ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ. Chapter 3

1 Այդտեղից վերադառնալով գնացինք Բասան տանող ճանապարհով։ Բասանի արքայ Օգը, ինքն ու իր ամբողջ ժողովուրդը Սեդրայինում պատերազմի ելան մեր դէմ։
2 Տէրն ինձ ասաց. Նրանից մի՛ վախեցիր, որովհետեւ քո ձեռքն եմ մատնելու նրան, նրա ամբողջ ժողովրդին ու նրա ամբողջ երկիրը։ Նրա հետ կը վարուես այնպէս, ինչպէս վարուեցիր Եսեբոնում բնակուող ամորհացի արքայ Սեհոնի հետ։
3 Եւ մեր Տէր Աստուածը Բասանի արքայ Օգին ու նրա ամբողջ ժողովրդին մատնեց մեր ձեռքը։ Մենք կոտորեցինք նրանց այնպէս, որ նրանցից ոչ ոք կենդանի չմնաց։
4 Այդ ժամանակ մենք նուաճեցինք նրա բոլոր քաղաքները։ Քաղաք չկար, որ նրանից խլած չլինէինք։ Բասանի Օգ թագաւորը Արգոբ գաւառի շրջակայքում ունէր ընդամէնը վաթսուն քաղաք։
5 Բոլոր քաղաքներն ամրացրել էին բարձր պարիսպներով, դարպասներով ու դռնափակերով, բացի փերեզացիների չամրացուած քաղաքներից, որոնք բաւական շատ էին։
6 Նրանց կոտորեցինք այնպէս, ինչպէս Եսեբոնի արքայ Սեհոնին։ Մէկ առ մէկ աւերեցինք բոլոր քաղաքները, կոտորեցինք կանանց ու մանուկներին։ Ոչ մէկը մազապուրծ չեղաւ։
7 Բոլոր անասունները աւար առանք ու քաղաքները կողոպտեցինք։
8 Այդ ժամանակ ամորհացիների երկու թագաւորներից գրաւեցինք Յորդանան գետի այն կողմում գտնուող երկիրը Առնոնից մինչեւ Հերմոն։
9 Փիւնիկեցիները Հերմոնն անուանում էին Սանիոր, իսկ ամորհացիները՝ Սանիր։
10 Միսորի բոլոր քաղաքները, ամբողջ Գաղաադը, ամբողջ Բասանը մինչեւ Եղքա ու Եդրային Օգի թագաւորութեան քաղաքներն էին Բասանում։
11 Ռափայինեաններից մնաց միայն Բասանի թագաւոր Օգը։ Նրա մահճակալը, որ երկաթից էր, հիմա գտնւում է Ամոնի յետնորդների ամրոցում։ Հսկաների կանգունով չափած՝ ինը կանգուն էր դրա երկարութիւնը, եւ չորս կանգուն՝ դրա լայնութիւնը։
12 Այդ երկիրն այն ժամանակ ժառանգեցինք Առնոնի ձորի եզերքում գտնուող Արոյերից սկսած։ Գաղաադի ձորի կէսն ու նրա քաղաքները տուեցի Ռուբէնի ու Գադի ցեղերին։
13 Գաղաադի մնացած մասն ու ամբողջ Բասանը՝ Օգի թագաւորութիւնը, նաեւ Արգոբի ամբողջ գաւառն ու ամբողջ Բասանը, որը ռափայինեանների երկիր էր համարւում, տուեցի Մանասէի կէս ցեղին։
14 Մանասէի որդի Յայիրը գրաւեց Արգոբի ամբողջ գաւառը մինչեւ Գարգասիի ու Ոմքատիի սահմանները, եւ Բասանն այն իր անունով կոչեց Աւոթիեր, եւ մինչեւ այսօր էլ կոչւում է այդպէս։
15 Ես Մաքիրին տուեցի Գաղաադը,
16 իսկ Ռուբէնի ու Գադի ցեղերին տուեցի Գաղաադից մինչեւ Առնոնի ձորն ընկած երկիրը, որի սահմանն անցնում է ձորի միջով եւ հասնում մինչեւ Յաբոկ։ Ձորը ամոնացիների սահմանն է։
17 Արաբան ու Յորդանան գետը նրա սահմանն են Քեներեթից մինչեւ Արաբայի ծովը՝ Աղի ծովը, որը գտնւում է Փասգայից արեւելք՝ Ասեդոթում։
18 Այն ժամանակ ես ձեզ պատուիրեցի՝ ասելով. Մեր Տէր Աստուածը այս երկիրը ձեզ տուեց որպէս ժառանգութիւն։ Ձեզանից ով խիզախ է, թող սպառազինուի ու անցնի իր եղբայրների՝ իսրայէլացիների գլուխը։
19 Իսկ ձեր կանայք, երեխաները եւ անասունները (գիտեմ, որ շատ անասուն ունէք) թող բնակուեն ձեր այն քաղաքներում, որ ես տուել եմ ձեզ,
20 մինչեւ որ մեր Տէր Աստուածը տեղաւորի ձեր եղբայրներին, ինչպէս որ ձեզ տեղաւորեց, որպէսզի նրանք էլ ժառանգեն այն երկիրը, որ մեր Տէր Աստուածը տալու է նրանց Յորդանան գետի այն կողմում։ Այն ժամանակ կը վերադառնաք ժառանգութիւն ստացած ձեր այն երկիրը, որ ես տուել եմ ձեզ։
21 Այն ժամանակ ես Յեսուին պատուիրեցի՝ ասելով. Ձեր աչքերով իսկ տեսաք այն ամէնը, ինչ Տէր Աստուածն արեց այդ երկու թագաւորներին։ Տէրը նոյն կերպ կը վարուի բոլոր այն թագաւորութիւնների հետ, որոնց վրայ կը յարձակուես դու։
22 Մի՛ վախեցէք, որովհետեւ մեր Տէր Աստուածն ինքն է պատերազմելու ձեր փոխարէն։
23 Այդ ժամանակ աղաչեցի Տէր Աստծուն՝ ասելով.
24 Տէ՛ր, Տէ՛ր, դու սկսեցիր քո ծառային ցոյց տալ քո մեծութիւնն ու զօրութիւնը, ամուր ձեռքն ու հզօր բազուկը։ Երկնքում կամ երկրի վրայ գտնուող այդ ո՞ր աստուածն է, որ կարող է անել այն, ինչ դու արեցիր քո զօրութեամբ։
25 Արդ, շնո՛րհ արա, որ անցնեմ, տեսնեմ Յորդանան գետից այն կողմ գտնուող լաւ երկիրը, սքանչելի լեռն ու Անդրլիբանանը։
26 Տէրը ձեր պատճառով զայրացաւ ու ինձ չլսեց։ Տէրն ինձ ասաց. Բաւական է, այլեւս ինձ հետ այդ մասին չխօսես։
27 Բարձրացի՛ր Կոփուած լերան գագաթը, աչքերովդ նայի՛ր ծովի, հիւսիսի, հարաւի ու արեւելքի ուղղութեամբ, աչքերովդ տե՛ս, որովհետեւ Յորդանան գետի այն կողմը չես անցնելու դու։
28 Քո պատուէրները տո՛ւր Յեսուին, զօրացրո՛ւ, քաջալերի՛ր նրան, որովհետեւ նա է անցնելու իմ այդ ժողովրդի գլուխը, եւ նա է քո տեսած երկիրն իբրեւ սեփականութիւն յանձնելու նրանց։
29 Այն ժամանակ մենք հաստատուեցինք հովտում, Փոգորի տան մօտ։