ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ. Chapter 22

1 Չլինի թէ ճանապարհի վրայ տեսնես քո իսրայէլացի եղբօր մոլորուած արջառը կամ ոչխարը եւ անտես անես դրանք. անպատճառ պէտք է վերադարձնես դրանք ու բերես քո եղբօր մօտ։
2 Եթէ քո եղբայրը քեզ մօտիկ վայրում չի ապրում կամ դու չես ճանաչում նրան, ապա դրանք կը բերես քո տունը. դրանք թող մնան քեզ մօտ, մինչեւ որ քո եղբայրը փնտռի դրանք, ու դու վերադարձնես նրան։
3 Նոյն կերպ կը վարուես նրա էշի հետ, նոյն կերպ կը վարուես նրա զգեստների հետ, նոյն կերպ կը վարուես քո եղբօր կորցրած բոլոր իրերի հետ։ Եթէ նա ինչ-որ բան կորցնի, ու դու գտնես, չյանդգնես անուշադրութեան մատնել այն։
4 Երբ կը տեսնես, որ եղբօրդ էշը կամ եզը ընկած է ճանապարհի վրայ, ապա դրանց կողքով անտարբեր չանցնես, այլ տիրոջն օգնելով՝ ոտքի կը կանգնեցնես դրանց։
5 Կինը տղամարդու զգեստ չպէտք է հագնի, իսկ տղամարդն էլ կանացի զգեստ չպէտք է հագնի, որովհետեւ քո Տէր Աստծու առջեւ պիղծ է նա, ով անում է այդ բանը։
6 Եթէ քո ճանապարհին, քո առջեւ, ծառի թէ գետնի վրայ թռչունի ձագերի կամ ձուերի բոյն պատահի, եւ մայրը թուխս նստած տաքացնելիս լինի ձագերին կամ ձուերը, ապա մօրը չվերցնես ձագերի հետ.
7 ազատ կ՚արձակես մօրը, իսկ ձագերին կը վերցնես քեզ, որպէսզի բարիք գործած լինես եւ երկրի վրայ երկարակեաց լինես։
8 Նոր տուն կառուցելիս բազրիք կը շինես տանիքի շուրջը, որպէսզի, եթէ մէկն այնտեղից ընկնի, դու քո տան մէջ սպանութիւն գործած չլինես։
9 Այգուդ մէջ տարբեր սերմեր չցանես, որպէսզի այգու բերքն ու քո ցանած սերմի բերքը իրար հետ հաւասարապէս չապականուեն։
10 Վար անելիս էշն ու եզը միասին չլծես։
11 Տարբեր նիւթերից՝ բրդից ու վուշից գործուած հագուստ չհագնես։
12 Ինչ էլ որ հագնես, քո հագած զգեստի չորս կողմերի վրայ մանուածոյ ծոպեր կը դնես։
13 Եթէ մէկը կին առնի՝ ամուսնանայ նրա հետ, բայց ատի նրան,
14 նրան բամբասելով մեղքեր բարդի նրա վրայ, նրա անունը վարկաբեկելով ասի՝ Այս կնոջ հետ ամուսնացայ, բայց երբ մերձեցայ, նրան կոյս չգտայ,
15 ապա աղջկայ հայրն ու մայրը իրենց դստերն առնելով՝ աղջկայ կուսութեան նշանը թող ցուցադրեն դռան մօտ, ծերերի առջեւ։
16 Աղջկայ հայրը թող ասի ծերերին. Իմ այս աղջկան կնութեան տուեցի այս մարդուն։
17 Սա նրան ատելով՝ բամբասում է ու զրպարտում, թէ՝ ՚Քո աղջկան կոյս չգտայ՚։ Ահա իմ աղջկայ կուսութեան նշանները։ Այն ժամանակ այդ քաղաքի ծերերի առջեւ թող բացեն լաթը։
18 Այդ քաղաքի ծերերը թող կանչեն ու յանդիմանեն այդ մարդուն։
19 Նրանից թող գանձեն հարիւր սիկղ, յանձնեն հօրը այն բանի դիմաց, որ նա վարկաբեկել է իսրայէլացի կոյսի անունը։ Նա թող մնայ նրա կինը, եւ տղամարդը երբեք չհամարձակուի լքել նրան։
20 Իսկ եթէ ճիշտ լինի նրա ասածը՝ աղջկայ կուսութեան ապացոյց չգտնեն,
21 ապա աղջկան թող բերեն իր հօր դուռը, եւ քաղաքի բնակիչները քարկոծելով թող սպանեն նրան, որովհետեւ իսրայէլացիների մէջ անպատիւ գործ է արել՝ պոռնկացել է իր հօր տանը։ Դրանով դուք ձեր միջից վերացրած կը լինէք չարը։
22 Եթէ գտնուի մի տղամարդ, որ շնանում է ամուսնացած կնոջ հետ, կը սպանէք երկուսին էլ՝ կնոջ հետ շնացող տղամարդուն ու այդ կնոջը. դրանով Իսրայէլի միջից դուք վերացրած կը լինէք չարը։
23 Եթէ քաղաքում մի տղամարդ հանդիպի մարդու հետ նշանուած կոյս աղջկայ եւ պառկի նրա հետ,
24 ապա երկուսին էլ կը բերէք իրենց քաղաքի դարպասների մօտ եւ քարկոծելով կը սպանէք նրանց. աղջկան կը սպանէք այն բանի համար, որ, դէպքը քաղաքում լինելով, օգնութեան չի կանչել, իսկ տղամարդուն՝ այն բանի համար, որ բռնաբարել է իր մերձաւորի նշանածին։ Դրանով դուք չարը վերացրած կը լինէք ձեր միջից։
25 Եթէ տղամարդը դաշտում հանդիպի նշանուած մի աղջկայ եւ բռնութեամբ պառկի նրա հետ, ապա կը սպանէք աղջկան բռնաբարած տղամարդուն,
26 իսկ աղջկան ոչինչ չէք անի, քանի որ աղջիկը մահուան արժանի բան չի արել. սա նման է այն դէպքին, երբ մէկը յարձակւում է իր մերձաւորի վրայ ու սպանում նրան։
27 Նա դաշտի մէջ է հանդիպել նրան, նշանուած աղջիկը դիմադրել է, եւ ոչ ոք չի եղել, որ օգնէր նրան։
28 Եթէ մէկը չնշանուած կոյս աղջկայ հանդիպի ու բռնութեամբ պառկի նրա հետ,
29 ապա աղջկան բռնաբարող տղամարդը աղջկայ հօրը պէտք է տայ յիսուն երկդրամեան արծաթ, իսկ աղջիկը պէտք է դառնայ նրա կինը։ Տղամարդը երբեք չպէտք է յանդգնի լքել նրան։
30 Ոչ ոք իրաւունք չունի ամուսնանալու իր հօր կնոջ հետ եւ այդպիսով երեւան հանելու իր հօր ամօթոյքը։