ԹՈՒԵՐ. Chapter 11

1 Ժողովուրդը դառնօրէն տրտնջում էր Տիրոջ դէմ։ Տէրը լսեց դա, խիստ բարկացաւ եւ նրանց վրայ կրակ թափելով՝ ոչնչացրեց բանակատեղիի բնակիչների մի մասը։
2 Ժողովուրդն աղաղակ բարձրացրեց Մովսէսի առաջ, Մովսէսն աղօթքով դիմեց Տիրոջը, եւ կրակը դադարեց։
3 Այդ վայրը կոչուեց Հրայրեաց, որովհետեւ Տէրը նրանց վրայ կրակ էր թափել։
4 Նրանց մէջ գտնուող խառնամբոխը սկսեց շատ պահանջներ ներկայացնել։ Իսրայէլացիները նստած լաց էին լինում եւ ասում. Ո՞վ մեզ ուտելու միս կը տայ։
5 Մենք յիշեցինք ձուկը, որ Եգիպտոսում ձրի էինք ուտում, սեխը, ձմերուկը, պրասը, սոխն ու սխտորը։
6 Եւ արդ, մենք կորչում ենք, մեր աչքերը մանանայից բացի ուրիշ ոչինչ չեն տեսնում։
7 Մանանան գինձի սերմի նման սպիտակ էր ու սառոյցի տեսք ունէր։
8 Ժողովուրդը շրջում էր, մանանան հաւաքում, երկանքով աղում, սանդի մէջ ծեծում, կաթսայի մէջ եփում եւ բլիթ էր պատրաստում։ Նա քաղցր էր իւղով ու մեղրով պատրաստուած խորիզի նման։
9 Երբ գիշերը բանակատեղիի վրայ ցօղ էր իջնում, մանանան էլ նրա վրայ էր իջնում։
10 Մովսէսը լսեց գնդերի անդամներից իւրաքանչիւրի լացն իր վրանի դռան մօտ։ Տէրը դրա համար խիստ բարկացաւ, եւ դա Մովսէսին չարագուշակ երեւաց։
11 Մովսէսը հարցրեց Տիրոջը. Տէ՜ր, ինչո՞ւ չարչարեցիր ինձ՝ քո ծառային, ինչո՞ւ քո առաջ շնորհք չգտայ, եւ այս ժողովրդի բարկութիւնն ինձ վրայ թափեցիր։
12 Միթէ ե՞ս յղացայ այս ամբողջ ժողովրդին կամ թէ ե՞ս ծնեցի նրան, որ ինձ ասում ես, թէ՝ Առ նրան քո գիրկը, ինչպէս դայեակն է իր գիրկն առնում ծծկեր երեխային, որպէսզի նրան տանեմ այն երկիրը, որը դու խոստացար իրենց հայրերին։
13 Արդ, ես որտեղի՞ց միս գտնեմ, որ տամ այս ամբողջ ժողովրդին, չէ՞ որ նրանք լաց են լինում ինձ մօտ եւ ասում. Մեզ մի՛ս տուր, որ ուտենք։
14 Ես միայնակ չեմ կարող կրել այս ժողովրդի բեռը, որովհետեւ իմ ուժերից վեր է դա։
15 Եթէ այդպէս ես վարուելու ինձ հետ, սպանի՛ր ինձ միանգամից, եթէ դա հաճելի է քեզ, եթէ շնորհ գտայ եւ ողորմութիւն քո կողմից, որպէսզի չտեսնեմ իմ չարչարանքները։
16 Տէրը պատասխանեց Մովսէսին. Իսրայէլացի ծերերի միջից ինձ համար հաւաքի՛ր եօթանասուն տղամարդ, որոնց ճանաչում ես իբրեւ ժողովրդի մէջ ամենածեր մարդիկ եւ իսրայէլացիների գրագիրներ։ Նրանց կը բերես վկայութեան խորան, եւ նրանք այնտեղ կը կանգնեն քեզ հետ։
17 Ես կ՚իջնեմ այնտեղ, կը խօսեմ քեզ հետ եւ քեզ տուածս ոգուց կ՚առնեմ ու կը դնեմ նրանց մէջ։ Նրանք ի վիճակի կը լինեն կրելու այդ ժողովրդի յանդգնութեան բեռը. եւ դու միայնակ չես կրի դա։
18 Ժողովրդին կ՚ասես. Մաքրուեցէ՛ք վաղուայ համար, որ միս ուտէք, որովհետեւ լաց լինելով Տիրոջ առջեւ՝ ասում էիք. Ո՞վ մեզ միս կը տայ ուտելու։ Մեզ համար լաւ էր Եգիպտոսում։ Տէրը ձեզ միս կը տայ ուտելու, եւ դուք միս կ՚ուտէք։
