ԵՐԵՄԻԱ. Chapter 28

1 Այդ նոյն տարում, Յուդայի երկրի արքայ Սեդեկիայի թագաւորութեան սկզբում, չորրորդ տարուայ հինգերորդ ամսին, Ազորի որդին՝ սուտ մարգարէ Անանիան, որ Գաբաւոնից էր, Տիրոջ Տանը, քահանաների եւ ողջ ժողովրդի առաջ, ասաց ինձ, թէ
2 այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Բաբելացիների արքայի լուծը պիտի խորտակուի.
3 երկու տարուց յետոյ ես այստեղ պիտի վերադարձնեմ Տիրոջ Տան այն ամբողջ սպասքը, որ մի ժամանակ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան յափշտակել էր այստեղից եւ տարել Բաբելոն.
4 նաեւ Յուդայի երկրի արքայ Յովակիմի որդի Յեքոնիային եւ Հրէաստանի բոլոր գերիներին, որոնք տարուեցին Բաբելոն, ես պիտի վերադարձնեմ այս վայրերը, - ասում է Տէրը, - թէ՛ Յեքոնիային եւ թէ՛ Յուդայի երկրի գերեալներին, քանզի պիտի խորտակեմ բաբելացիների արքայի լուծը։
5 Իսկ Երեմիա մարգարէն Տիրոջ Տանը գտնուող քահանաների ներկայութեամբ ամբողջ ժողովրդի առաջ ասաց սուտ մարգարէ Անանիային։
6 Արդարեւ, թող այդպէս անի Տէրը. թող հաստատի քո խօսքը, որ մարգարէացար այս Տան սպասքը եւ բոլոր գերիներին Բաբելոնից այստեղ վերադարձնելու մասին։
7 Սակայն լսեցէ՛ք Տիրոջ պատգամները, որ ես կ՚ասեմ ձեր ականջներին եւ ամբողջ ժողովրդի ականջներին։
8 Այն մարգարէները, որոնք ինձնից ու քեզնից առաջ միշտ էլ եղել են, բազում երկրների եւ մեծամեծ թագաւորութիւնների համար գուշակել են պատերազմ, չարիք ու մահ։
9 Իսկ այն մարգարէն, որ խաղաղութիւն է գուշակում, եւ այդ մարգարէի խօսքը կատարւում է, ապա այդ մարգարէին ընդունում են իբրեւ մէկին, որին իսկապէս Տէրն է ուղարկել նրանց մօտ։
10 Այն ժամանակ Անանիա մարգարէն ողջ ժողովրդի առաջ Երեմիայի պարանոցից վերցրեց լուծը եւ խորտակեց։
11 Անանիան համայն ժողովրդի ներկայութեամբ ասաց. Այսպէս է ասում Տէրը. Երկու տարուց յետոյ այսպէս պիտի խորտակուի բաբելացիների արքայ Նաբուքոդոնոսորի լուծը բոլոր ազգերի պարանոցներից։
12 Եւ Երեմիա մարգարէն գնաց իր ճանապարհով։
13 Այն բանից յետոյ, երբ Անանիա մարգարէն Երեմիա մարգարէի պարանոցից խորտակեց լուծը, Տէրը խօսքն ուղղեց Երեմիային՝ ասելով. Գնա խօսի՛ր Անանիայի հետ եւ ասա՛, թէ այսպէս է ասում Տէրը. Փայտէ լուծը դու խորտակեցիր, բայց նրա փոխարէն ես երկաթէ լուծ պիտի շինեմ։
14 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Երկաթէ լուծ դրի այդ բոլոր ազգերի պարանոցին՝ հպատակուելու բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային. եւ նրանք պիտի ծառայեն նրան. նաեւ տափաստանների գազաններին ենթարկեցի նրան։
15 Իսկ Երեմիա մարգարէն ասաց Անանիա մարգարէին. Այժմ լսի՛ր, Անանիա՛. Տէրը քեզ չի ուղարկել, եւ դու իզուր փուչ բաների համար յոյս տուիր այդ ժողովրդին։
16 Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. Ահա ես վռնդելու եմ քեզ երկրի երեսից։ Այս տարուայ մէջ իսկ պիտի մեռնես դու, որովհետեւ հակառակ բաներ խօսեցիր Տիրոջ անունից։
17 Եւ Անանիա մարգարէն նոյն այդ տարուայ մէջ, եօթներորդ ամսին, մեռաւ։