թուով աւելի անդրանիկ որդիների դիմաց նա հազա
51 ր երեք հարիւր վաթսունհինգ սիկղ դրամ ստացաւ ըստ սրբարանում ընդունուած սիկղի։
52 Իսրայէլացիների թուով աւելի անդրանիկների դիմաց ստացած փրկագինը, ըստ Տիրոջ խօսքի, Մովսէսը յանձնեց Ահարոնին ու նրա որդիներին։ Տէրը այսպէս էր հրամայել Մովսէսին։