ԹՈՒԵՐ. Chapter 18

1 Տէրը խօսեց Ահարոնի հետ եւ ասաց. Դու, քո որդիներն ու քո նահապետական ընտանիքը պատասխանատու էք սրբարանի սպասաւորութեան նկատմամբ կատարուող մեղսագործութիւնների համար, բայց միայն դու եւ քո որդիներն էք կրելու ձեր քահանայագործութեան ժամանակ ձեր կատարած զանցանքների պատասխանատուութիւնը։
2 Քեզ մօտ վերցրու քո եղբայրներին՝ քո նախորդը եղող Ղեւիի սերնդից՝ քո հօր ցեղից, եւ նրանք թող միանան ու թող ծառայեն քեզ։ Վկայութեան խորանում, սակայն, պիտի սպասաւորէք դու եւ քեզ հետ քո որդիները։
3 Ղեւտացիները պիտի ծառայեն քեզ եւ վկայութեան խորանի պահապանները պիտի լինեն, բայց նրանք իմ սուրբ սպասքին ու զոհասեղանին չպէտք է մերձենան, որպէսզի ե՛ւ նրանք, ե՛ւ դուք չմեռնէք։
4 Նրանք պիտի միանան քեզ, որ կատարուի վկայութեան խորանի պահպանութիւնն ըստ խորանի բոլոր ծառայութիւնների։ Ոչ մի օտարազգի մարդ քեզ չպիտի մօտենայ։
5 Դուք ինքներդ կը սպասարկէք սրբութիւններն ու զոհասեղանը, որպէսզի իսրայէլացիների վրայ այլեւս չիջնի Տիրոջ բարկութիւնը։
6 Ես իսրայէլացիների միջից, որպէս Տիրոջը տրուած ընծայ, վերցրի ձեր ղեւտացի եղբայրներին, որպէսզի նրանք սպասարկեն վկայութեան խորանում,
7 իսկ դու եւ քեզ հետ քո որդիները վարէք քահանայութեան պաշտօնը, անէք զոհասեղանին վերաբերող բոլոր գործերը, վարագոյրի յետեւում գտնուող մասում կատարէք քահանայական ձեր պարտականութիւնները, իսկ այլ ազգի մարդը եթէ մօտենայ, մահուամբ պիտի պատժուի։
8 Տէրը խօսեց Ահարոնի հետ եւ ասաց. Ահա ես ձեզ յանձնեցի ինձ նուիրաբերուած ընծաների պահպանութիւնը. իսրայէլացիների ինձ նուիրած ամէն ինչ իբրեւ պարգեւ տալիս եմ քեզ ու քո յետնորդներին. եւ սա թող յաւիտենական օրէնք լինի։
9 Ահա սրանք են սուրբ ընծաներից ձեզ պատկանող բաները. նրանց բոլոր զանցանքների, նրանց բոլոր մեղսագործութիւնների համար ինձ նուիրաբերուող նրանց բոլոր նուէրներից, նրանց բոլոր զոհերից քեզ եւ քո որդիներին բաժին պիտի հասնի։
10 Սուրբ վայրերում կ՚ուտէք դրանք. ով որ արու է, կարող է ուտել այն. միայն դու եւ քո արու զաւակները. եւ քեզ համար դրանք սուրբ պիտի լինեն։
11 Ձեզ պիտի պատկանեն նաեւ իսրայէլացիների մատուցած բերքի առաջին պտուղները։ Բոլոր զոհաբերութիւնները տալիս եմ քեզ եւ քեզ հետ՝ քո տղաներին ու աղջիկներին։ Սա թող յաւիտենական օրէնք լինի։ Քո տանը ամէն մաքուր մարդ թող ուտի այն։
12 Տիրոջը մատուցուած բերքի ընտիր իւղը, ընտիր գինին եւ ընտիր ցորենը քեզ եմ տալիս։
13 Իրենց երկրի հացաբոյսերի ամէն առաջին բերքը, որ Տիրոջն են մատուցում, թող քեզ պատկանի։ Քո տանը ամէն մաքուր մարդ թող ուտի այն։
14 Իսրայէլացիներից ինձ նուիրաբերուող ամէն ինչ քեզ թող պատկանի։
15 Ամէն մի առաջնածին, մարդ թէ անասուն, որ Տիրոջն են նուիրում, թող քեզ պատկանի։ Յետ կը գնես միայն մարդկանց անդրանիկներին։ Յետ կը գնես նաեւ անմաքուր անասունների առաջնածինները։
