ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ. Chapter 7

1 Երբ քո Տէր Աստուածը քեզ տանի այն երկիրը, ուր պիտի մտնես այն ժառանգելու համար, եւ քո առջեւից հալածի մեծ ու բազմաթիւ ազգերին՝ քետացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խեւացիներին ու յեբուսացիներին՝ քեզանից մեծ ու հզօր եօթը ազգերին,
2 եւ քո Տէր Աստուածը նրանց մատնի քո ձեռքը, կը հարուածես, կ՚ոչնչացնես նրանց։ Նրանց հետ ուխտ չդնես եւ նրանց չխնայես։
3 Նրանց հետ խնամութիւն չհաստատես. քո աղջկան նրա որդուն չտաս, նրա աղջկան քո որդու համար կին չառնես,
4 որովհետեւ քո որդուն իմ դէմ կ՚ապստամբեցնեն. նա օտար աստուածներ կը պաշտի, եւ Տէրը սաստիկ կը բարկանայ ձեզ վրայ ու անմիջապէս կը կոտորի ձեզ։
5 Այսպէս կը վարուէք նրանց հետ. քարուքանդ կ՚անէք նրանց բագինները, ջարդուփշուր կ՚անէք նրանց արձանները, կը կոտորէք նրանց անտառները, կրակի կը մատնէք նրանց կուռքերը։
6 Դու ես քո Տէր Աստծու սուրբ ժողովուրդը, եւ քո Տէր Աստուածը քե՛զ է ընտրել, որ դու լինես իր սեփական ժողովուրդը, քան թէ երկրի վրայ ապրող մնացած բոլոր ազգերը։
7 Տէրը բարեհաճեց ու ընտրեց ձեզ ոչ նրա համար, որ դուք բոլոր ազգերից բազմամարդ էք, քանի որ դուք բոլոր ազգերից սակաւաթիւ էք,
8 այլ նրա համար, որ Տէրը սիրում էր ձեզ եւ ուզում էր պահել այն երդումը, որ նա տուել էր ձեր հայրերին։ Տէրն ամուր ձեռքով ու հզօր բազկով ձեզ դուրս բերեց, ձեզ փրկեց ստրկութեան տնից՝ եգիպտացիների արքայ փարաւոնի ձեռքից։
9 Պէտք է իմանաս, որ քո Տէր Աստուածն է Աստուածը, հաւատարիմ Աստուածը։ Նա պահում է իրեն սիրող եւ իր պատուիրանները պահող մարդկանց հետ արած ուխտն ու ողորմածութիւնը մինչեւ հազար սերունդ,
10 իսկ իրեն ատողներին փոխհատուցում է՝ նրանց սպանելով։ Նա իրեն ատողներին պատժում է առանց յապաղելու, ուղղակի փոխհատուցում նրանց։
11 Պէտք է պահես քեզ հաղորդած իմ պատուիրանները, օրէնքներն ու կանոնները։
12 Եթէ ենթարկուես այս բոլոր օրէնքներին եւ պահես ու գործադրես դրանք, ապա քո Տէր Աստուածը կը կատարի իր արած ուխտն ու ողորմածութիւնը, ինչպէս որ երդուել է մեր հայրերին։
13 Նա կը սիրի, կ՚օրհնի ու կը բազմացնի քեզ։ Նա կ՚օրհնի քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը՝ ցորենը, գինին ու իւղը, քո արջառների նախիրները, քո ոչխարների հօտերը այն երկրում, որ երդուեց Տէրը տալ քո հայրերին։
14 Օրհնեալ կը լինես դու, քան բոլոր ազգերը։ Դու եւ քո անասունները ամուլ ու ստերջ չէք լինի։
15 Տէրը քեզանից կը վերացնի բոլոր հիւանդութիւնները։ Եգիպտացիների բոլոր սոսկալի ցաւերը, որոնք դու տեսար եւ իմացար, Տէրը քեզ վրայ չի բերի, այլ դրանք կը տայ քո թշնամիներին եւ բոլոր քեզ ատողներին։
16 Դու կը սպառես աւարն այն բոլոր ազգերի, որոնց քո ձեռքն է մատնել քո Տէր Աստուածը։ Քո աչքը թող չխնայի նրանց, եւ չպաշտես նրանց կուռքերը, որովհետեւ նրանք քեզ համար որոգայթ են։
17 Եթէ քո մտքում ասես, թէ՝ Այդ ազգի մարդիկ մեզանից շատ են, ես ինչպէ՞ս կարող եմ կոտորել նրանց,
18 ապա մի՛ վախեցիր նրանցից։ Լաւ յիշի՛ր, թէ քո Տէր Աստուածը ինչ բերեց փարաւոնի, նրա ծառաների ու բոլոր եգիպտացիների գլխին.
19 ինչպիսի մեծամեծ փորձանքներ, որ քո աչքերը տեսան, ինչպիսի նշաններ, մեծագործութիւններ, որ նա արեց ամուր ձեռքով եւ հզօր բազկով։ Ինչպէս որ քո Տէր Աստուածը քեզ դուրս բերեց այնտեղից, նոյնը կ՚անի քո Տէր Աստուածը այն բոլոր ազգերի նկատմամբ, որոնցից վախենում ես դու։
20 Քո Տէր Աստուածը նրանց վրայ իշամեղուներ կ՚ուղարկի, մինչեւ որ կոտորուեն վերապրողները եւ նրանք, որ թաքնուել են քեզանից։
21 Մի՛ վախեցիր նրանց ներկայութիւնից, որովհետեւ քո մեծ ու հզօր Տէր Աստուածը քո մէջ է։
22 Քո Տէր Աստուածը այդ ազգերին քո ներկայութիւնից կը վերացնի սակաւ առ սակաւ։ Դու չես կարող նրանց միանգամից կոտորել, որպէսզի երկիրն ամայի չդառնայ, եւ անապատի գազանները չբազմանան քո շուրջը։
23 Քո Տէր Աստուածը նրանց կը յանձնի քո ձեռքը եւ նրանց կը կոտորի մեծ պատուհասների մատնելով, մինչեւ որ մէջտեղից վերացնի նրանց։
24 Նա նրանց թագաւորներին կը յանձնի քո ձեռքը, եւ դու նրանց անունները կը ջնջես երկրի երեսից։ Ոչ ոք չի կանգնի քո դէմ, մինչեւ որ բնաջնջես նրանց։
25 Նրանց կռածոյ աստուածները կ՚այրես հրով։ Դրանց վրայ եղած արծաթի ու ոսկու վրայ աչք չունենաս, չվերցնես դրանք, որպէսզի դրանով մեղք գործած չլինես. դա քո Տէր Աստծու համար գարշելի է։
26 Այդպիսի պիղծ բան չտանես քո տունը, որպէսզի դու էլ դրա նման նզովուած չլինես։ Դու պէտք է բոլորովին զզուես եւ պիղծ համարես դա, որովհետեւ դա նզովուած է։