ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ. Chapter 20

1 Եթէ պատերազմի ելնես քո թշնամիների դէմ եւ տեսնես, որ նրանց նժոյգները, հեծեալներն ու ռազմի դաշտ եկած ժողովուրդը թուով քեզանից շատ են, մի՛ վախեցիր նրանցից, որովհետեւ Եգիպտացիների երկրից քեզ դուրս բերած քո Տէր Աստուածը քեզ հետ է։
2 Երբ հասնի պատերազմելու ժամը, քահանան մօտ գալով՝ թող խօսի ժողովրդի հետ
3 եւ ասի նրանց. Լսեցէ՛ք, իսրայէլացինե՜ր, ահաւասիկ դուք այսօր պատերազմի էք ելնում ձեր թշնամիների դէմ։ Ձեր սրտերը թող չթուլանան, մի՛ վախեցէք, մի՛ զարհուրէք ու նրանցից խոյս մի՛ տուէք,
4 որովհետեւ մեր Տէր Աստուածը ձեզ հետ գնում է ձեր առջեւից, որպէսզի ձեզ հետ պատերազմելով ձեր թշնամիների դէմ՝ փրկի ձեզ։
5 Զօրահաւաք կազմակերպած սպաները թող խօսեն ժողովրդի հետ եւ ասեն. Այն մարդը, որը նոր տուն է կառուցել, բայց բնակարանամուտ չի արել, թող վերադառնայ իր տունը. չլինի թէ պատերազմի ժամանակ նա սպանուի, եւ նրա փոխարէն մի ուրիշ մարդ բնակարանամուտ անի։
6 Այն մարդը, որն այգի է տնկել, բայց դեռ դրա բերքը չի վայելել, թող գնայ ու վերադառնայ իր տունը. չլինի թէ պատերազմի ժամանակ սպանուի, եւ նրա փոխարէն մի ուրիշ մարդ դրա բերքը վայելի։
7 Այն մարդը, որը մի աղջկայ հետ նշանուել է, բայց նրա հետ դեռ չի ամուսնացել, թող գնայ ու վերադառնայ իր տունը. չլինի թէ պատերազմի ժամանակ սպանուի, եւ նրա փոխարէն մի ուրիշ մարդ ամուսնանայ իր նշանածի հետ։
8 Սպաները դարձեալ թող խօսեն ժողովրդի հետ եւ ասեն. Այն մարդը, որ վախենում է, թուլասիրտ է, թող գնայ ու վերադառնայ իր տունը, որպէսզի իր եղբօրն էլ իր նման վախկոտ չդարձնի։
9 Երբ սպաները վերջացնեն ժողովրդի հետ խօսելը, զօրքի հրամանատարներ թող նշանակուեն բանակն առաջնորդնելու համար։
10 Եթէ մօտենաս մի քաղաքի, նախ նրա բնակիչներին խաղաղութեան կոչ կ՚անես։
11 Եթէ խաղաղութիւնն ընդունեն եւ քո առջեւ բաց անեն դարպասները, ապա այդ քաղաքի մէջ գտնուող ամբողջ ժողովուրդը հարկատու եւ հնազանդ թող լինի քեզ։
12 Իսկ եթէ չհնազանդուեն քեզ եւ պատերազմեն քո դէմ, ապա կը պաշարես քաղաքը,
13 մինչեւ որ քո Տէր Աստուածը այն մատնի քո ձեռքը. եւ դու սրակոտոր կ՚անես նրա բոլոր արական սեռի բնակիչներին,
14 կը խնայես կանանց, ապրանքներն ու բոլոր անասունները։ Քաղաքում գտնուող ամէն ինչ ու մնացած մարդկանց աւար կը վերցնես եւ կը սեփականացնես քո Տէր Աստծու՝ քեզ յանձնած թշնամիներիդ ամբողջ աւարը։
15 Նոյն կերպ կը վարուես քեզանից շատ հեռու գտնուող բոլոր քաղաքների հետ, որոնք այդ ազգերի քաղաքներից չեն։
16 Քո Տէր Աստծու քեզ իբրեւ սեփականութիւն տուած երկրի քաղաքների բնակիչներից ոչ մէկին կենդանի չթողնէք,
17 ամբողջապէս ոչնչացրէ՛ք նրանց՝ քետացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խեւացիներին, յեբուսացիներին եւ գերգեսացիներին, ինչպէս պատուիրել է քո Տէր Աստուածը,
18 որպէսզի սրանք ձեզ չսովորեցնեն անել իրենց այն բոլոր գարշելի բաները, որ նրանք անում են իրենց չաստուածների համար։ Դրանով դուք մեղանչած կը լինէք ձեր Տէր Աստծու առջեւ։
19 Եթէ նստել պաշարել ես մի քաղաք, եւ այն գրաւելու համար պէտք լինի երկար ժամանակ պատերազմել նրա դէմ, ապա կացնահարելով նրա պտղատու ծառերը չկտրես. դրանց պտղից կե՛ր, բայց մի՛ կտրիր. ծառը միթէ դաշտում գտնուող մա՞րդ է, որ կարողանայ քեզանից հեռանալով՝ պաշարուածներին միանալ։
20 Կտրի՛ր ու կոտորի՛ր այն ծառը, որ գիտես, թէ պտղատու չէ, այն կտրի՛ր ու կտրատի՛ր եւ դրանով քո դէմ պատերազմող քաղաքի շուրջը պատնէշ կառուցի՛ր, մինչեւ որ այդ քաղաքը յանձնուի։