16 Յետգնումը թող տեղի ունենայ ծննդից մէկ ամիս անցնելուց յետոյ, իսկ դրա գինը, ըստ սրբարանի սիկղի, հինգ սիկղ թող լինի, որը հաւասար է քսան դանգի։
17 Արջառների, ոչխարների ու այծերի առաջնածինները յետ չգնես, որովհետեւ մաքուր են։ Նրանց արիւնը կը հեղես զոհասեղանի մօտ, իսկ ճարպը ընծայ կ՚անես իբրեւ անուշ բուրմունք Տիրոջ համար։
18 Միսը թող պատկանի քեզ, ինչպէս եւ կուրծքն ու աջ թեւը։
19 Սրբութիւններից այն ամէնը, ինչ որ իսրայէլացիները Տիրոջն են տալիս որպէս տուրք, քեզ եմ տալիս, քո զաւակներին եւ քեզ հետ՝ քո տղաներին ու աղջիկներին։ Դա յաւիտենական օրէնք թող լինի, որովհետեւ դա Տիրոջ առաջ Աղի ուխտ է քեզ համար եւ քեզնից յետոյ քո սերնդի համար։
20 Տէրը խօսեց Ահարոնի հետ եւ ասաց. Նրանց երկրում ոչ մի ժառանգութիւն չպիտի ունենաս, եւ դու նրանց հետ ոչ մի բաժին չպիտի ունենաս, որովհետեւ ես եմ քո բաժինն ու ժառանգութիւնը իսրայէլացիների մէջ։
21 Ես Ղեւիի որդիներին իբրեւ ժառանգութիւն եմ տալիս իսրայէլացիների բոլոր եկամուտների տասանորդները նրանց այն ծառայութեան համար, որ նրանք պիտի կատարեն վկայութեան խորանում։
22 Միւս իսրայէլացիները չպէտք է մերձենան վկայութեան խորանին, որպէսզի մահացու մեղքեր գործած չլինեն։
23 Միայն ղեւտացիները թող սպասարկեն վկայութեան խորանում եւ պատասխան տան իրենց գործած մեղքերի համար։ Դա յաւիտենական օրէնք թող լինի իսրայէլացիների մէջ իրենց բոլոր սերունդներում։ Ղեւտացիները ժառանգութիւն չպէտք է ունենան,
24 որովհետեւ իսրայէլացիների եկամուտների տասանորդները, որ յատկացնելու են Տիրոջը իբրեւ տուրք, տուեցի ղեւտացիներին որպէս ժառանգութիւն։ Դրա համար էլ ասացի, որ նրանք ժառանգութիւն չպիտի ունենան իսրայէլացիների մէջ։
25 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
26 Խօսի՛ր ղեւտացիների հետ ու ասա՛ նրանց. Եթէ իսրայէլացիներից տասանորդ ստանաք, որը ես որպէս ժառանգութիւն ձեզ եմ տուել, դուք էլ դրանից պէտք է տուրք տաք Տիրոջը՝ տասանորդի մէկ տասներորդը։
27 Ձեր տուրքը պիտի ընդունուի իբրեւ կալում գտնուող ցորեն եւ հնձանում եղած գինի։
28 Ըստ այդմ էլ դուք մաս պիտի հանէք Տիրոջը այդ տուրքից, որ պիտի ստանաք իսրայէլացիներից իբրեւ տասանորդ, եւ դրանից տուրք պիտի տաք Տիրոջը, Ահարոն քահանային։
29 Ձեր ստացած տասանորդներից Տիրոջը մաս պիտի հանէք նաեւ առաջին բերքից։
30 Դու ղեւտացիներին ասա՛. Երբ դրանից ընտիրը նուիրաբերէք Տիրոջը, դա պէտք է ընդունուի իբրեւ կալում գտնուող ցորեն եւ հնձանում եղած գինի։
31 Դուք եւ ձեր ընտանիքները դա կարող էք ուտել ամէն տեղ, որովհետեւ դա ձեր վարձն է վկայութեան խորանում ձեր մատուցած ծառայութեան փոխարէն։
32 Եւ դրա համար դուք մեղք կրած չէք լինի. երբ որ դրանից տուրք հանէք որպէս սրբութիւն Իսրայէլի որդիներին, սրբութիւնները պղծած չէք լինի եւ չէք մեռնի։