ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ. Chapter 28

1 Եթէ լսէք մեր Տէր Աստծու ասածները, որ ես այսօր ձեզ եմ պատգամում, այն է՝ հետեւելով նրա պատուիրաններին՝ կատարէք դրանք, ապա ձեր Տէր Աստուածը ձեզ երկրի բոլոր ազգերից աւելի բարձր կը դասի։
2 Այս բոլոր օրհնութիւնները կ՚իջնեն քեզ վրայ ու կը գտնեն քեզ, եթէ լսես քո Տէր Աստծու ձայնը։
3 Օրհնեալ կը լինես դու քաղաքում եւ օրհնեալ՝ դաշտում։
4 Օրհնեալ կը լինեն քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը, քո արջառների նախիրները եւ քո ոչխարների հօտերը։
5 Օրհնեալ կը լինեն քո շտեմարաններն ու քո ամբարները։
6 Օրհնեալ կը լինես դու միշտ՝ ելնես թէ մտնես։
7 Քո Տէր Աստուածը քո առջեւ կը կոտորի քո թշնամիներին ու հակառակորդներին։ Նրանք քո դէմ կ՚ելնեն մէկ ճանապարհով, բայց եօթը ճանապարհով կը փախչեն քեզանից։
8 Տէրը օրհնութիւն կ՚առաքի քեզ, քո շտեմարաններին ու բոլոր այն գործերին, որոնց կը ձեռնարկես այն երկրում, որ քո Տէր Աստուածը տալու է քեզ։
9 Եթէ լսես մեր Տէր Աստծու ասածը եւ ընթանաս նրա ճանապարհով, ապա քո Տէր Աստուածը քեզ իր սուրբ ժողովուրդը կը դարձնի, ինչպէս երդուել է քո հայրերին։
10 Եւ երկրի բոլոր ազգերը կը տեսնեն, որ քո վրայ է դրուած Տիրոջ անունը, ու քեզանից կը վախենան։
11 Քո Տէր Աստուածը քեզ կը բազմացնի բարիքներով՝ քո որովայնի ծնունդներով, քո երկրի բերքով, քո ոչխարների ծնունդներով այն երկրում, որ քո հայրերի Տէրը երդուել է տալ քեզ երկնքի ու երկրի ստեղծուելու օրից ի վեր։
12 Տէրը քեզ համար կը բացի իր բարիքների շտեմարանը՝ երկինքը, որպէսզի ժամանակին անձրեւ տայ քո երկրին, կ՚օրհնի քո ձեռնարկած բոլոր գործերը, փող փոխ կը տաս շատ ազգերի, բայց ինքդ նրանցից փոխ չես առնի։
13 Եթէ լսես քո Տէր Աստծու պատուիրանները, որ պահելու եւ կատարելու համար հաղորդում եմ քեզ այսօր, ապա բազում ազգերի վրայ կ՚իշխես, բայց քեզ վրայ չեն իշխի։ Քո Տէր Աստուածը քեզ կը դարձնի գլուխ, բայց ոչ պոչ, բարձր կը լինես եւ ոչ թէ՝ ցած։
14 Դու չպիտի խախտես այն խօսքերը, որ ես պատգամում եմ քեզ այսօր, չպիտի շեղուես ո՛չ աջ եւ ո՛չ ձախ, որ չգնաս օտար աստուածների յետեւից եւ չպաշտես դրանք։
15 Իսկ եթէ չլսես քո Տէր Աստծու ասածը՝ չպահես ու չկատարես նրա բոլոր պատուիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, ապա այս անէծքները կը թափուեն քո գլխին, կը հասնեն քեզ։
16 Անիծեալ կը լինես դու քաղաքում եւ անիծեալ՝ դաշտում։
17 Անիծեալ կը լինեն քո շտեմարաններն ու քո ամբարները։
