ԵՐԵՄԻԱ. Chapter 12

1 Արդար ես դու, Տէ՛ր, բայց ես իմ դատը պէտք է պաշտպանեմ ու իմ իրաւունքի մասին խօսեմ. ինչպէ՞ս է, որ ամբարիշտների բռնած գործերը յաջողւում են, եւ բոլոր նրանք, ովքեր արհամարհում են ու անարգում, երջանիկ դարձան։
2 Տնկեցիր նրանց, եւ նրանք արմատ գցեցին, որդիներ ունեցան, պտուղ տուեցին։ Դու, Տէ՛ր, նրանց շուրթերին ես, սակայն հեռու ես նրանց սրտերից։
3 Դու, ո՛վ Տէր, գիտես ինձ, տեսար ինձ եւ քո առաջ փորձեցիր իմ սիրտը. հաւաքի՛ր նրանց ինչպէս մորթելու ոչխար եւ, երբ նրանց սպանութեան օրը գայ, զոհաբերի՛ր նրանց։
4 Երկիրը մինչեւ ե՞րբ պէտք է սուգ պահի, ու խոտն ամենուրեք չորանայ։ Անասուն ու թռչուն կոտորուեցին երկրի բնակիչների չարութիւնների պատճառով, որովհետեւ ասացին, թէ՝ Աստուած չի տեսնի մեր արարքները։
5 Քո ոտքերը վազում են, բայց քեզ պիտի լքեն, էլ ինչպէ՞ս պիտի մրցես ձիաւորների հետ։ Եւ հիմա այս խաղաղ երկրի՞ վրայ ես յոյսդ դրել. իսկ ի՞նչ ես անելու, երբ Յորդանան գետը բարձրանայ,
6 քանի որ քո եղբայրներն ու քո հօր տունը՝ նրա՛նք անգամ դաւ նիւթեցին քո դէմ, նրա՛նք էլ աղաղակ բարձրացրին քո յետեւից եւ կուտակուեցին քո գլխին։ Մի՛ հաւատա նրանց, որովհետեւ չարախօսում են քո մասին։
7 Ես լքեցի իմ տունը, թողեցի իմ ժառանգութիւնը եւ իմ հոգու սիրելիին տուեցի իր թշնամիների ձեռքը։
8 Իմ ժառանգութիւնն ինձ համար դարձաւ անապատի առիւծ, իր ձայնն ինձ վրայ բարձրացրեց, դրա համար էլ ատեցի նրան։
9 Միթէ իմ ժառանգութիւնն ինձ համար բորենու ո՞րջ է լինելու կամ նրան շրջապատող քարանձա՞ւ. շրջեցէ՛ք, հաւաքեցէ՛ք անապատի բոլոր գազաններին, որ գան այն ուտելու։
10 Բազում հովիւներ ապականեցին իմ այգին, ոտնատակ տուին իմ բաժինը, իմ ցանկալի դաշտը խոպան անապատ դարձրին.
11 այն ենթարկուեց աւերի ու ապականութեան։ Ողջ երկիրն իմ պատճառով քայքայուեց ու քանդուեց, որովհետեւ իմ սրտին մօտ չհամարեցի պարտահատոյց լինել, եւ չկայ մէկը, որի սիրտը ցաւի դրա համար։
12 Թշուառացած՝ մարդիկ անցան անապատի բոլոր ճանապարհներով, քանզի երկրի մի ծայրից մինչեւ միւսը Տիրոջ սուրն է մաշում, ոչ մի մարմնի համար հանգիստ չկայ։
13 Ցորեն ցանեցիք, սակայն փուշ էք հնձելու, եւ ձեր անդաստանները օգուտ չեն տալու ձեզ։ Ձեր հպարտութիւնն ամօթանքի է փոխուելու այն նախատինքից, որ կրելու էք Տիրոջ առաջ։
14 Այսպէս է ասում Տէրը բոլոր չար հարեւանների մասին, որոնք ձեռք են մեկնում իմ ժառանգութեանը, որ բաշխեցի Իսրայէլի իմ ժողովրդին. Ահաւասիկ ես նրանց հեռացնելու եմ իրենց երկրից, Յուդայի տունը եւս հանելու եմ նրանց միջից։
15 Բայց նրանց արտաքսելուց յետոյ ես նորից պիտի դառնամ ու գթամ նրանց եւ իւրաքանչիւրին բնակեցնեմ իր ժառանգութեան մէջ, ամէն մէկին՝ իր երկրում։
16 Եւ եթէ նրանք լաւ սովորեն իմ ժողովրդի ճանապարհը, երդուեն իմ անունով, թէ կենդանի է Տէրը, ինչպէս որ սովորեցրին իմ ժողովրդին երդուել Բահաղին, ապա նրանք կը հաստատուեն իմ ժողովրդի մէջ։
17 Իսկ եթէ դարձի չգան, ես կը ջնջեմ այդ ազգին, կորստեան մատնելով՝ կը վերացնեմ նրանց, - ասում է Տէրը։