ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ. Chapter 31

1 Մովսէսը բոլոր իսրայէլացիներին այս բաները հաղորդելուց յետոյ նրանց ասաց.
2 Այսօր ես հարիւր քսան տարեկան եմ, այլեւս չեմ կարող ո՛չ գնալ, ո՛չ գալ։ Տէրն ինձ ասել է՝ Յորդանան գետից այն կողմ չանցնես։
3 Քո Տէր Աստուածը, որ ընթանում է քո առջեւից, Նա՛ պիտի վերացնի քո առջեւից այդ ազգերին, եւ դու պիտի տիրես նրանց։ Յեսո՛ւն պիտի առաջնորդի քեզ, ինչպէս ասել է Տէրը։
4 Տէրը նրանց հետ պիտի վարուի այնպէս, ինչպէս վարուեց Սեհոնի ու Օգի հետ՝ Յորդանան գետի այն կողմում գտնուող ամորհացի երկու թագաւորների ու նրանց երկրի հետ,
5 որ կոտորէք նրանց։ Տէրը նրանց պիտի յանձնի ձեր ձեռքը, եւ դուք նրանց հետ պիտի վարուէք այնպէս, ինչպէս պատուիրել եմ ձեզ։
6 Քա՛ջ եղիր ու զօրացի՛ր, մի՛ երկնչիր ու մի՛ վախեցիր, մի՛ զարհուրիր նրանց ներկայութիւնից, քանի որ քո Տէր Աստուածն ինքը պիտի գնայ ձեր առջեւից, ձեր մէջ։ Նա չի լքելու ձեզ ու չի անտեսելու ձեզ։
7 Մովսէսը կանչեց Յեսուին ու բոլոր իսրայէլացիների առջեւ ասաց նրան. Քա՛ջ եղիր ու զօրացի՛ր, որովհետեւ այս ժողովրդին առաջնորդելով՝ դու պիտի մտնես այն երկիրը, որ ձեր հայրերի Տէրը երդուեց տալ նրանց, եւ դու պիտի նրանց սեփականութեան տէր դարձնես։
8 Քո առջեւից գնացող Տէրը չի լքելու եւ չի անտեսելու քեզ։ Մի՛ երկնչիր, մի՛ վախեցիր։
9 Մովսէսն այս օրէնքների բոլոր խօսքերը գրեց մատեանում, այն տուեց քահանաներին՝ Տիրոջ ուխտի տապանակը ուսամբարձ տանող Ղեւիի որդիներին եւ իսրայէլացի ծերերին։
10 Մովսէսն այդ օրը նրանց պատուիրելով՝ ասաց. Եօթը տարի յետոյ՝ թողութեան տարում, Տաղաւարահարաց տօնին,
11 երբ ամբողջ Իսրայէլը հաւաքուի, որպէսզի Տիրոջ ընտրած վայրում հանդիպէք ձեր Տէր Աստծուն, այս օրէնքները կը կարդաք իսրայէլացիների առջեւ, նրանց ականջին,
12 երբ ժողովուրդը՝ տղամարդիկ, կանայք, երեխաներն ու ձեր քաղաքներում գտնուող եկուորները հաւաքուած կը լինեն, որպէսզի լսեն ու սովորեն երկնչել մեր Տէր Աստծուց եւ սովորեն կատարել այս օրէնքի բոլոր պատգամները։
13 Նրանց անտեղեակ որդիները թող լսեն ու սովորեն երկնչել մեր Տէր Աստծուց այդ երկրում ապրելու բոլոր օրերին, այն երկրում, որ Յորդանան գետով անցնելով՝ պիտի ժառանգէք դուք։
14 Տէրն ասաց Մովսէսին. Ահա մօտեցան քո մահուան օրերը։ Կանչի՛ր Յեսուին, կանգնեցէ՛ք վկայութեան խորանի դռանը, որպէսզի պատուէր տամ նրան։ Մովսէսն ու Յեսուն գնացին դէպի վկայութեան խորանը եւ կանգնեցին վկայութեան խորանի դռանը։
15 Տէրն իջաւ ամպի սիւնի ձեւով ու կանգնեց վկայութեան խորանի դռանը։ Խորանի դռանը կանգնեց նաեւ ամպի սիւնը։
16 Տէրն ասաց Մովսէսին. Ահա դու պիտի մահանաս ու գնաս քո նախնիների մօտ. այս ժողովուրդը պիտի ելնի ու պոռնկանայ՝ հետեւելով օտար աստուածներին այն երկրի, որոնց բնակիչների մէջ պիտի մտնի։ Նա պիտի լքի ինձ ու պիտի խախտի իր հետ կնքած իմ ուխտը։
