ԹՈՒԵՐ. Chapter 4

1 Տէրը խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց.
2 Ղեւիի ցեղից հաշուառման ենթարկի՛ր Կահաթի որդիներին ըստ իրենց գնդերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների՝
3 քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկանները, բոլոր նրանց, ովքեր սպասաւորելու են վկայութեան խորանում եւ կատարելու են բոլոր անհրաժեշտ գործերը։
4 Ղեւիի որդիների միջից Կահաթի որդիների գործը վկայութեան խորանում ըստ իրենց գնդերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների թող լինի սրբազան իրերի պահպանութիւնը։
5 Երբ բանակատեղին տեղափոխուելու լինի, Ահարոնն ու իր որդիները պիտի մտնեն վրան, իջեցնեն վարագոյրը եւ դրանով ծածկեն վկայութեան տապանակը։
6 Նրանք դրա վրայ պիտի դնեն կաշուէ կապոյտ ծածկոցը, իսկ նրա վրայ էլ պիտի գցեն համակ կապոյտ կերպասը, ապա պիտի տեղադրեն տապանակի ձողերը։
7 Նուիրաբերութեան սեղանի վրայ պիտի փռեն համակ ծիրանի կերպասը, իսկ դրա վրայ էլ պիտի դնեն ափսէները, տուփերը, գաւաթները եւ մատուցարանները, որոնցով նուիրաբերում են կատարում։ Դրա վրայ պիտի դնեն նաեւ հանապազօրեայ հացը,
8 սեղանը պիտի ծածկեն կարմիր կտորով, սրա վրայ էլ պիտի դնեն կաշուէ կապոյտ ծածկոց եւ պիտի տեղադրեն ձողերը։
9 Նրանք պիտի առնեն կապոյտ կերպաս եւ դրանով ծածկեն լոյսի աշտանակը, նրա երկու կանթեղները, նրա ունելիները, նրա ճրագակալները եւ իւղի բոլոր ամանները, որոնցով սպասարկում են։
10 Աշտանակն ու նրա ամբողջ սպասքը պիտի առնեն կաշուէ կապոյտ ծածկոցի տակ եւ դնեն ձողերի վրայ։
11 Ոսկէ զոհասեղանը պիտի ծածկեն կապոյտ կերպասով, դրա վրայ պիտի գցեն կաշուէ կապոյտ ծածկոց եւ պիտի տեղադրեն ձողերը։
12 Պիտի վերցնեն պաշտամունքի ամբողջ սպասքը, որոնցով պաշտամունք են կատարում սրբարանում, եւ պիտի դնեն կապոյտ կերպասի մէջ։ Այնուհետեւ դա պիտի ծածկեն կաշուէ կապոյտ ծածկոցով եւ պիտի դնեն ձողերի վրայ։
13 Զոհասեղանի վրայ ծածկոց պիտի փռեն, ապա այն պիտի ծածկեն համակ ծիրանի կերպասով։
14 Վրան պիտի դնեն այն սպասքը, որով պաշտամունք են կատարելու դրա վրայ. այն է՝ կրակամանները, մեծ պատառաքաղները, տաշտերը, ծածկիչներն ու զոհասեղանի ամբողջ սպասքը։ Դրա վրայ պիտի գցեն կաշուէ կապոյտ ծածկոցը եւ պիտի տեղադրեն ձողերը։
15 Ապա պիտի վերցնեն ծիրանի կերպաս ու դրանով ծածկեն լուացարանն ու նրա պատուանդանները, դրա վրայ էլ պիտի գցեն կապոյտ կաշուէ ծածկոց եւ դնեն ձողերի վրայ։ Երբ բանակատեղիի բնակիչները ճանապարհ ընկնեն, Ահարոնն ու նրա որդիները պիտի աւարտած լինեն սրբազան ամբողջ սպասքը ծածկելու գործերը։ Դրանից յետոյ միայն պիտի գան Կահաթի որդիները, որ դրանք վերցնեն տանեն։ Նրանք, սակայն, սրբազան առարկաներին չպիտի դիպչեն, որպէսզի չմեռնեն։ Կահաթի որդինե՛րը պիտի վերցնեն վկայութեան խորանի բոլոր իրերը,
16 իսկ բոլորի վերակացուն պիտի լինի Ահարոն քահանայի որդի Եղիազարը։ Նա պիտի հոգայ լուսաւորութեան իւղի, անուշահոտ խնկերի, հանապազօրեայ զոհամատուցման, օծութեան իւղի, խորանին վերաբերող ամէն ինչի, դրա մէջ եղած սրբազան առարկաների ու այնտեղ կատարուող ամէն ինչի մասին։
17 Տէրը խօսեց Մովսէսի եւ Ահարոնի հետ ու ասաց.
