ԹՈՒԵՐ. Chapter 23

1 Բաղաամն ասաց Բաղակին. Այստեղ ինձ համար եօթը բագին կառուցի՛ր եւ այստեղ ինձ համար եօթը զուարակ ու եօթը խոյ պատրաստի՛ր։
2 Բաղակն արեց այնպէս, ինչպէս իրեն ասել էր Բաղաամը. նա մէկական զուարակ ու խոյ ողջակէզ արեց ամէն մի բագինի վրայ։
3 Բաղաամն ասաց Բաղակին. Դու կանգնի՛ր քո զոհի մօտ, իսկ ես գնամ. գուցէ Աստուած ընդառաջ գալով՝ երեւայ ինձ։ Այն, ինչ նա ցոյց կը տայ ինձ, կը հաղորդեմ քեզ։ Բաղակը կանգնեց իր մատուցած զոհի մօտ։ Բաղաամը գնաց Աստծուն հարցում անելու։
4 Նա ուղիղ առաջ էր գնում։ Աստուած երեւաց Բաղաամին, եւ Բաղաամն ասաց նրան. Եօթը բագին պատրաստեցի եւ ամէն մի բագինի վրայ մէկական զուարակ ու խոյ ողջակիզեցի։
5 Աստուած Բաղաամի բերանը դրեց այս խօսքերը. Վերադարձի՛ր Բաղակի մօտ եւ յայտնի՛ր նրան այն, ինչ ասացի։
6 Բաղաամը վերադարձաւ Բաղակի մօտ, որը կանգնած էր իր ողջակէզների մօտ։ Այնտեղ էին նաեւ մովաբացի բոլոր իշխանները։
7 Աստծու հոգին իջաւ Բաղաամի վրայ, եւ նա առակի ձեւով ասաց. Մովաբացիների Բաղակ արքան ինձ կանչեց Միջագետքից՝ Արեւելքի լեռներից, եւ ասաց. Արի նզովի՛ր Յակոբին ինձ համար, նզովի՛ր նաեւ Իսրայէլին ինձ համար։
8 Բայց ես ինչպէ՞ս նզովեմ նրան, որին Տէրը չի նզովում, կամ ի՞նչն անիծեմ, որ Աստուած չի անիծում։
9 Լեռներից եմ տեսնում նրան, բլուրների բարձունքից եմ նայում նրան։ Ահա կայ մի ժողովուրդ, որ առանձին պիտի բնակուի, ազգերի մէջ չպիտի դասուի։
10 Ո՞վ է ճշտել Յակոբի սերնդի թիւը, ո՞վ է հաշուել Իսրայէլի ցեղերը։ Երա՜նի թէ ես մեռնէի այդ արդար մարդկանց հետ, եւ իմ յետնորդները լինէին նրա յետնորդների նման։
11 Բաղակն ասաց Բաղաամին. Այդ ի՞նչ արեցիր։ Ես քեզ կանչեցի իմ թշնամիներին անիծելու համար, իսկ դու օրհնելով օրհնեցիր նրանց։
12 Բաղաամն ասաց Բաղակին. Մի՞թէ քեզ չասացի, թէ ինչ որ Աստուած իմ բերանը դնի, այն էլ կը հաղորդեմ քեզ։
13 Բաղակն ասաց նրան. Դարձեալ ինձ հետ արի՛ մի ուրիշ տեղ, որտեղից իսրայէլացիներին ամբողջութեամբ չես տեսնի, այլ կը տեսնես նրանց մի մասը։ Այնտեղից նրանց անիծի՛ր ինձ համար։
14 Նա վերցրեց նրան ու գնաց բարձրանիստ մի ագարակ, Կոփածոյ լերան գագաթը, այնտեղ կառուցեց եօթը բագին եւ ամէն մի բագինի վրայ զոհեց մէկական զուարակ ու խոյ։
15 Բաղաամն ասաց Բաղակին. Դու կանգնի՛ր քո զոհի մօտ, իսկ ես գնամ Աստծու մօտ հարցում անելու։
16 Աստուած ընդառաջ եկաւ Բաղաամին, խօսք դրեց նրա բերանը՝ ասելով. Վերադարձի՛ր Բաղակի մօտ եւ յայտնի՛ր ասելիքս։
17 Բաղաամը վերադարձաւ Բաղակի մօտ, որը կանգնած էր իր ողջակէզի մօտ։ Նրա հետ էին նաեւ մովաբացի բոլոր իշխանները։ Բաղակը հարցրեց նրան. Ի՞նչ խօսեց Տէրը։
18 Բաղաամն առակի ձեւով պատասխանեց նրան. Վե՛ր կաց, Բաղա՜կ, եւ լսի՛ր, իբրեւ վկայ ակա՛նջ դիր, ո՜վ Սեպփորի որդի։
19 Աստուած մարդու նման չէ, որ արթնանայ, եւ ոչ էլ մարդու որդու նման, որ սպառնայ։ Դու ասացիր, թէ չի անի, կ՚ասի, բայց չի իրականացնի։
20 Արդ, ես հրաման եմ ստացել, որ օրհնեմ, ուրեմն կ՚օրհնեմ եւ չեմ հրաժարուի դրանից։
21 Յակոբի սերունդները թող նեղութիւն չկրեն, Իսրայէլի յետնորդները յոգնութիւն չզգան։ Նրանց Տէր Աստուածը իրենց հետ է, իշխանների փառքն ու պատիւը՝ նրանց մէջ։
22 Աստուա՛ծ նրանց հանեց Եգիպտոսից, եւ նա միեղջերուի նման իր վրայ փառք է կրում։
23 Յակոբի յետնորդների մէջ կախարդութիւն անող չկայ, ոչ էլ Իսրայէլի յետնորդների մէջ՝ մոգութիւն։ Ժամանակին թող յայտնուի Յակոբի ու Իսրայէլի սերունդներին, ինչ որ կատարելու է Աստուած։
24 Ահա այդ ժողովուրդն իբրեւ առիւծի կորիւն ոտքի պէտք է ելնի եւ իբրեւ առիւծ պէտք է պարծենայ։ Նա չի քնելու, մինչեւ չլափի իր զոհին, չխմի խոցոտուածների արիւնը։
25 Բաղակն ասաց Բաղաամին. Ինձ համար նրան անիծելով մի՛ անիծիր, եւ ոչ էլ օրհնելով օրհնիր նրան։
26 Պատասխան տալով՝ Բաղաամն ասաց Բաղակին. Քեզ հետ չխօսեցի՞, չասացի՞, թէ՝ Ինչ որ Աստուած կ՚ասի ինձ, այն էլ կ՚անեմ։
27 Բաղակն ասաց Բաղաամին. Արի՛ քեզ տանեմ մի այլ տեղ, գուցէ դա հաճոյ լինի Աստծուն, եւ ինձ համար դու այնտեղից անիծես իսրայէլացիներին։
28 Բաղակը Բաղաամին տարաւ կատարը Փոգոր լերան, որը դէպի անապատ է ձգւում։
29 Բաղաամն ասաց Բաղակին. Ինձ համար այստեղ եւս եօթը բագին կառուցի՛ր եւ ինձ համար այստեղ եօթը զուարակ ու եօթը խոյ պատրաստի՛ր։
30 Բաղակն արեց այնպէս, ինչպէս նրան ասել էր Բաղաամը. նա մէկական զուարակ ու խոյ ողջակիզեց բագինների վրայ։