18 Անիծեալ՝ քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը, քո արջառների նախիրներն ու ոչխարների հօտերը։
19 Անիծեալ կը լինես դու միշտ՝ մտնելիս թէ ելնելիս։
20 Տէրը քեզ աղքատ ու կարիքաւոր կը դարձնի եւ ձեռնարկած ու ձեռնարկելիք բոլոր գործերդ անյաջողութեան կը մատնի, մինչեւ որ կոտորի քեզ Տէրը, մինչեւ որ քեզ ոչնչացնի իսկոյն քո չար ընթացքի համար, քանի որ դու ինձ լքեցիր։
21 Տէրը մահ կը սփռի քեզ վրայ, մինչեւ որ սպանի ու վերացնի քեզ այն երկրից, ուր մտնելու ես այն ժառանգելու համար։
22 Տէրը քեզ կը տանջի տարակուսանքներով, տենդով եւ սարսուռով, շլութեամբ ու երկիւղով, խորշակով ու դժգունութեամբ, եւ սրանք քեզ կը հետապնդեն, մինչեւ որ քեզ կորստեան մատնեն։
23 Քո գլխի վրայ երկինքը պղնձից կը լինի, իսկ քո տակի երկիրը՝ երկաթից։
24 Տէրը քո արտին անձրեւի փոխարէն փոշի կը թափի, երկնքից քեզ վրայ հող կը թափի, մինչեւ որ քեզ սպանի ու կորստեան մատնի։
25 Տէրը թշնամիներիդ առջեւ քեզ պարտութեան կը մատնի. դու նրանց դէմ մէկ ճանապարհով կ՚ելնես, բայց եօթը ճանապարհով կը փախչես նրանցից։ Ցրիւ կը գաս երկրի բոլոր թագաւորութիւնների մէջ։
26 Ձեր դիակները երկնքի թռչունների ու երկրի գազանների կեր կը դառնան, եւ ոչ ոք չի լինի, որ քշի դրանց։
27 Տէրը քեզ կը հիւանդացնի եգիպտացիների խոցով ու թութքով, սուր քոսով ու բորոտութեամբ, որպէսզի չկարողանաս բուժուել։
28 Տէրը քեզ կը հիւանդացնի մտագարութեամբ, կուրութեամբ ու ցնորամտութեամբ։
29 Օրը ցերեկով կը խարխափես այնպէս, ինչպէս կոյրն է խարխափում խաւարի մէջ, եւ քո ուղիղ ճանապարհը չես գտնի։ Այդ ժամանակ յաւիտենապէս զրկուած ու կողոպտուած կը լինես, եւ ոչ ոք օգնութեան չի գայ քեզ։
30 Կին կ՚առնես, բայց մի ուրիշ տղամարդ նրան կը խլի քեզանից։ Տուն կը շինես, բայց ինքդ չես բնակուի նրա մէջ։ Այգի կը տնկես, բայց ինքդ չես քաղի բերքը։
31 Քո արջառը կը մորթուի քո առջեւ, բայց դու չես ուտի դրանից։ Քո էշը կը գողանան քեզանից, բայց դու այն յետ չես դարձնի քեզ մօտ։ Քո ոչխարը կը մատնուի քո թշնամու ձեռքը, եւ ոչ ոք չի լինի, որ օգնի քեզ։
32 Քո տղաներն ու աղջիկները օտար ազգի ձեռքը կը մատնուեն, եւ դու տկարացած կկոցած աչքերով կը նայես նրանց, եւ քո ձեռքը չի հասնի նրանց։
33 Քո երկրի բերքն ու քո ամբողջ վաստակը կ՚ուտի քեզ անծանօթ մի ազգ, եւ դու մշտապէս զրկուած ու խորտակուած կը մնաս։
34 Քո տեսած արհաւիրքներից կը ցնորուես։
35 Տէրը ծնկներդ ու սրունքներդ, ոտքերիդ ծայրից մինչեւ գլուխդ անբուժելի խոցերով կը վարակի, եւ դու չես կարողանայ բուժուել։
