ԹՈՒԵՐ. Chapter 24

1 Բաղաամը տեսնելով, որ Տիրոջը հաճելի է Իսրայէլին օրհնելը, այլեւս հմայութիւնների չդիմեց, ինչպէս սովոր էր, այլ երեսը դարձրեց դէպի անապատ։
2 Բաղաամն իր աչքերը բարձրացնելով՝ տեսաւ, որ իսրայէլացիները բանակատեղի են դրել ըստ ցեղերի։ Աստծու հոգին իջաւ նրա վրայ,
3 եւ նա առակի ձեւով ասաց. Բէորի որդի Բաղաամն ասում է.
4 Ես՝ ճշմարտատես այրս, որ Աստծու տեսիլը տեսաւ քնի մէջ իր բաց աչքերով։
5 Ինչքա՜ն գեղեցիկ են քո տները, Յակո՛բ, եւ քո վրանները, Իսրայէ՛լ։
6 Դրանք նման են հովանի անող անտառների, գետերի ափին գտնուող բուրաստանների, Տիրոջ կանգնեցրած վրանների, վազող ջրերի ափին գտնուող մայրիների։
7 Այդ սերնդից պիտի ծնուի մի մարդ, որ պիտի տիրի բազում ազգերի։ Նրա թագաւորութիւնը Գոգի թագաւորութիւնից հզօր պիտի լինի, նրա թագաւորութիւնը պիտի բարգաւաճի։
8 Աստուած ժողովրդին առաջնորդեց Եգիպտոսից, եւ նա միեղջերուի նման իր վրայ փառք է կրում։ Նա պիտի լափի իր թշնամի ժողովուրդներին, նրանց գիրութիւնը պիտի հիւծի եւ իր նետերով նետահար պիտի անի իր թշնամիներին։
9 Նա փռուած պիտի հանգստանայ նման առիւծի, նման առիւծի կորիւնի։ Ո՞վ կը համարձակուի զարթնեցնել նրան։ Իսրայէ՜լ, թող օրհնուեն քեզ օրհնողները, եւ անիծուեն քեզ անիծողները։
10 Բաղակը բարկացաւ Բաղաամի վրայ եւ ափերն իրար զարկեց։ Բաղակն ասաց Բաղաամին. Ես քեզ կանչեցի, որպէսզի անիծես իմ թշնամիներին, իսկ դու, ահա, օրհնելով օրհնեցիր նրանց երեք անգամ։
11 Արդ, թող ու փախի՛ր քո տեղը։ Ուզում էի պատուել քեզ, բայց Տէրը զրկեց քեզ փառքից։
12 Բաղաամն ասաց Բաղակին. Մի՞թէ ինձ մօտ ուղարկած քո բանագնացներին չասացի.
13 Եթէ Բաղակն ինձ իր տնով լիքը արծաթ ու ոսկի էլ տայ, ես չեմ կարող ոտնահարել Տիրոջ խօսքը եւ ոչ էլ կարող եմ ինձնից լաւ կամ վատ դարձնել այն։ Ինչ որ ասի Աստուած, այն էլ խօսելու եմ։
14 Իսկ հիմա ահա գնում եմ իմ տեղը։ Արի՛ քեզ յայտնեմ, թէ ինչ է անելու այդ ժողովուրդն առաջիկայում քո ժողովրդին։
15 Եւ նա առակի ձեւով ասաց. Խօսում է Բէորի որդի Բաղաամը՝ ճշմարտատես այն մարդը,
16 որ լսել է Աստծու պատգամները եւ հմուտ է Բարձրեալի գիտութեանը,քնի մէջ բաց աչքերով է տեսել Աստծու տեսիլը։
17 Ես ցոյց եմ տալու նրան, բայց ոչ հիմա, երանելի եմ դարձնելու նրան, բայց ոչ մօտ ժամանակում։ Ծագելու է Յակոբի աստղը, մի մարդ է բարձրանալու իսրայէլացիներից եւ կոտորելու է Մովաբի իշխաններին, գերեվարելու է Սէթի բոլոր յետնորդներին։
18 Նա պիտի ժառանգի Եդոմացիների երկիրը, որ պատկանում է իր թշնամի Եսաւին։Եւ այդ ամէնը իսրայէլացիները պիտի իրականացնեն իրենց ուժով։
19 Յակոբի ցեղից պիտի կանգնի այդ այրըեւ պիտի կոտորի այդ քաղաքից փրկուածներին։
20 Ամաղէկացիներին տեսնելով՝ նա առակի կարգով ասաց. Ամաղէկացիները ազգերի գլուխն են, բայց կորստեան պիտի մատնուի նրանց սերունդը։
21 Կինեցիներին տեսնելով՝ նա առակի կարգով ասաց. Ամուր է քո բնակավայրը, բայց եթէ քարանձաւներում էլ դնես քո բոյնը,
22 եթէ անգամ Բէորի հմտութեամբ կառուցուի ձեր բոյնը, միեւնոյնն է, ասորեստանցիները գերեվարելու են ձեզ։
23 Ապա առակի կարգով ասաց. Ո՞վ ողջ կը մնայ, եթէ Աստուած այս բաներն անի։
24 Կիտացիները կը գան ու կը չարչարեն ասորեստանցիներին ու եբրայեցիներին, բայց իրենք էլ գլխովին կը կորչեն։
25 Եւ վեր կենալով՝ Բաղաամը վերադարձաւ, գնաց իր տեղը, իսկ Բաղակն էլ գնաց իր երկիրը։