ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ. Chapter 11

1 Քո կեանքի բոլոր օրերին պէտք է սիրես քո Տէր Աստծուն, պահես նրա պատգամները, օրէնքները, պատուիրաններն ու կանոնները։
2 Այսօր պէտք է իմանաք, որ խօսքը չի վերաբերում ձեր որդիներին, որոնք ո՛չ գիտեն, ո՛չ էլ տեսել են քո Տէր Աստծու խրատը, նրա մեծագործութիւնները, ամուր ձեռքը եւ հզօր բազուկը,
3 նրա նշաններն ու զարմանահրաշ գործերը, որ նա արեց Եգիպտոսում եգիպտացիների արքայ փարաւոնի եւ նրա ամբողջ երկրի հանդէպ։
4 Նաեւ այն, թէ Տէրն ինչ բերեց եգիպտացիների զօրքերի, նրանց կառքերի ու երիվարների գլխին, թէ ինչպէս նրանց ջրասոյզ արեց Կարմիր ծովի մէջ, երբ սրանք յարձակւում էին մեր թիկունքից, եւ անհետացրեց նրանց յաւիտեան։
5 Նաեւ այն, թէ ինչ արեց ձեզ համար անապատում, մինչեւ որ եկաք այս վայրը։ Նաեւ այն,
6 թէ ինչ բերեց Դաթանի ու Աբիրոնի գլխին, որոնք Ռուբէնի ցեղից Եղիաբի որդիներն էին, թէ ինչպէս երկիրն իր երախը բանալով կուլ տուեց նրանց, նրանց տներն ու վրանները, նրանց հետ եւ այն ամէնը, ինչ ունէին ամբողջ Իսրայէլում։
7 Խօսքը վերաբերում է ձեզ, քանի որ ձեր աչքերով իսկ տեսաք Տիրոջ բոլոր մեծամեծ գործերը, որ նա արեց ձեր մէջ մինչեւ այսօր։
8 Պահեցէ՛ք, ուրեմն, նրա բոլոր պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ ձեզ, որպէսզի ապրէք, բազմանաք, մտնէք ու ժառանգէք այն երկիրը, դէպի ուր անցնում էք Յորդանան գետով,
9 որպէսզի երկար ապրէք այն երկրում, որ Տէրը երդուեց տալ ձեր հայրերին եւ նրանցից յետոյ՝ նրանց զաւակներին, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում։
10 Այն երկիրը, ուր դուք մտնելու էք ժառանգելու համար, նման չէ Եգիպտացիների երկրին, որտեղից դուք դուրս եկաք. մի երկիր, ուր սերմը ցանում են ու ջրում ոտքերով, որպէս թէ բանջարանոց լինի։
11 Այն երկիրը, ուր դուք պիտի մտնէք ժառանգելու համար, լեռնային ու հովտային երկիր է. այն ոռոգւում է երկնքից թափուող անձրեւով։
12 Դա մի երկիր է, որը քո Տէր Աստուածն է խնամում, տարուայ սկզբից մինչեւ տարուայ վերջը քո Տէր Աստծու աչքը միշտ նրա վրայ է։
13 Եթէ ուշադրութեամբ լսես նրա բոլոր պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ քեզ, այն է՝ սիրես քո Տէր Աստծուն, պաշտես նրան քո ամբողջ հոգով ու քո ամբողջ էութեամբ,
14 ապա նա ձեր երկրին կը տայ ըստ ժամանակի պահանջուող առաջին ու վերջին անձրեւը, որպէսզի կարողանաս ամբարել քո ցորենը, գինին ու իւղը։
15 Նա քո դաշտերին խոտ կը տայ քո անասունի համար։ Կ՚ուտես եւ կը յագենաս։
