ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ. Chapter 30

1 Եթէ քեզ հասնեն իմ հաղորդած այս բոլոր պատգամները՝ օրհնութիւնները կամ անէծքները, եւ հոգուդ մէջ յիշես դրանք այն բոլոր ազգերի մէջ, ուր Տէրը քեզ ցրելու է,
2 դառնաս դէպի քո Տէր Աստուածը, քո ամբողջ հոգով ու էութեամբ լսես նրա խօսքը այն բոլոր գործերում, որ ես հաղորդում եմ քեզ այսօր,
3 ապա Տէրը կը ների քո բոլոր մեղքերը, կ՚ողորմի քեզ եւ դարձեալ ի մի կը հաւաքի քեզ բոլոր այն ժողովուրդների միջից, որոնց մէջ ցրել էր քեզ։
4 Եթէ դու ցրիւ ես եկել երկրի մի ծայրից մինչեւ միւս ծայրը, այդտեղից էլ կը հաւաքի քեզ քո Տէր Աստուածը։
5 Այնտեղից կը վերցնի քեզ քո Տէր Աստուածը եւ քո Տէր Աստուածը քեզ կը բերի քո հայրերի ժառանգած երկիրը։ Կը ժառանգես այն, քեզ համար լաւ կը լինի, եւ Աստուած քեզ քո հայրերից տասնապատիկ աւելի կը բազմացնի։
6 Տէրը կը մաքրի քո ու քո սերնդի սիրտը, որպէսզի քո Տէր Աստծուն սիրես քո ամբողջ հոգով ու էութեամբ, որպէսզի ապրէք դու եւ քո սերունդը։
7 Այն ժամանակ քո Տէր Աստուածը այս նզովքները կը թափի քեզ հալածող քո թշնամիների ու քեզ ատողների գլխին։
8 Դու շուռ կը գաս, կը լսես քո Տէր Աստծու խօսքը եւ կը կատարես նրա պատուիրանները, որոնք ես այսօր պատգամում եմ քեզ։
9 Քո Տէր Աստուածը քո որովայնի ծնունդներով, քո երկրի բերքով ու քո անասունների ծնունդներով յաջողութիւն կը պարգեւի քեզ քո ձեռնարկած բոլոր գործերում։ Քո Տէր Աստուածը դարձեալ կ՚ուրախանայ քեզ բարութիւն անելով, ինչպէս քո հայրերի համար էր ուրախացել,
10 եթէ լսես քո Տէր Աստծու ասածը՝ պահես ու կատարես այս օրէնքների գրքում գրուած նրա բոլոր պատուիրանները, նրա օրէնքներն ու նրա կանոնները, քո Տէր Աստծուն վերադառնաս քո ամբողջ հոգով ու էութեամբ։
11 Այն պատուիրանները, որոնք այսօր ես պատգամում եմ քեզ, ո՛չ դժուար են, ո՛չ էլ՝ քեզ անմատչելի։
12 Դրանք ո՛չ երկնքում են, որ ասես, թէ՝ Մեզնից ո՞վ կ՚ելնի երկինք, որ վերցնի դրանք, որ լսենք եւ կատարենք,
13 ո՛չ էլ՝ ծովի միւս ափին, որ ասես, թէ՝ Ո՞վ պիտի անցնի ծովի միւս կողմը, որ մեզ համար վերցնի դրանք, մեզ համար կարդայ, եւ մենք կատարենք։
14 Քեզ չափազանց մօտիկ է այդ խօսքը. քո բերանում, քո սրտում է, եւ դու ի վիճակի ես կատարելու այդ։
15 Այսօր, ահա, քո առջեւն եմ դնում կեանքն ու մահը, բարին ու չարը։
16 Եթէ լսես մեր Տէր Աստծու պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ՝ սիրես քո Տէր Աստծուն, ընթանաս նրա ճանապարհներով, պահես նրա օրէնքները, նրա պատուիրաններն ու նրա կանոնները, կ՚ապրէք ու բազմամարդ կը լինէք, եւ քո Տէր Աստուածը քեզ կ՚օրհնի ամբողջ երկրում, ուր կը մտնես այն ժառանգելու համար։
17 Իսկ եթէ քո միտքը փոխես, չհնազանդուես, մոլորուելով երկրպագես օտար աստուածների ու պաշտես դրանք,
18 ապա այսօր քեզ յայտնում եմ, որ կը կորչէք, երկար չէք մնայ այն երկրում, ուր դուք կ՚անցնէք Յորդանան գետը կտրելով՝ այն ժառանգելու համար։
19 Երդւում եմ ձեզ երկնքով ու երկրով, որ ձեր առջեւն եմ դնում կեանքն ու մահը, օրհնութիւններն ու անէծքները։ Ընտրի՛ր կեանքը, որպէսզի ապրէք դու եւ քո սերունդը։
20 Պէտք է սիրես քո Տէր Աստծուն, լսես նրա ասածը, կապուած մնաս նրան, որովհետեւ նա է քո կեանքն ու քո երկարակեցութիւնը, որպէսզի բնակուես այն երկրում, որ Տէրը երդուեց քո հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին, որ կը տայ նրանց։