36 Տէրը քեզ եւ քո ժողովրդի վրայ նշանակուած իշխաններին կը տանի կը յանձնի այնպիսի մի ազգի ձեռքը, որին ո՛չ դու, ո՛չ քո հայրերն են ճանաչել, եւ այնտեղ կը պաշտես օտար՝ փայտէ ու քարէ աստուածներ։
37 Զուարճաբանութեան, առակի եւ ծաղրուծանակի նիւթ կը դառնաս բոլոր այն ազգերի մէջ, որոնց կը յանձնի քեզ Տէրը։
38 Շատ սերմ կը ցանես արտում, բայց քիչ բերք կը հաւաքես, որովհետեւ մորեխը պիտի ուտի այն։
39 Այգիներ կը տնկես ու կը մշակես, բայց գինի չես խմի, ուրախութիւն չես ունենայ դրանից, որովհետեւ որդը կերած կը լինի այգիդ։
40 Քո բոլոր սահմաններին ձիթենիներ կը լինեն, բայց իւղով չես օծուի, որովհետեւ քո ձիթենիներն իրենց բերքը թափած կը լինեն։
41 Տղաներ ու աղջիկներ կը ծնես, բայց նրանք քոնը չեն լինի, որովհետեւ գերութեան մատնուած կը լինեն։
42 Քո բոլոր տնկած ծառերն ու հողի բերքը թրթուրը կ՚ուտի։
43 Քեզ մօտ բնակուող եկուորը քեզանից աւելի կը բարձրանայ, իսկ դու գնալով կ՚իջնես։
44 Նա քեզ փող փոխ կը տայ, իսկ դու չես կարողանայ նրան փոխ տալ։ Նա գլուխ կը լինի, իսկ դու՝ պոչ։
45 Քեզ վրայ կ՚իջնեն այս անէծքները, կը հալածեն քեզ, մինչեւ որ կոտորեն, ոչնչացնեն քեզ, քանի որ չլսեցիր քո Տէր Աստծու ասածը՝ չպահեցիր նրա այն պատուիրաններն ու օրէնքները, որ նա պատուիրեց քեզ։
46 Քեզ ու քո սերնդի վրայ յաւիտեան նշաններ ու զարմանահրաշ գործեր կը լինեն
47 ի դիմաց այն բանի, որ քո Տէր Աստծուն ուրախութեամբ ու անկեղծ սրտով չպաշտեցիր, հակառակ ամէն ինչի շատութեան։
48 Դրա համար էլ ամէն տեսակ սովի, ծարաւի, մերկութեան ու աղքատութեան մէջ կը ծառայես քո թշնամիներին, որ Տէրը կ՚ուղարկի քո դէմ։ Նա երկաթէ լուծ կը դնի քո վզին, մինչեւ որ ոչնչացնի քեզ։
49 Ինչպէս արծիւն է խոյանում, այնպէս էլ հեռու վայրերից՝ երկրի չորս ծագերից Աստուած քո դէմ կը հանի մի ազգ, որի լեզուն չես հասկանայ։
50 Այդ ազգը կը լինի դէմքով լպիրշ, ծերերին չի խնայի, մանուկներին չի խղճայ։
51 Նա կ՚ուտի քո հօտերից ծնուած անասուններին եւ քո երկրի բերքը։ Նա կը խլի քո ցորենը, գինին, իւղը, կը վերցնի քո արջառների նախիրներն ու ոչխարների հօտերը, մինչեւ որ կորստեան մատնի քեզ։
52 Քեզ կը ճնշի քո բոլոր քաղաքներում, մինչեւ որ տապալուեն քո բարձր պարիսպներն ու ամրութիւնները, որոնց վրայ յոյս ես դրել քո ամբողջ երկրում։ Քեզ կը ճնշի քո բոլոր այն քաղաքներում, որ քո Տէր Աստուածը տուել է քեզ։
53 Քո թշնամու քեզ պատճառած տառապանքի ու նեղութեան ժամանակ կ՚ուտես քո որովայնի ծնունդները՝ Տիրոջ քեզ տուած քո տղաների ու աղջիկների միսը։
54 Ձեր մէջ գտնուող ամենափափկակեաց եւ քնքուշ տղամարդը չար աչքով պիտի նայի իր եղբօրը, իր ծոցում պառկող կնոջն ու ողջ թողած իր որդիներին,
