ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ. Chapter 25

1 Եթէ վէճ լինի մարդկանց միջեւ, ապա թող դատարան ներկայանան, ու դատ թող լինի։ Թող արդարացնեն արդարին, իսկ մեղաւորին թող պատժեն։
2 Եթէ մեղաւորը գանահարութեան է արժանի, ապա նրան թող պառկեցնեն դատաւորների առջեւ եւ նրանց առջեւ նրան թող գանահարեն ըստ նրա մեղաւորութեան՝
3 քառասուն հարուած, բայց ոչ աւելի։ Իսկ եթէ նրան դրանից աւելի գանահարեն, ապա դա քո առջեւ կատարուած անարգանք կը լինի քո եղբօր հանդէպ։
4 Կալում աշխատող եզան դունչը չկապես։
5 Եթէ եղբայրներն ապրում են միասին, եւ նրանցից մէկը առանց զաւակ ունենալու մեռնի, ապա մեռած եղբօր կինը օտարի հետ թող չամուսնանայ։ Նրա ծոցը թող մտնի իր ամուսնու եղբայրը, սա թող կին առնի նրան ու ապրի այդ կնոջ հետ։
6 Սրանցից ծնուած երեխան թող գրանցուի մահացած եղբօր անունով, որպէսզի նրա անունը Իսրայէլից չջնջուի։
7 Իսկ եթէ եղբայրը չցանկանայ ամուսնանալ իր մահացած եղբօր կնոջ հետ, ապա կինը թող դուրս գայ քաղաքի դարպասի մօտ, ծերերի առջեւ եւ ասի. Իմ ամուսնու եղբայրը չի ուզում Իսրայէլի մէջ պահպանել իր եղբօր անունը։
8 Այն ժամանակ իր քաղաքի ծերերը թող կանչեն մահացածի եղբօրը, խօսեն նրա հետ։ Եթէ նա կանգնի ու ասի՝ Չեմ ուզում ամուսնանալ նրա հետ,
9 ապա նրա եղբօր կինը մօտենալով ծերերին՝ նրա ոտքից թող հանի մի կօշիկը, թքի նրա երեսին եւ պատասխան տալով՝ ասի. Այսպէս են վարւում այն մարդու հետ, որը վառ չի պահում իր եղբօր տունը։
10 Նրա անունն Իսրայէլի մէջ թող կոչուի ՚ բոբկացած մարդու տուն՚։
11 Եթէ երկու մարդ՝ երկու ազգակից իսրայէլացի եղբայրներ կռուեն միմեանց հետ, եւ նրանցից մէկի կինը իր ամուսնուն ազատելու նպատակով մօտենայ իր ամուսնու հետ կռուողին եւ ձեռքը մեկնելով՝ բռնի նրա ամորձիքներից,
12 ապա առանց խղճալու պէտք է կտրես նրա ձեռքը։
13 Տոպրակիդ մէջ նոյն չափի՝ ծանր ու թեթեւ կշռաքարեր թող չլինեն։
14 Քո տանը նոյն չափսը երկար ու կարճ թող չլինի։
15 Ճշգրիտ ու արդար կշռաքարեր պէտք է ունենաս, ճշգրիտ ու արդար չափ ունենաս, որպէսզի երկար ապրես այն երկրում, որ քո Տէր Աստուածը իբրեւ ժառանգութիւն է տալու քեզ,
16 որովհետեւ քո Տէր Աստծու համար պիղծ է նա, ով վարւում է այդ կերպ, ով անարդարութիւն է գործում։
17 Յիշի՛ր, թէ ինչ արեց քեզ Ամաղէկը, երբ Եգիպտոսից դուրս գալու համար ճանապարհ էիր ընկել,
18 թէ ինչպէս ճանապարհին ելաւ քո դէմ, կոտորեց քո բանակի վերջապահներին ու յոգնելու պատճառով յետ ընկածներին, երբ դու քաղցած ու յոգնած էիր՝ չվախենալով Աստծուց։
19 Եւ երբ քո Տէր Աստուածը քեզ ազատի քո շրջապատում գտնուող քո բոլոր թշնամիներից այն երկրում, որ քո Տէր Աստուածը վիճակով քեզ է տալու իբրեւ ժառանգութիւն, Ամաղէկի անունը կը ջնջես երկրի երեսից։ Տե՛ս, որ չմոռանաս սա։