ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ. Chapter 33

1 Այս է այն օրհներգութիւնը, որով Մովսէսը՝ Աստծու մարդը, նախքան մեռնելը օրհնեց իսրայէլացիներին՝
2 ասելով. Տէրը եկաւ Սինայից եւ մեզ երեւաց Սէիրից։ Նա Կադէսից բիւրաւոր մարդկանց հետ շտապ իջաւ Փառանի լեռից՝ աջ կողմում ունենալով իր հետ հրեշտակներին։
3 Նա գթաց իր ժողովրդին։ Նրա սրբագործած բոլոր էակները քո ձեռքին են, նրանք քեզ հետ են։
4 Նրա պատգամներից օրէնքներ ստեղծուեցին, որոնք դարձան Յակոբի ժողովրդի սեփականութիւնը։ Դրանք մեզ հաղորդեց Մովսէսը։
5 Երբ ժողովրդի իշխանները ի մի հաւաքուեն Իսրայէլի ցեղերի հետ, իշխան թող լինի Նա իր սիրեցեալների մէջ։
6 Ռուբէնը թող ապրի՝ չմեռնի, նրա ժողովուրդը թուով բազմաքանակ թող լինի։
7 Յուդայի մասին ասաց հետեւեալը. Տէ՜ր, լսի՛ր Յուդայի ձայնը եւ այցելի՛ր նրա ժողովրդին։ Թող նրա ձեռքերն իր համար անեն ընտրութիւն, իսկ դու օգնակա՛ն եղիր նրան թշնամիների դէմ։
8 Ղեւիի մասին ասաց. Ղեւիին տուէ՛ք նրա յայտնութիւնը, իսկ նրա ճշմարտութիւնը՝ այն անարատ մարդուն, որին փորձութեան ենթարկեցին ու Հակառակութեան ջրի մօտ բամբասեցին նրան։
9 Նա էր, որ ասում էր իր հօրն ու մօրը, թէ չի տեսել նրանց, չի ճանաչել իր եղբայրներին ու իր որդիներին անգիտացել։ Նա հետեւեց քո խօսքերին ու պահեց քո ուխտը։
10 Քո իրաւունքները Յակոբին, քո օրէնքները Իսրայէլին պիտի յայտնեն նրանք։ Երբ բարկանաս, քո զոհասեղանի վրայ նրանք մշտապէս խունկ պիտի ծխեն։
11 Տէ՜ր, օրհնի՛ր նրա զօրութիւնը եւ ընդունի՛ր նրա ձեռքի գործերը։ Ջարդի՛ր նրա վրայ յարձակուող թշնամիների մէջքը, որպէսզի նրան ատող մարդիկ չկարողանան ոտքի կանգնել։
12 Բենիամինի մասին ասաց. Տիրոջ սիրելին ապահով թող ապրի. Աստուած նրա համար հովանի կը լինի ամէն օր, եւ նա Նրա ուսերի վրայ կը հանգստանայ։
13 Յովսէփի մասին ասաց. Տէրն օրհնել է նրա երկիրը, ապահովել երկնքի անձրեւով ու ցօղով, անդունդների ընդերքից բխող աղբիւրներով,
14 արեգակի փոփոխութիւնից կախուած բերքով, ամպերը միմեանց վրայ կուտակելով,
15 հինավուրց լեռների գագաթներով, մշտնջենական բլուրների կատարներով,
16 երկրի եղանակի համեմատ տրուող առատութեամբ։ Մորենու մէջ երեւացած Աստծու հաճութիւնը թող իջնի Յովսէփի գլխին՝ եղբայրների մէջ փառաւորուածի գագաթին։
17 Նա գեղեցիկ է ցուլի առաջնածինի նման, նրա եղջիւրները նման են միեղջերուի եղջիւրների։ Դրանցով նա թող պոզահարի բոլոր ազգերին մինչեւ երկրի հեռաւոր անկիւնները։ Սրանք են Եփրեմի բիւրաւորները, եւ սրանք են Մանասէի հազարաւորները։
18 Զաբուղոնի մասին ասաց. Ուրախացի՛ր, Զաբուղո՛ն, երբ ճանապարհ ես ելնում գործի համար։ Իսաքարի մասին ասաց. Իր բնակավայրում թող ազգեր մեռնեն։
19 Այդտեղ կանչեցէ՛ք մարդկանց ու արդարութեան զոհեր մատուցեցէ՛ք, որովհետեւ ծովի հարստութիւնն ու ծովեզերքի մօտ բնակուող մարդկանց վաճառքի շահը կարող են քեզ կերակրել։
20 Գադի մասին ասաց. Թող օրհնեալ լինի Աստուած, որ ընդարձակեց Գադի երկիրը։ Նա հանգստացաւ ինչպէս առիւծը.նա խորտակեց բազուկներ ու իշխաններ
21 եւ տեսաւ իր իշխանութիւնը, որովհետեւ այնտեղ է բաժանուած Իսրայէլիացիների առաջնորդների հետ միացած իշխանների երկիրը, եւ Տէրն իր արդարութիւնն ու դատաստանը գործադրեց ի նպաստ Իսրայէլի։
22 Դանի մասին ասաց. Դանը առիւծի ձագ է։ Նա Բասանից ցատկ պիտի կատարի։
23 Նեփթաղիմի մասին ասաց. Նեփթաղիմը յագեցած է բարիքներով։ Նա թող լցուի Տիրոջ օրհնութիւններով, թող ժառանգի ծովն ու հարաւը։
24 Ասերի մասին ասաց. Ասերն օրհնուի թող որդիներից, նա եղբայրներին ընդունելի թող լինի, իր ոտքը թաթախի իւղի մէջ։
25 Նրա կօշիկները երկաթից ու պղնձից թող լինեն։ Քո զօրութիւնը քո օրերի չափ թող լինի։
26 Սիրելի Աստծու նման ոչ ոք չկայ։ Նա բարձրանում է երկինք, որպէսզի դառնայ քո օգնականն ու հաստատուի իր վեհութեամբ։
27 Աստծու իշխանութիւնն ու նրա բազուկների մշտնջենաւոր զօրութիւնը քեզ հովանի թող լինեն։ Նա քո առջեւից թող հալածի թշնամուն եւ ասի՝ կորի՛ր։
28 Իսրայէլը Յակոբի երկրում թող բնակուի ապահով ու առանձին, ցորենի ու գինու առատութեան մէջ թող ապրի, իսկ երկինքը նրա համար ցօղի շտեմարան թող լինի։
29 Երանի՜ քեզ, Իսրայէ՛լ. ո՞վ կարող է նմանուել քեզ,ո՜վ Տիրոջ ընտրեալ ժողովուրդ։ Քո օգնականը թող պաշտպանի քեզ, իսկ քո սուրը քո պարծանքը թող լինի։ Քո թշնամիները թող գան, դու բարձրանալու ես նրանց ուսերին։