ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ. Chapter 8

1 Տեսէ՛ք, որ կատարուեն ձեզ հաղորդած իմ բոլոր պատուիրանները, որպէսզի ապրէք, բազմապատկուէք, մտնէք ու ժառանգէք այն երկիրը, որ Տէրը երդուեց տալ մեր հայրերին։
2 Յիշի՛ր այն ամբողջ ճանապարհը, որով Տէրը քեզ առաջնորդեց անապատի միջով, որպէսզի քեզ տանջելով փորձի ու իմանայ, թէ ինչ կայ քո սրտում, թէ պահո՞ւմ ես նրա պատուիրանները, թէ՞ ոչ։
3 Նա տանջեց քեզ, սովահար արեց, կերակրեց քեզ մանանայով, որին ծանօթ չէիր, եւ որին ծանօթ չէին նաեւ քո հայրերը, որպէսզի քեզ ցոյց տայ, թէ մարդը միայն հացով չէ, որ ապրում է, այլ մարդն ապրում է նաեւ այն ամէն խօսքով, որ ելնում է Աստծու բերանից։
4 Քո զգեստները չմաշուեցին, քո ոտքերը քառասուն տարի կոշտուկներով չպատուեցին։
5 Հոգուդ մէջ պիտի համոզուես, որ ինչպէս մարդ խրատում է իր որդուն, այնպէս էլ քո Տէր Աստուածը պիտի խրատի քեզ։
6 Պահի՛ր քո Տէր Աստծու պատուիրանները, որպէսզի գնաս նրա ճանապարհներով եւ երկիւղ կրես նրանից։
7 Քո Տէր Աստուած քեզ կը տանի լաւ ու բերրի մի երկիր, ուր ջրերի վտակներ ու երկրի խորքերից աղբիւրներ են բխում դաշտերում ու լեռներում։
8 Դա ցորենի, գարու եւ գինու, այգիների ու նռնենիների երկիր է, ձիթենիների, իւղի ու մեղրի երկիր,
9 ուր առանց նեղութիւն զգալու քո հացը պիտի ուտես եւ նրանում ոչ մի բանի կարօտ պիտի չլինես։ Դա մի երկիր է, որի քարերը երկաթ են, իսկ նրա լեռներից կարող ես պղինձ ստանալ։
10 Կ՚ուտես, կը յագենաս ու կ՚օրհնես քո Տէր Աստծուն այն լաւ երկրում, որ նա տուել է քեզ։
11 Զգո՛յշ եղիր, չլինի թէ մոռանաս քո Տէր Աստծուն, չպահես նրա պատուիրանները, նրա այն կանոններն ու օրէնքները, որ ես հաղորդում եմ քեզ։
12 Այնպէս չլինի, որ ուտելուց ու կշտանալուց յետոյ, գեղեցիկ տներ կառուցելուց ու դրանց մէջ բնակուելուց յետոյ,
13 քո արջառն ու ոչխարը բազմանալուց յետոյ, քո արծաթն ու ոսկին շատանալուց յետոյ, քո ունեցած ամէն ինչը բազմանալուց յետոյ,
14 գոռոզամտանաս ու մոռանաս քո Տէր Աստծուն, որը քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից,
15 քեզ անցկացրեց մեծ ու ահազդու անապատի միջով, ուր օձն ու կարիճն են խայթում, ծարաւը տանջում, ուր ջուր չկար, բայց նա քեզ համար ապառաժ քարից ջրի աղբիւր բխեցրեց։
16 Նա քեզ անապատում կերակրեց քո հայրերին անծանօթ մանանայով, որպէսզի քեզ տանջի ու փորձի եւ վերջում բարութիւն անի քեզ։
17 Մի՛ ասա քո մտքում, թէ՝ Իմ ուժով ու ձեռքի զօրութեամբ եմ տիրացել ես այս մեծ հարստութեան,
18 այլ յիշի՛ր քո Տէր Աստծուն, որովհետեւ նա է քեզ ուժ տալիս այդ հարստութեան հասնելու համար, որպէսզի հաստատի իր այն ուխտը, որ դրել է քո հայրերի հետ, ինչպէս տեսնում ես այսօր։
19 Եթէ պատահի, որ մոռանաս քո Տէր Աստծուն, գնաս օտար աստուածների յետեւից, ծառայես ու երկրպագես դրանց, ապա այսօր երդւում եմ երկնքով ու երկրով, որ դուք անհետ կը կորչէք։
20 Եթէ չլսէք ձեր Տէր Աստծու ձայնը, կը կորչէք այնպէս, ինչպէս կորան միւս ազգերը, որոնց վերացրեց Տէրը ձեր առջեւից։