ԹՈՒԵՐ. Chapter 17

1 Տէրը խօսեց Մովսէսի հետ եւ ասաց.
2 Դիմի՛ր իսրայէլացիներին եւ նրանցից՝ նրանց ցեղերի բոլոր իշխաններից մէկական գաւազան ա՛ռ ըստ իրենց նահապետների ընտանիքների թուի՝ ընդամէնը տասներկու գաւազան։ Իւրաքանչիւր իշխանի անունը կը գրես իր գաւազանի վրայ։
3 Ահարոնի անունը կը գրես իր գաւազանի վրայ։ Իսրայէլի ամէն մի ցեղ մէկ գաւազան է տալու ըստ իր նահապետների ընտանիքների։
4 Դրանք կը դնես վկայութեան խորանում, որով պիտի երեւամ քեզ այնտեղ։
5 Թող ծաղկի այն մարդու գաւազանը, որին ես կ՚ընտրեմ։ Դրանով կը վերացնեմ ձեր դէմ ուղղուած իսրայէլացիների տրտունջը։
6 Մովսէսն այդ հաղորդեց իսրայէլացիներին, եւ նրանց իշխանները նրան տուեցին իրենց գաւազանները. ամէն մի իշխան տուեց մէկ գաւազան՝ ըստ իրենց նահապետների ընտանիքների, ընդամէնը տասներկու գաւազան։ Դրանց մէջ էր նաեւ Ահարոնի գաւազանը։
7 Մովսէսն այդ գաւազանները դրեց Տիրոջ առջեւ, վկայութեան խորանում։
8 Յաջորդ օրը Մովսէսն ու Ահարոնը մտան վկայութեան խորան եւ տեսան, որ ծաղկել է Ղեւիի տան կողմից տրուած Ահարոնի գաւազանը. նա ճիւղեր էր արձակել, ծաղկել եւ ընկոյզ բռնել։
9 Մովսէսը գաւազաններն առաւ Տիրոջ առաջից եւ ցոյց տուեց բոլոր իսրայէլացիներին։ Նրանք տեսան այդ։ Ամէն մէկն առաւ իր գաւազանը։
10 Տէրն ասաց Մովսէսին. Ահարոնի այդ գաւազանը դի՛ր միւս վկայութիւնների կողքին ի պահ, որպէս նշան անհնազանդ որդիների, որպէսզի դադարի նրանց տրտունջն իմ դէմ, եւ նրանք չմեռնեն։
11 Մովսէսն ու Ահարոնը արեցին այնպէս, ինչպէս Տէրն էր հրամայել Մովսէսին. նրանք այդպէս էլ արեցին։
12 Իսրայէլացիներն ասացին Մովսէսին. Մենք կոտորւում, կորչում, նուազում ենք։
13 Ով որ մօտենում է Տիրոջ խորանին, մեռնում է։ Մի՞թէ մենք իսպառ պիտի ոչնչանանք։