ԵՐԵՄԻԱ. Chapter 50

1 Բաբելացիների մասինԱհա այն խօսքը, որ Տէրը Երեմիա մարգարէի միջոցով ասաց Բաբելոնի՝ քաղդէացիների երկրի մասին։
2 Պատմեցէ՛ք ազգերին, լո՛ւր տուէք, նշա՛ն արէք, լսելի՛ դարձրէք, մի՛ ծածկէք, ասացէ՛ք. Բաբելոնը գրաւուեց, Բելը՝ այդ փափկասունն ու անվախը, ամօթով մնաց, Մերոդաքը մատնուեց, խայտառակուեցին նրա կուռքերը, ամօթահար եղան նրա աստուածները։
3 Արդարեւ, հիւսիսից նրա վրայ յարձակուեց մի ազգ, որը նրա երկիրն աւերակ պիտի դարձնի, եւ ոչ ոք չպիտի բնակուի այնտեղ՝ մարդուց մինչեւ անասուն, որովհետեւ բոլորը պիտի քանդուեն ու գնան։
4 Այն օրերին եւ այն ժամանակ, - ասում է Տէրը, - պիտի գան Իսրայէլի որդիները, նրանք եւ Յուդայի երկրի որդիները՝ միասին, պիտի շրջեն ու լալով գան դէպի իրենց Տէր Աստուածը,պիտի փնտռեն նրան,
5 մինչեւ Սիոն պիտի հարցնեն նրա ճանապարհի մասին, դէպի այստեղ պիտի ուղղուեն, պիտի գան ու ապաւինեն Տիրոջը. չէ՞ որ ուխտը յաւիտենական է, եւ դրանք չպիտի մոռացուեն։
6 Իմ ժողովուրդը նմանուեց կորած ոչխարների. հովիւները լեռները քշեցին նրանց, մոլորեցրին նրանց լեռ ու բլրի վրայ։Նրանք գնացին ու մոռացան իրենց մակաղելու տեղերը,
7 եւ բոլոր նրանք, ովքեր գտնում էին, սպանում էին նրանց։ Նրանց թշնամիներն ասացին. Չպիտի ներենք նրանց, որովհետեւ մեղք գործեցինք Տիրոջ առաջ։ Արդարութեան արօտ է Տէրը, որ հաւաքեց նրանց հայրերին։
8 Հեռացէ՛ք Բաբելոնի միջից, Քաղդէացիների երկրից դո՛ւրս ելէք եւ եղէ՛ք ինչպէս վիշապներ՝ ոչխարների հօտի առաջ։
9 Ահա ես ոտքի պիտի հանեմ եւ հիւսիսի երկրից բաբելացիների վրայ պիտի բերեմ մեծամեծ ազգերի բազմութիւններ, որոնք ճակատ պիտի կազմեն նրա շուրջը, եւ նա պիտի գրաւուի նոյնքան հաստատ, որքան հմուտ պատերազմողի նետը, որ չի վրիպում։
10 Քաղդէացիների երկիրն աւարառութեան պիտի ենթարկուի, եւ նրա բոլոր աւարառուները պիտի յագենան, - ասում է Տէրը. - դուք ուրախանում էիք եւ պարծենում՝ յափշտակելով իմ ժառանգութիւնը.
11 խայտում էիք, ինչպէս հորթերը՝ դալարիքի վրայ, եւ ցուլերի պէս ոգորում իրար դէմ։
12 Ձեր քաղաքը՝ ձեր մայրը, խիստ ամօթահար եղաւ, մայր, որ բարութեան մէջ էր։ Ահա նա Տիրոջ բարկութեան պատճառով ազգերի մէջ յետինը եղաւ՝ դարձաւ աւեր, անջուր երկիր եւ անապատ։
13 Նա բնակելի չպիտի լինի, այլ ամբողջովին ապականութեան պիտի վերածուի, եւ իւրաքանչիւր ոք, ով անցնի Բաբելոնով, պիտի վշտանայ ու սուլի նրա բոլոր աղէտների համար։
14 Ճակա՛տ կազմեցէք Բաբելոնի շուրջը, ո՛վ դուք բոլոր աղեղնաւորներ, նետահարեցէ՛ք նրան, մի՛ խնայէք ձեր նետերը, որովհետեւ նա Տիրոջ դէմ մեղք գործեց։
15 Ցնծութեան աղաղա՛կ բարձրացրէք նրա շուրջը, որովհետեւ թուլացան նրա ձեռքերը, տապալուեցին աշտարակները, եւ կործանուեցին նրա պարիսպները, քանզի վրէժխնդրութիւնն Աստծուց է։ Վրէժխնդի՛ր եղէք դրանից. ինչպէս ինքն արեց՝ իրե՛ն արէք։
16 Բաբելացի այն զաւակին, որը հնձի ժամանակ մանգաղ կ՚առնի իր ձեռքը, սպանեցէ՛ք. հեթանոսի սրից իւրաքանչիւրը թող վերադառնայ դէպի իր ժողովուրդը, ամէն մէկը թող փախչի դէպի իր երկիրը։
17 Իսրայէլը մոլորեալ ոչխար է, առիւծներն են փախցրել նրան. նախ՝ նրան կերաւ ասորեստանցիների թագաւորը, իսկ ապա բաբելացիների արքան կերաւ նրա ոսկորները։
18 Դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահաւասիկ ես վրէժխնդիր եմ լինելու բաբելացիների արքայից եւ նրա երկրից, ինչպէս վրէժխնդիր եղայ ասորեստանցիների արքայից։