16 Զգո՛յշ եղէք, չլինի թէ ամբարտաւանանան ձեր հոգիները, մեղք գործէք, օտար աստուածներ պաշտէք ու երկրպագէք նրանց։
17 Այն ժամանակ Տէրը խիստ կը զայրանայ ձեզ վրայ, արգելք կը դնի երկնքի վրայ, անձրեւ չի լինի, հողն իր բերքը չի տայ, եւ դուք շատ արագ կը կորչէք այս լաւ երկրից, որ Տէրը տուել է ձեզ։
18 Այս խօսքերը ի պահ դրէ՛ք ձեր մտքում ու ձեր հոգում։ Դրանք որպէս նշան կապեցէ՛ք ձեր ձեռքերին, որ մշտապէս մնան ձեր աչքերի առջեւ։
19 Դուք դրանք սովորեցրէ՛ք ձեր որդիներին եւ դրանց մասին խօսեցէ՛ք տանը նստելիս ու ճանապարհ գնալիս, պառկելիս ու վեր կենալիս։
20 Դրանք գրեցէ՛ք ձեր տների մուտքերին ու դռների վրայ,
21 որպէսզի ձեր կեանքը երկար լինի, իսկ ձեր որդիների կեանքը այն երկրի վրայ, որ Տէրը երդուել է տալ ձեր հայրերին, լինի այնքան երկար, որքան որ երկինքը կը լինի երկրի վրայ։
22 Եթէ ուշադրութեամբ լսէք այս բոլոր պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ, որ անէք, այն է՝ սիրէք ձեր Տէր Աստծուն, գնաք նրա ճանապարհով ու յարէք նրան,
23 ապա Տէրը ձեր առջեւից կը հեռացնի այդ բոլոր ազգերին, եւ դուք կը նուաճէք ձեզանից մեծ ու հզօր ազգերին։
24 Բոլոր այն վայրերը, ուր կը կոխեն ձեր ոտքերը, ձերը կը լինեն. անապատից մինչեւ Անդրլիբանան, Եփրատ մեծ գետից մինչեւ Արեւմտեան ծովը կը լինեն ձեր սահմանները։
25 Ոչ ոք ձեզ չի դիմադրի, ձեր ահն ու սարսափը ձեր Տէր Աստուածը կը սփռի ամբողջ երկրի վրայ, ուր ոտք կը դնէք դուք, ինչպէս ասել է ձեզ Տէրը։
26 Ես այսօր, ահա, ձեր առջեւ դնում եմ օրհնութիւններ ու անէծքներ։
27 Օրհնութիւն կը ստանաք, եթէ լսէք ձեր Տէր Աստծու պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ,
28 եւ անէծքներ՝ եթէ չլսէք ձեր Տէր Աստծու պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ ձեզ, շեղուէք այն ճանապարհից, որ ես ցոյց տուեցի ձեզ, գնաք պաշտէք ձեզ անծանօթ օտար աստուածներ։
29 Երբ քո Տէր Աստուածը քեզ տանի այն երկիրը, դէպի ուր անցնում ես Յորդանան գետով, որպէսզի ժառանգես այն, ապա օրհնութի՛ւն առաքիր Գարիզին լերան վրայ եւ անէ՛ծք՝ Գեբաղ լերան վրայ։
30 Չէ՞ որ դրանք Յորդանան գետի այն կողմում են, Քանանացիների երկրի արեւմտեան ճանապարհի յետեւում, Գաղգաղի մօտ, բարձր կաղնու մերձակայքում։
31 Եւ դուք անցէ՛ք Յորդանան գետով՝ մտնելու եւ ժառանգելու համար այն երկիրը, որ Տէր Աստուածը տալու է ձեզ որպէս ժառանգութիւն բոլոր օրերի համար։ Ժառանգեցէ՛ք այն եւ բնակուեցէ՛ք նրա մէջ։
32 Զգո՛յշ եղէք, որ կատարէք նրա բոլոր հրամանները եւ կանոնները, որ ես այսօր դնում եմ ձեր առաջ։