ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ. Chapter 26

1 Երբ մտնես այն երկիրը, որ քո Տէր Աստուածը քեզ է տալու իբրեւ սեփականութիւն, երբ ժառանգես այն ու բնակուես այնտեղ,
2 ապա կը վերցնես քո Տէր Աստծու քեզ տուած երկրի պտուղների առաջին բերքը, կը լցնես զամբիւղի մէջ եւ կը գնաս այնտեղ, ուր կ՚ընտրի Տէր Աստուածը, որպէսզի իր անունը յայտնի դարձնի այնտեղ։
3 Կը գնաս այդ ժամանակ քահանայութիւն անողի մօտ եւ կ՚ասես նրան. Այսօր գոհութիւն եմ յայտնում իմ Տէր Աստծուն, քանի որ մտայ այն երկիրը, որ Տէրը երդուեց մեր հայրերին, որ մեզ տայ։
4 Այն ժամանակ քահանան քո ձեռքից վերցնելով զամբիւղը՝ այն թող դնի քո Տէր Աստծու զոհասեղանի առջեւ։
5 Պատասխան տալով՝ կ՚ասես քո Տէր Աստծու առջեւ. Իմ հայրը թողեց Ասորեստանն ու իջաւ Եգիպտոս, այնտեղ պանդուխտ մնաց սակաւաթիւ մարդկանցով, բայց այնտեղ մեծ ազգ դարձաւ, խիստ բազմացաւ։
6 Եգիպտացիները չարչարեցին, ճնշեցին, տաժանակիր աշխատանքի լծեցին մեզ։
7 Մենք աղաղակ բարձրացրինք դէպի մեր հայրերի Աստուածը, Տէրը լսեց մեր ձայնը, տեսաւ մեր տառապանքները, չարչարանքն ու նեղութիւնը,
8 եւ Տէրն ինքը մեծ զօրութեամբ, ամուր ձեռքով ու հզօր բազկով, մեծամեծ տեսիլքներով, նշաններով ու զարմանահրաշ գործերով մեզ դուրս հանեց Եգիպտոսից,
9 մեզ բերեց այս վայրը, մեզ տուեց այս երկիրը, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում։
10 Արդ, ահա բերել եմ Տիրոջ ինձ տուած երկրի բերքի երախայրիքը, մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում։ Այնտեղ երկրպագութիւն կ՚անես քո Տէր Աստծու առջեւ,
11 այնտեղ կ՚ուրախանաք դու, ղեւտացին ու քեզ մօտ բնակուող պանդուխտը բոլոր այն բարիքների համար, որ քո Տէր Աստուածը տուել է քեզ ու քո ընտանիքին։
12 Երբ քո երկրի բոլոր տասանորդները տաս վերջացնես, երկրորդ տարում տասանորդ կը տաս այս անգամ ղեւտացուն, եկուորին, որբին ու այրուն։ Նրանք թող ուտեն ու յագենան քո քաղաքներում։
13 Այն ժամանակ քո Տէր Աստծու առջեւ կ՚ասես. Ինչ որ սուրբ էր, իմ տնից դուրս տարայ, ըստ Տէր Աստծու ինձ տրուած հրամանների յանձնեցի ղեւտացուն, եկուորին, որբին ու այրուն։ Տէ՛ր, քո պատուիրաններն անտես չարեցի, չմոռացայ։
14 Վշտիս օրերին դրանից չկերայ ու որեւէ պիղծ նպատակի չնուիրեցի, դրանից որեւէ մեռելի բաժին չհանեցի։ Լսեցի իմ Տէր Աստծու խօսքը եւ արեցի այնպէս, ինչպէս պատուիրել էիր ինձ, Տէ՛ր։
15 Արդ, նայի՛ր քո սուրբ բնակութեան վայրից՝ երկնքից, եւ օրհնի՛ր քո ժողովրդին՝ իսրայէլացիներին եւ նրանց տուած քո երկիրը, ինչպէս երդուել ես մեր հայրերին, թէ մեզ կը տաս մի երկիր, ուր կաթ ու մեղր է հոսում։
16 Այսօր քո Տէր Աստուածը քեզ պատուիրում է, որ կատարես այս բոլոր օրէնքներն ու կանոնները. դրանք կը պահէք ու կը կատարէք ձեր ամբողջ հոգով ու էութեամբ։
17 Քո Տէր Աստծուն ընտրի՛ր այսօր, որպէսզի նա քեզ Աստուած լինի. կ՚ընթանաք նրա ճանապարհով, կը պահպանէք նրա օրէնքներն ու կանոնները՝ կը լսէք նրա ասածը։
18 Տէրն այսօր քեզ ընտրեց, որ լինես նրա սեփական ժողովուրդը, ինչպէս որ խոստացել է քեզ, որպէսզի պահես նրա բոլոր պատուիրանները
19 եւ բոլոր ազգերից բարձր լինես։ Նա քեզ դարձրել է անուանի, բարգաւաճ ու փառաւոր, որպէսզի ըստ իր խոստման լինես քո Տէր Աստծու սուրբ ժողովուրդը։