17 Այդ օրը սրտմտութեամբ պիտի բարկանամ նրանց վրայ, պիտի լքեմ նրանց, երեսս պիտի թեքեմ նրանցից, նրանք թշնամիների կեր պիտի դառնան, բազում չարիքներ ու նեղութիւններ պիտի կրեն ու այդ օրը պիտի ասեն. Այս չարիքները մեզ վրայ թափուեցին, քանի որ մեր Տէր Աստուածը մեզ հետ չէ։
18 Ես այդ օրը իմ երեսը պիտի դարձնեմ նրանցից բոլոր այն չարիքների համար, որ նրանք գործեցին, քանի որ յարեցին օտար աստուածների։
19 Ուրեմն գրեցէ՛ք օրհներգութեան այս խօսքերը, դրանք սովորեցրէ՛ք իսրայէլացիներին, դրանք դրէ՛ք նրանց բերանը, որպէսզի այդ օրհներգութիւնը իսրայէլացիների մէջ ինձ համար վկայութիւն լինի։
20 Արդարեւ, ես նրանց տանելու եմ այն լաւ երկիրը, որ երդուել եմ տալ նրանց հայրերին, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում։ Թող ուտեն ու լիուլի յագենան։ Յետոյ նորից պիտի յարեն օտար աստուածների, պիտի պաշտեն դրանք, ինձ պիտի զայրացնեն ու դրժեն նրանց հետ կնքած իմ ուխտը։
21 Այն ժամանակ այդ օրհներգութիւնն իբրեւ վկայութիւն նրանց դէմ պիտի ելնի, նրանք ու նրանց յետնորդները պիտի չմոռանան դա։ Ես գիտեմ նրանց չարութիւնը, որ նրանք յղացան այսօր այստեղ, նախքան ես նրանց կը տանեմ այն լաւ երկիրը, որը երդուեցի տալ նրանց հայրերին։
22 Այդ օրը Մովսէսը գրեց այս օրհներգութիւնը եւ այն սովորեցրեց իսրայէլացիներին։
23 Մովսէսը Նաւէի որդի Յեսուին պատուիրելով՝ ասաց. Քա՛ջ եղիր ու զօրացի՛ր, որովհետեւ Իսրայէլի որդիներին դու ես տանելու այն երկիրը, որ Տէրը խոստացաւ տալ նրանց, եւ Նա լինելու է քեզ հետ։
24 Երբ Մովսէսն այս օրէնքների բոլոր խօսքերը մինչեւ վերջ գրեց մատեանի մէջ ու աւարտեց,
25 նա Տիրոջ ուխտի տապանակը տանող ղեւտացիներին պատուիրելով՝ ասաց.
26 Օրէնքների այս մատեանն առէ՛ք եւ դրէ՛ք մեր Տէր Աստծու ուխտի տապանակի մի կողմը։ Դա այնտեղ ձեզ համար վկայութիւն թող լինի։
27 Ես գիտեմ ձեր ըմբոստութիւնն ու կամակորութիւնը. եթէ այսօր, երբ ես կենդանի եմ ու ձեր մէջ, եւ դուք Աստծու դէմ ապստամբում էք, ապա իմ մահուանից յետոյ ինչե՜ր կ՚անէք։
28 Արդ, ինձ մօտ հաւաքեցէ՛ք ձեր ցեղապետներին ու ծերերին, ձեր դատաւորներին ու օրէնսգէտներին, որպէսզի նրանց ասեմ բոլոր այս խօսքերը եւ ձեզ համար վկայ ունենամ երկինքն ու երկիրը։
29 Գիտեմ, որ իմ մահուանից յետոյ անպայման անօրէնութիւններ էք անելու, շեղուելու էք այն ճանապարհից, որ ես ձեզ պատուիրեցի, եւ վերջին օրերին ձեզ չարիքներ պիտի պատահեն, որովհետեւ չար գործ էք կատարելու Տիրոջ առջեւ՝ ձեր ձեռնարկած գործերով բարկացնելու էք նրան։
30 Եւ Մովսէսը հաւաքուած բոլոր իսրայէլացիներին մինչեւ վերջ ասաց օրհներգութեան այս խօսքերը.