19 Կ՚ուտէք ոչ թէ մէկ, երկու, հինգ օր, ոչ էլ տասը կամ քսան օր,
20 այլ կ՚ուտէք ամբողջ ամսուայ բոլոր օրերին, մինչեւ որ ձեր քթից դուրս գայ, մինչեւ որ զզուէք, որովհետեւ արհամարհեցիք Տիրոջը, որ միշտ ձեր մէջ է, լաց լինելով նրա առջեւ՝ ասացիք. Մեր ինչին էր պէտք Եգիպտոսից դուրս գալ։
21 Մովսէսն ասաց. Ժողովուրդն ունի վեց հարիւր հազար հետեւակ, որոնց մէջ եմ նաեւ ես, եւ դու ասում ես, թէ՝ Միս տամ նրանց, որ մէկ ամիս ուտեն։
22 Եթէ անգամ մորթենք բոլոր արջառներն ու ոչխարները, կը բաւարարե՞նք նրանց, կամ եթէ հաւաքուի ծովի ամբողջ ձուկը, կը բաւարարե՞նք նրանց։
23 Տէրը պատասխանեց Մովսէսին. Մի՞թէ Տիրոջ ձեռքը ի վիճակի չէ դրան։ Հիմա կը համոզուես, թէ իմ ասածը կը կատարուի՞, թէ՞՝ ոչ։
24 Մովսէսն ելաւ ու ժողովրդին հաղորդեց Տիրոջ ասածը։ Նա ժողովրդի ծերերի միջից հաւաքեց եօթանասուն տղամարդկանց ու նրանց կանգնեցրեց խորանի շուրջը։
25 Տէրն իջաւ ամպի մէջ, խօսեց Մովսէսի հետ, առաւ նրան տրուած ոգուց եւ դրեց եօթանասուն ծեր տղամարդկանց մէջ։ Երբ ոգին հանգչեց նրանց վրայ, նրանք մարգարէացան բանակատեղիում, բայց դա այլեւս չկրկնուեց։
26 Բանակատեղիում այդ ծերերից մնաց երկու մարդ. մէկի անունը Ելդադ էր, իսկ երկրորդինը՝ Մոդադ։ Ոգին հանգչեց նրանց վրայ էլ։ Նրանք եւս այդ եօթանասուն գրանցուածների մէջ էին, խորան չէին եկել, բայց մարգարէութիւն էին անում բանակատեղիում։
27 Մի պատանի, գալով Մովսէսի մօտ, այդ մասին պատմեց նրան ու ասաց. Ելդադն ու Մոդադը մարգարէութիւն են անում բանակատեղիում։
28 Նաւէի որդի Յեսուն՝ Մովսէսի ընտրեալ պաշտօնեան, ասաց. Տէր Մովսէս, արգելի՛ր նրանց մարգարէութիւն անել։
29 Մովսէսը նրան պատասխանեց. Իմ փոխարէն դու մի՛ նախանձիր նրանց։ Երանի թէ Տէրը ամբո՛ղջ ժողովրդին մարգարէներ դարձնէր՝ իր ոգին տալով նրանց։
30 Դրանից յետոյ Մովսէսն ու իսրայէլացի ծերերը գնացին բանակատեղի։
31 Տէրը քամի բարձրացրեց եւ ծովի կողմից լորամարգիներ բերեց-թափեց բանակատեղիի շուրջը մէկ օրուայ ճանապարհի երկարութեամբ ու գետնից երկու կանգուն բարձրութեամբ։
32 Ժողովուրդը ամբողջ ցերեկն ու ամբողջ գիշերը, նաեւ յաջորդ օրը մինչեւ երեկոյ լորամարգի էր հաւաքում։ Ամենաքիչ հաւաքողը տաս քոռ հաւաքեց։ Մորթեցին, ապխտեցին ու փռեցին բանակատեղիի շուրջը։
33 Դեռ միսը նրանց ատամի տակ էր ու դեռ չէին ծամել, որ Տէրը, ժողովրդի վրայ զայրացած, մեծամեծ հարուածներ հասցրեց նրանց։
34 Այդ վայրը կոչուեց Ցանկութեան գերեզմաններ, որովհետեւ այնտեղ թաղեցին բազում անկուշտ մարդկանց։ Ցանկութեան գերեզմաններից ժողովուրդը ճանապարհ ընկաւ դէպի Ասերոթ։