ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ. Chapter 18

1 Ղեւտացի քահանաները՝ Ղեւիի որդիները, իսրայէլացիների հետ բաժին ու ժառանգութիւն չպէտք է ունենան։ Տիրոջն արուած նուիրաբերումնե՛րը թող լինեն նրանց բաժինը. դրա՛նք թող ուտեն։
2 Նրանք իրենց եղբայրների մէջ բաժին չպէտք է ունենան, որովհետեւ Տիրոջը ծառայելն է նրանց բաժինը, ինչպէս որ Տէրն ասել է նրանց։
3 Զոհեր մատուցող ժողովուրդը իբրեւ բաժին քահանային պէտք է յատկացնի հետեւեալը. եթէ զոհը արջառ է կամ ոչխար, քահանային պէտք է տրուի թեւը, ծնօտներն ու փորը։
4 Նրանց պէտք է տաս նաեւ քո ցորենի, գինու, իւղի առաջին բերքը, քո ոչխարների առաջին խուզից ստացած բուրդը,
5 որովհետեւ Տէրը քո բոլոր ցեղերի միջից Ղեւիին է ընտրել, որպէսզի նա ու նրա որդիները յաւիտեանս կանգնեն ձեր Տէր Աստծու առջեւ, ծառայեն նրան ու օրհնութիւն տան նրա անուամբ։
6 Իսկ եթէ իսրայէլացիներին պատկանող մի քաղաքից գայ այնտեղ բնակուող ղեւտացին եւ ըստ իր ցանկութեան գայ Տիրոջ ընտրած վայրը,
7 որպէսզի Տէր Աստծու առջեւ այնտեղ կանգնած իր ղեւտացի բոլոր եղբայրների նման ծառայի քո Տէր Աստծուն,
8 ապա թող ուտի իրեն հասանելիք բաժինը՝ անկախ իր հայրական ունեցուածքից ստացած եկամուտներից։
9 Եթէ մտնես Տէր Աստծու քեզ տուած երկիրը, չիւրացնես այդտեղ ապրող ազգերի գարշելի սովորութիւնները։
10 Ձեր մէջ թող չգտնուի այնպիսի մէկը, որն իր տղային կամ աղջկան կրակի բովից անցկացնի, կախարդութեամբ կամ գուշակութեամբ զբաղուի, թռչուններին նայելով կանխագուշակումներ անի,
11 մոգութիւններով զբաղուի, վհուկ կամ սուտ մարգարէ լինի, ոգեհարցութեամբ զբաղուի,
12 որովհետեւ Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղւում է այդպիսի բաներով. այդպիսի գարշելի բաների համար է, որ Տէրը նրանց վերացնում է քո միջից։
13 Քո Տէր Աստծու առջեւ կատարեալ պէտք է լինես։
14 Քո ժառանգելիք երկրի մարդիկ հաւատում են հմայութիւններին ու կախարդութիւններին, բայց քո Տէր Աստուածը քեզ այդպէս վարուելու հրաման չի տուել։
15 Քո եղբայրների միջից քո Տէր Աստուածը ինձ նման մարգարէ պիտի մէջտեղ հանի, նրա՛ն կը լսէք,
16 քանի որ, երբ Քորէբում հաւաքուել էիք, ձեր Տէր Աստծուն խնդրելով՝ ասում էիք. Այլեւս չլսենք մեր Տէր Աստծու ձայնը, այդ մեծ կրակն այլեւս չտեսնենք, որպէսզի չմեռնենք։
17 Այն ժամանակ Տէրն ինձ ասաց. Ճիշտ է այն ամէնը, ինչ նրանք ասացին.
18 ես նրանց եղբայրներից քեզ նման մի մարգարէ մէջտեղ կը հանեմ, իմ պատգամները կը դնեմ նրա բերանը, եւ նա նրանց կ՚ասի այն, ինչ ես կը պատուիրեմ նրան։
19 Այն մարդը, որ չի լսի իմ անունից խօսող մարգարէին, նրանից վրէժ կը լուծեմ։
20 Իսկ եթէ մարգարէն յանդգնի իմ անունից ասել այնպիսի բաներ, որ ես չեմ հրամայել ասել, կամ եթէ խօսի օտար աստուածների անունից, ապա այդ մարգարէն պէտք է մեռնի։
21 Եթէ ձեր մտքում ասէք՝ Ինչպէ՞ս իմանանք, թէ Տէրը չի ասել այդ խօսքերը,
22 ապա իմացէ՛ք. եթէ Տիրոջ անունից մարգարէի ասածը չի կատարւում, չի լինում, ապա դա Տիրոջ ասած խօսքը չէ. մարգարէն ամբարշտութեամբ է խօսել, ուրեմն մի՛ թողէք նրան խօսել։