55 որպէսզի նրանցից ոչ մէկին չտայ իր կերած որդիների մսից։ Այսպէս պիտի վարուի նա, որ քո անձկութեան եւ նեղութեան մէջ, որոնցով պիտի նեղեն քեզ քո թշնամիները քո բոլոր քաղաքներում, նրան ուտելու ոչինչ պիտի չմնայ։
56 Ձեր մէջ գտնուող ամենափափկակեաց եւ քնքուշ կինը, որը քնքուշ ու փափկակեաց լինելու պատճառով փորձ իսկ չի արել երկրի վրայ ոտքով քայլելու, չար աչքով պիտի նայի իր ծոցում գտնուող ամուսնուն, իր տղային ու աղջկան,
57 պիտի խորովի եւ ուտի իր միջից ընկած ընկերքն ու իր իսկ ծնած զաւակին։ Զրկուած լինելու պատճառով նա բոլորից կը թաքցնի դա իր անձկութեան եւ նեղութեան մէջ, որովհետեւ թշնամին քո բոլոր քաղաքներում քեզ տառապանք է պատճառելու։
58 Եթէ յանձն չառնէք կատարել այս գրքում գրուած օրէնքների բոլոր խօսքերը՝ չվախենաք ձեր Տէր Աստծու պատուական ու սքանչելի անունից,
59 ապա Տէրը նոր նշաններով՝ մեծ ու զարմանալի հարուածներով, խոր ու խիստ ցաւերով կը պատուհասի քեզ ու քո սերնդին։
60 Նա քեզ կը հիւանդացնի եգիպտացիների բոլոր վատ հիւանդութիւններով, որոնցից սոսկում էիր, եւ որոնք բուն կը դնեն քո մէջ։
61 Օրէնքների այս գրքում գրուած բոլոր հիւանդութիւններն ու արհաւիրքները Տէրը կը թափի քո գլխին, մինչեւ որ ոչնչացնի քեզ։
62 Թէեւ երկնքի աստղերի չափ շատ էիք, բայց սակաւաթիւ կը մնաք, որովհետեւ չլսեցիք ձեր Տէր Աստծու ասածը։
63 Տէրն ինչպէս որ ուրախանում էր ձեր մէջ ձեզ բարութիւն անելով ու ձեզ բազմացնելով, Տէրը նոյն ձեւով կ՚ուրախանայ ձեր մէջ ձեզ կոտորելով. եւ դուք կը վերանաք այն երկրից, ուր մտնելու էք այն ժառանգելու համար։
64 Քո Տէր Աստուածը քեզ կը ցրի բոլոր ազգերի մէջ՝ երկրի մի ծայրից մինչեւ միւս ծայրը, եւ դու այնտեղ կը պաշտես քեզ ու քո հայրերին անծանօթ փայտէ ու քարէ օտար աստուածներ։
65 Այդ ազգերի մէջ էլ հանգստութիւն չի տայ քեզ, եւ քո ոտքերը կանգնելու տեղ չեն ունենայ։ Այնտեղ նա քեզ կը տայ տխուր սիրտ, արտասուաթոր աչքեր ու հիւծուած մարմին։
66 Քո աչքերի առաջ քո կեանքը մազից կախուած կը լինի, գիշեր ու ցերեկ կը զարհուրես ու վստահ չես լինի քո կեանքի համար։
67 Քո սրտի ապրած վախի ու քո աչքերի տեսած դէպքերի պատճառով առաւօտները կ՚ասես. Ե՞րբ է երեկոյ լինելու, իսկ գիշերները կ՚ասես. Ե՞րբ է առաւօտ լինելու։
68 Եւ Տէրը այդտեղից նաւերով, հազարաւոր զօրքերով քեզ կը վերադարձնի Եգիպտոս այն նոյն ճանապարհով, որն այլեւս չէիք տեսնելու։ Այնտեղ ձեր թշնամիներին իբրեւ ստրուկ ու աղախին կը վաճառուէք, բայց ոչ ոք ձեզ չի գնի։