18 Ղեւտացիներից Կահաթի տոհմի մարդկանց չվերացնէք։ Այնպէս արէք, որ նրանք ապրեն եւ սրբազան իրերին մերձենալիս չմեռնեն։
19 Ահարոնն ու նրա որդիները միայն պիտի մտնեն ներս եւ որոշեն, թէ նրանցից իւրաքանչիւրը ինչ պաշտօն է կատարելու։
20 Կահաթի որդիները հէնց այնպէս թող ներս չմտնեն սրբութիւնները տեսնելու համար, թէ ոչ կը մեռնեն։
21 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
22 Հաշուառման ենթարկի՛ր Գերսոնի որդիներին ըստ իրենց նահապետների ընտանիքների, ըստ իրենց գնդերի՝
23 սկսած քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկանները, բոլոր նրանց, ովքեր սպասաւորութեան համար վկայութեան խորան պիտի մտնեն։
24 Այս է Գերսոնի գնդի մարդկանց պարտականութիւնը ծառայելիս եւ բեռներ բարձելիս։
25 Նրանք պիտի վերցնեն խորանի ծածկոցը, վկայութեան խորանը, դրա արտաքին վարագոյրները, դրա վրայ գցուող կապոյտ ծածկոցը, վկայութեան խորանի դռան վարագոյրը, սրահի առագաստը,
26 այն, ինչ դրուած է վկայութեան խորանի վրայ, պարանները եւ այն ամբողջ սպասքը, որով պաշտամունք են կատարում։
27 Գերսոնի որդիները պիտի վարուեն այնպէս, ինչպէս կը կարգադրեն Ահարոնն ու նրա որդիները. սպասաւորութիւնը պէտք է կատարուի ըստ նրանց կարգադրութեան։ Նրանց հաշուառումը եւ նրանցից իւրաքանչիւրի կրելիք իրերի հաշուառումը կատարեցէ՛ք յականէ յանուանէ։
28 Ահա այս է Գերսոնի որդիների պարտականութիւնը վկայութեան խորանում, որի վերակացուն է Ահարոն քահանայի որդի Իթամարը։
29 Հաշուառման կ՚ենթարկէք Մերարիի որդիներին ըստ իրենց գնդերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների՝
30 սկսած քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկանները, բոլոր նրանց, ովքեր սպասաւորութեան համար վկայութեան խորան պիտի մտնեն։
31 Նրանց պարտականութիւնն է կրել խորանի հետեւեալ իրերը. խորանի խոյակները, նրա նիգերն ու սիւները, նրա խարիսխները, վարագոյրը, նրա խարիսխները, սիւները,
32 խորանի դռան վարագոյրը, բակի չորս կողմերի սիւները, դրանց խարիսխները, բակի դռան վարագոյրի սիւները եւ սրանց խարիսխներն ու ցցերը, պարանները, ամբողջ կահ-կարասին ու սպասքը։ Մէկ առ մէկ կատարեցէ՛ք նրանց եւ փոխադրութեան ենթակայ ամբողջ կահ-կարասու հաշուառումը։
33 Այս է լինելու վկայութեան խորանում Մերարիի տոհմին պատկանող մարդկանց պարտականութիւնն իրենց յանձնարարուած գործերում, որ պիտի կատարուեն Ահարոն քահանայի որդի Իթամարի հսկողութեան ներքոյ։
34 Մովսէսը, Ահարոնն ու իսրայէլացի հրամանատարները հաշուառման ենթարկեցին Կահաթի որդիներին ըստ նրանց տոհմերի, ըստ նրանց նահապետների ընտանիքների՝
35 սկսած քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկանները, բոլոր նրանց, ովքեր ենթակայ էին ծառայութեան մէջ մտնելու եւ վկայութեան խորանում սպասաւորութիւն կատարելու։
36 Նրանց թիւը ըստ իրենց տոհմերի եղաւ երկու հազար եօթը հարիւր յիսուն հոգի։
37 Այս է Կահաթի տոհմին պատկանող մարդկանց թիւը, բոլոր նրանց, ովքեր ենթակայ էին մտնելու վկայութեան խորան՝ սպասաւորութիւն կատարելու, հաշուառում, որ կատարեցին Մովսէսն ու Ահարոնը ըստ այն խօսքի, որ Տէրն ասել էր Մովսէսին։
38 Հաշուառման ենթարկուեցին Գերսոնի որդիներն ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների՝
39 սկսած քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկան, բոլոր նրանք, ովքեր ենթակայ էին մտնելու վկայութեան խորան՝ սպասաւորութիւն կատարելու։
40 Նրանց թիւն ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների եղաւ երկու հազար վեց հարիւր երեսուն։
41 Այս է Գերսոնի տոհմին պատկանող մարդկանց թիւը, բոլոր նրանց, ովքեր սպասաւորելու էին վկայութեան խորանում, հաշուառում, որ կատարեցին Մովսէսն ու Ահարոնը ըստ այն խօսքի, որ Տէրն ասել էր Մովսէսին։
42 Հաշուառման ենթարկուեցին նաեւ Մերարիի որդիներն ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների՝
43 սկսած քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկանները, բոլոր նրանք, ովքեր ենթակայ էին մտնելու վկայութեան խորան՝ սպասաւորութիւն կատարելու։
44 Նրանց թիւն ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների եղաւ երեք հազար երկու հարիւր։
45 Այս է Մերարիի տոհմին պատկանող մարդկանց թիւը, որոնց հաշուառումը կատարեցին Մովսէսն ու Ահարոնը ըստ այն խօսքի, որ Տէրն ասել էր Մովսէսին։
46 Մովսէսի, Ահարոնի ու իսրայէլացի հրամանատարների հաշուառման ենթարկած բոլոր ղեւտացիների թիւը ըստ իրենց տոհմերի, ըստ իրենց նահապետների ընտանիքների՝
47 սկսած քսանհինգ տարեկանից մինչեւ յիսուն տարեկանները, բոլոր նրանց, ովքեր իրաւունք ունէին սպասաւորութիւն կատարելու եւ վկայութեան խորանն ու դրա կահ-կարասին փոխադրելու,
48 Տիրոջ խօսքի համաձայն բոլոր հաշուառման ենթարկուածների թիւը եղաւ ութ հազար հինգ հարիւր ութսուն։
49 Տէրը նրանց հաշուառման ենթարկեց Մովսէսի ձեռքով։ Իւրաքանչիւր մարդու համար նշուեց իր կատարելիք սպասաւորութիւնն ու փոխադրելիք կահ-կարասին։ Նրանք հաշուառման ենթարկուեցին, ինչպէս որ Տէրը հրամայել էր Մովսէսին։