ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ. Chapter 17

1 Եթէ արջառը կամ ոչխարը որեւէ արատ կամ թերութիւն ունենայ, ապա դա մի՛ զոհիր քո Տէր Աստծու համար, որովհետեւ դա պիղծ է քո Տէր Աստծու առջեւ։
2 Եթէ քո միջավայրում, քո Տէր Աստծու քեզ տուած քաղաքներից մէկում գտնուի մի տղամարդ կամ կին, որ քո Տէր Աստծու առջեւ չար գործ անի, դրժի նրա ուխտը,
3 գնայ, պաշտի օտար աստուածներ, երկրպագի նրանց, արեգակին կամ լուսնին կամ երկնքի զարդերից որեւէ մէկին, որոնք ես չեմ արտօնել ու յանձնարարել քեզ,
4 ապա խստօրէն հարցուփորձ կ՚անես։ Եթէ իրօք այդպիսի բան եղել է՝ պղծութիւնը կատարուել է Իսրայէլի մէջ,
5 ապա այդ չար բանը կատարած տղամարդուն կամ կնոջը կը բերես ձեր քաղաքի դռների մօտ, եւ քարկոծելով կը սպանէք նրանց։
6 Երկու կամ երեք մարդկանց վկայութեամբ պէտք է մեռնի մահուան դատապարտուածը. մէկ մարդու վկայութեամբ չի կարելի նրան մահուան դատապարտել։
7 Նախ վկաները թող քար նետեն նրա վրայ՝ սպանելու նրան, ապա՝ ամբողջ ժողովուրդը։ Դրանով դու չարը ձեր միջից վերացրած կը լինես։
8 Եթէ քո քաղաքներում արիւնահեղութեան, դատարանի վճռի, կռուի, հակառակութեան վերաբերեալ դատական մի գործում կողմնորոշուել չկարողանաս, ապա վե՛ր կաց ու գնա՛ այն վայրը, որ կ՚ընտրի քո Տէր Աստուածը, որտեղ նա կը յայտնի իր անունը։
9 Կը գնաս ղեւտացի քահանաների եւ այդ օրուայ դատաւորի մօտ, եւ նրանք գործը քննելով՝ քեզ կը յայտնեն վճիռը։
10 Այդտեղ՝ քո Տէր Աստծու ընտրած վայրում, կ՚արձակես այն վճիռը, որ կը յայտնեն քեզ։ Խստօրէն հետեւի՛ր, որ կատարես ճիշտ այնպէս, ինչպէս կարգադրել են քեզ։
11 Կը կիրառես այն օրէնքները եւ կ՚արձակես այն վճիռները, որ նրանք կը հաղորդեն քեզ։ Նրանց ասածից ո՛չ աջ կը շեղուես, ո՛չ ձախ։
12 Այն մարդը, որ գոռոզամտութեան պատճառով կը գործի առանց լսելու քո Տէր Աստծուն ծառայող քահանայի կամ այդ օրուայ դատաւորի ասածը, մահապատժի կ՚ենթարկուի։ Դրանով դու չարը վերացրած կը լինես Իսրայէլի միջից,
13 եւ ամբողջ ժողովուրդն այդ լսելով՝ կը վախենայ ու այլեւս չի գոռոզամտանայ։
14 Եթէ մտնես այն երկիրը, որ քո Տէր Աստուածը տալու է քեզ, ժառանգես այն ու բնակուես նրա մէջ եւ ասես՝ Մենք էլ առաջնորդ ունենանք մեր շուրջը գտնուող միւս ազգերի նման,
15 ապա առաջնորդ կը նշանակես նրան, որին կ՚ընտրի քո Տէր Աստուածը։ Քո իսրայէլացի եղբայրների՛ց քեզ իշխան կը նշանակես։ Չհամարձակուես նշանակել օտար մի մարդու, որ քո եղբայրը չէ,
16 որպէսզի նա չբազմացնի իր երիվարները եւ ժողովրդին դէպի Եգիպտոս չվերադարձնի, որովհետեւ Տէրն ասել է, թէ՝ Այլեւս նոյն ճանապարհով յետ չէք դառնալու։
17 Եւ թող նա չբազմացնի իր կանանց թիւը, չգայթակղուի եւ շատ արծաթ ու ոսկի չկուտակի։
18 Երբ նա իր իշխանութեան գլուխ անցնի, նրա համար կը գրես այս երկրորդ օրէնքը այն մատեանում, որի բնօրինակը ղեւտացի քահանաների մօտ է։
19 Այդ պատճէնը պէտք է մնայ իշխանի մօտ, եւ նա իր կեանքի բոլոր օրերին դրանք պէտք է կարդայ, որպէսզի սովորի երկնչել քո Տէր Աստծուց, պահի այս բոլոր պատուիրանները եւ կիրառի այս օրէնքները
20 նրա համար, որ չմեծամտանայ իր ցեղակիցների մօտ, պատուիրաններից աջ կամ ձախ չշեղուի, որպէսզի իր ու իր որդիների իշխանութիւնը իսրայէլացիների վրայ երկար տեւի։