ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ. Chapter 29

1 Սրանք են ուխտի այն խօսքերը, որ Տէրը պատուիրեց Մովսէսին Մովաբի երկրում հաղորդել իսրայէլացիներին, բացի այն ուխտից, որ հաղորդել էր նրանց Քորէբում։
2 Մովսէսը կանչելով բոլոր իսրայէլացիներին՝ ասաց. Դուք ինքներդ տեսաք այն ամէնը, ինչ ձեր առաջ արեց Տէրը Եգիպտոսում փարաւոնի, նրա ծառաների ու նրա ամբողջ երկրի նկատմամբ՝
3 ամուր ձեռքով ու հզօր բազկով կատարուած այն մեծամեծ փորձանքները, նշաններն ու զարմանահրաշ գործերը, որոնց ականատեսը եղաք դուք։
4 Ձեր Տէր Աստուածը մինչեւ այսօր ձեզ ո՛չ միտք տուեց, որ գիտենաք, ո՛չ աչքեր, որ տեսնէք, ո՛չ ականջ, որ լսէք։
5 Քառասուն տարի նա ձեզ տարաւ անապատով։ Ո՛չ ձեր զգեստները հնացան, ո՛չ ձեր ոտքերի կօշիկները մաշուեցին։
6 Հաց չկերաք եւ գինի ու օղի չխմեցիք, որպէսզի համոզուէիք, որ ես եմ ձեր Տէր Աստուածը,
7 եւ եկաք մինչեւ այս վայրը։ Մեր դէմ պատերազմի ելան Եսեբոնի թագաւոր Սեհոնը, Բասանի թագաւոր Օգը։
8 Հարուածեցինք նրանց ու գրաւեցինք նրանց երկիրը։ Ռուբէնի, Գադի ցեղին ու Մանասէի կէս ցեղին իբրեւ սեփականութիւն տուեցի այն։
9 Հետեւեցէ՛ք, որ կատարէք այս ուխտի բոլոր խօսքերը, որպէսզի իմանաք այն ամէնը, ինչ պիտի անէք։
10 Ձեր Տէր Աստծու առջեւ այսօր, ահա, կանգնած էք դուք բոլորդ՝ ձեր ցեղապետները, ձեր ծերերը, ձեր դատաւորները, ձեր օրէնսգէտները, Իսրայէլի բոլոր տղամարդիկ,
11 ձեր կանայք ու ձեր որդիները, ձեր մէջ բնակուող եկուորը, ձեր փայտահատից մինչեւ ձեր ջրկիրը,
12 որպէսզի ձեր Տէր Աստծու ուխտի մէջ մտնէք եւ դա հաստատէք նրա նզովքներով, որ ձեր Տէր Աստուածը ուխտեց ձեզ այսօր,
13 որպէսզի ձեզ դարձնի իր ժողովուրդը, եւ Նա լինի ձեզ համար Աստուած, ինչպէս ասել է եւ ինչպէս երդուել է ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին։
14 Ես ոչ միայն ձեզ համար եմ անում այս ուխտերն ու այս նզովքները,
15 այլեւ նրա՛նց համար, ովքեր այսօր մեզ հետ են՝ մեր Տէր Աստծու առջեւ, նաեւ նրա՛նց համար, ովքեր այսօր մեզ հետ չեն։
16 Դուք ինքներդ էլ գիտէք, թէ ինչպէս ապրեցինք Եգիպտացիների երկրում, թէ ինչպէս անցանք այն ազգերի միջից, որոնց երկրով անցաք դուք։
17 Դուք տեսաք նրանց գարշելի գործերն ու նրանց կուռքերը, նրանց մօտ գտնուող փայտէ, քարէ, արծաթէ ու ոսկէ իրերը։
18 Ձեր մէջ թող չգտնուի տղամարդ կամ կին, ազգ կամ ցեղ, որի միտքը իր Տէր Աստծուց շեղուած լինելով՝ գնայ ու պաշտի այդ ազգերի կուռքերը։Ձեր մէջ ոչ մէկը բուսած դառն ու դաժան արմատ չլինի։
19 Եթէ լինի մէկը, որ, լսելով այս նզովքի պատգամները, մտածի ու ասի՝ Թողութիւն թող լինի ինձ, հակառակ որ ես իմ մոլոր ճամփով եմ ընթանում, այդ դէպքում մեղաւորն անմեղին կորստեան կը մատնի։
20 Աստուած չի ուզենայ ներել նրան, այլ կը բորբոքուեն նրա բարկութիւնն ու նախանձը այդ մարդու վրայ, նրա վրայ կը թափուեն այս օրէնքների գրքում գրուած այս ուխտի բոլոր նզովքները, եւ Տէրը նրա անունը կը ջնջի երկրի վրայից։
21 Ըստ այս օրէնքների գրքում գրուած այս ուխտի բոլոր նզովքների, Տէրը նրան կը մեկուսացնի բոլոր իսրայէլացիներից, որպէսզի չարիք հասցնի նրան։
22 Եւ միւս ազգերը, ձեզանից յետոյ եկող ձեր որդիները, հեռու երկրներից եկած օտարները, տեսնելով այդ երկրում տիրող արհաւիրքները, նրանց վրայ Տիրոջ ուղարկած հիւանդութիւնները, կ՚ասեն.
23 Ծծումբ ու այրող աղ կայ այնտեղ։ Ոչ մի բան չի ցանուի նրա հողի մէջ ու չի բուսնի, եւ ոչ մի դալար բոյս չի բարձրանայ այդ հողից։ Երկիրը լինելու է Սոդոմի ու Գոմորի, Ադամայի ու Սեբոյիմի նման, որոնք Տէրը կործանեց սրտմտութեամբ ու բարկութեամբ։
24 Բոլոր ազգերը կ՚ասեն. Ինչո՞ւ Տէրը այդպիսի պատուհաս բերեց այդ երկրի գլխին, ի՞նչ է նրա խոր զայրոյթի եւ այդ բարկութեան պատճառը։
25 Պատասխան կը տան ու կ՚ասեն. Որովհետեւ դրժեցին իրենց հայրերի Աստծու ուխտը, որ Տէրը արել էր նրանց հայրերի հետ, երբ նրանց դուրս էր բերում Եգիպտացիների երկրից։
26 Նրանք գնացին պաշտեցին օտար աստուածներ, երկրպագեցին դրանց, որոնց չգիտէին. եւ Աստուած դրանք չէր սահմանել նրանց համար։
27 Տէրը սրտմտութեամբ բարկացաւ այդ երկրի վրայ՝ դրա վրայ թափեց այդ օրէնքների մատեանի մէջ գրուած այս ուխտի բոլոր նզովքները։
28 Տէրը շատ խիստ բարկութեամբ, սրտմտութեամբ ու զայրոյթով նրանց դուրս բերեց իրենց երկրից եւ նրանց մինչեւ այսօր նետել է օտար երկիր։
29 Գաղտնի բաները մեր Տէր Աստծունն են, իսկ յայտնիները՝ մեզ ու մեր որդիներին յաւիտեան, որպէսզի կատարենք այս օրէնքների բոլոր խօսքերը։