ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ. Chapter 21

1 Եթէ քո Տէր Աստծու իբրեւ ժառանգութիւն քեզ տուած երկրում, դաշտի մէջ ընկած մի սպանուած գտնուի, ու չիմանան, թէ ով է եղել նրան սպանողը,
2 ապա թող ելնեն քո ծերերն ու քո դատաւորները եւ չափեն սպանուածի եւ նրա շուրջը գտնուող քաղաքների միջեւ ընկած տարածութիւնը։
3 Սպանուածի վայրին առաւել մօտիկ քաղաքի ծերերը արջառների միջից թող վերցնեն չբանեցուած ու լուծ չկրած մի երինջ,
4 այդ քաղաքի ծերերն այդ երինջը թող իջեցնեն ապառաժուտ մի ձորի մէջ, ուր ո՛չ վար է արուած, ո՛չ սերմ ցանուած, եւ այդ ձորում ջլակոտոր թող անեն երինջը։
5 Ղեւտացի քահանաները, որոնց քո Տէր Աստուածն է ընտրել, որպէսզի կանգնեն նրա առջեւ, օրհնութիւն տան նրա անունով, թող մօտենան եւ նրանց ասածով վերանան բոլոր վէճերն ու վնասները։
6 Սպանուածին առաւել մօտիկ գտնուող քաղաքի բոլոր ծերերը իրենց ձեռքերը թող լուան ձորում ջլակոտոր արուած երինջի գլխի վրայ
7 եւ պատասխան տալով՝ թող ասեն. Մեր ձեռքերը չեն թափել այս արիւնը, եւ մեր աչքերը չեն տեսել։
8 Տէ՜ր, քաւութի՛ւն արա քո փրկած Իսրայէլի ժողովրդին, որպէսզի անմեղ արիւնը Իսրայէլի քո ժողովրդին չվերագրուի։ Դրանով նրանք թափուած արեան մեղքից զերծ կը մնան։
9 Այս ձեւով դու ձեր միջից կը սրբես անմեղ արիւնը, եթէ ուզում ես քո Տէր Աստծու առջեւ բարին ու հաճելին անել։
10 Երբ պատերազմի ելնես քո թշնամիների դէմ, եւ քո Տէր Աստուածը նրանց մատնի քո ձեռքը, աւար վերցնես նրանց ունեցուածքը
11 եւ գերեվարուածների մէջ գեղեցիկ կին տեսնես, ցանկաս տիրանալ նրան ու նրան կին առնել քեզ,
12 ապա նրան կը տանես քո տունը, կ՚ածիլես նրա գլուխը,
13 կը կտրես նրա եղունգները, կը հանես նրա գերութեան զգեստները։ Նա թող նստի քո տանը ու մէկ ամիս թող սուգ անի իր հօր ու մօր համար։ Դրանից յետոյ կը մերձենաս նրան, կ՚ապրես նրա հետ, եւ նա կը լինի քո կինը։
14 Եթէ դու նրանից գոհ չլինես, ապա նրան ազատ կ՚արձակես։ Նրան արծաթով չվաճառես ու նրան չստորացնես, քանի որ լլկել ես նրան։
15 Եթէ մի տղամարդ երկու կին ունենայ, որոնցից մէկը սիրելի լինի, իսկ միւսն՝ ատելի, եւ նրանք՝ սիրելի ու ատելի այդ կանայք, նրա համար որդիներ ծնեն, եւ անդրանիկը լինի ատելի կնոջ որդին,
16 ու երբ վրայ հասնի իր ունեցուածքը որդիներին ժառանգութիւն տալու օրը, ապա այդ մարդն անտես անելով ատելի կնոջ անդրանիկ որդուն՝ իրաւունք չունի անդրանիկի իրաւունքը տալ իր սիրելի կնոջ որդուն.
17 նա պարտաւոր է անդրանիկ ճանաչել ատելի կնոջ որդուն եւ իր ունեցածից նրան հասանելիք բաժնի կրկնապատիկը տալ, որովհետեւ նա է նրա անդրանիկ որդին, եւ անդրանկութեան իրաւունքը նրան է պատկանում։
18 Եթէ մէկն ունի անառակ ու անզգամ որդի, որն իր հօրն ու մօրը չի լսում, որին խրատում են, բայց նա չի անսում նրանց,
19 ապա նրա հայրն ու մայրը նրան թող տանեն իրենց քաղաքի ծերերի մօտ, իրենց հրապարակի դարպասի առջեւ,
20 եւ ասեն իրենց քաղաքի մարդկանց. Մեր այս որդին անառակ է ու անզգամ. նա մեր ասածը չի լսում, որկրամոլ է ու հարբեցող։
21 Այն ժամանակ այդ քաղաքի մարդիկ քարկոծելով թող սպանեն նրան։ Դրանով դուք չարը վերացրած կը լինէք ձեր միջից, իսկ ուրիշներն այդ լսելով՝ կը վախենան։
22 Եթէ մէկը մահուան դատապարտուելու արժանի յանցանք կատարի, նա մեռնելու արժանի լինի, ու նրան կախեն ծառից,
23 ապա նրա մարմինը ծառի վրայ գիշերը թող չմնայ. նոյն օրն իսկ կը թաղէք նրան, որովհետեւ Աստծուց անիծուած է նա, ով կախուած է ծառից։ Մի՛ պղծէք այն երկիրը, որ քո Տէր Աստուածը քեզ է տալիս իբրեւ ժառանգութիւն։