19 Իսկ Իսրայէլին նորից պատսպարելու եմ իր արօտավայրերում, նա պիտի արածի Կարմելոսում, Բասանում, Եփրեմի լերան վրայ եւ Գաղաադում, ու նրանց հոգիները պիտի յագուրդ ստանան։
20 Այն օրերին ու այն ժամանակ,
21 - ասում է Տէրը, - Իսրայէլի մօտ անօրէնութիւն պիտի փնտռեն, բայց այլեւս այն չի լինելու, պիտի փնտռեն նաեւ Յուդայի երկրի մեղքերը, բայց չեն գտնելու, քանզի ես երկրի վրայ պիտի լինեմ՝ քաւութիւն տալու համար նրանց անիրաւութիւններին։
22 Դառն զայրոյթով յարձակուի՛ր նրա վրայ եւ վրէժխնդի՛ր եղիր նրա բնակիչներից։ Սուրն ու աւերածութիւնը թող հետապնդեն նրան, - ասում է Տէրը. - ամէն ինչ արա՛ այնպէս, ինչպէս պատուիրեցի քեզ։
23 Քաղդէացիների երկրից պատերազմի ձայն է լսւում. մեծ կոտորած է։
24 Ինչպէ՜ս խորտակուեց ու փշրուեց ամբողջ երկրի մուրճը, ինչպէ՜ս Բաբելոնը ազգերի մէջ աւեր դարձաւ։
25 Ասացի՝ Կը յարձակուեն քեզ վրայ, դու կը բռնուես, ո՛վ Բաբելոն, եւ չես իմանայ.ահա գտնուեցիր ու բռնուեցիր, որովհետեւ Տիրոջ դէմ կանգնեցիր։
26 Տէրը բաց արեց իր զինանոցը եւ հանեց իր բարկութեան զէնքերը, քանզի Զօրութիւնների Տէրն անելիք ունի քաղդէացիների երկրում։
27 Հասել է նրա ժամանակը, բացէ՛ք նրա շտեմարանները, խուզարկեցէ՛ք նրան քարայրների պէս եւ սպանեցէ՛ք նրան. թող նրանից մնացորդներ չլինեն։
28 Այրեցէ՛ք նրա բոլոր զաւակներին. թող իջնեն սպանուելու համար. վա՜յ նրանց, որովհետեւ հասել է նրանց օրը, նրանցից վրէժխնդիր լինելու ժամը։
29 Բաբելոնի երկրից փախածների ու փրկուածների ձայնն է հնչում, որ Սիոնում իմաց տայ մեր Տէր Աստծու վրէժխնդրութեան մասին, նրա տաճարի վրէժխնդրութեան մասին։
30 Հրամա՛ն տուէք ամենքին գնալու Բաբելոնի վրայ, բոլոր աղեղնաւորներին, թէ՝ Բանա՛կ դրէք դրա շուրջը, որպէսզի ոչ ոք այդտեղից չփրկուի։ Հատուցեցէ՛ք դրան ըստ իր գործերի, իր ամբողջ կատարածի համեմա՛տ դրան արէք, որովհետեւ ընդդիմացաւ Տիրոջը՝ Իսրայէլի սուրբ Աստծուն։
31 Ահա թէ ինչու նրա երիտասարդները պիտի ընկնեն նրա հրապարակներում, նրա բոլոր կռուող մարդիկ պիտի կոտորուեն այն օրը, - ասում է Տէրը։ -
32 Ահա ես քեզ վրայ եմ գալու, - ասում է Զօրութիւնների Տէրը, - քե՛զ վրայ, ո՛վ դու ամբարտաւան, որովհետեւ հասել է քո օրը, քեզնից վրէժխնդիր լինելու ժամանակը։
33 Հպարտութիւնդ տեղի պիտի տայ, եւ դու պիտի կործանուես. ոչ ոք քեզ չի բարձրացնելու։ Կրակ պիտի վառեմ քո անտառներում, որ իր շուրջն եղած ամէն բան պիտի լափի։
34 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. Բռնութեան ենթարկուեցին իսրայէլացիները, ինչպէս եւ Յուդայի երկրի որդիները, բոլո՛րն էլ, ովքեր գերեցին նրանց, բռնութեամբ պահեցին ու չկամեցան արձակել նրանց։
35 Նրանց հզօր փրկիչը, որի անունը Տէր Ամենակալ է, նրա ոսոխների հետ դատաստան պիտի տեսնի, որպէսզի վերացնի երկիրը եւ զայրանայ Բաբելոնի բնակիչների վրայ։
36 Սուրը թող բարձրանայ քաղդէացիների վրայ, - ասում է Տէրը, - Բաբելոնի բնակիչների վրայ, նրա բոլոր մեծամեծների վրայ ու նրա խորհրդականների վրայ։
37 Սուրը թող բարձրանայ նրա գուշակների վրայ, եւ թող վերանան նրանք. թող բարձրանայ սուրը նրա պատերազմողների վրայ, եւ թող լքուեն նրանք։
38 Թող բարձրանայ սուրը նրա երիվարների ու կառքերի վրայ, թող բարձրանայ սուրը նրանց քաջամարտիկների վրայ, այդտեղ եղած համայն խառնամբոխի վրայ, եւ թող նրանք դառնան կանանց նման։
39 Թող բարձրանայ սուրը նրա գանձերի վրայ, եւ թող յափշտակուեն դրանք։ Թող բարձրանայ սուրը նրա ջրերի վրայ, եւ թող ամաչեն, որովհետեւ իրենց երկիրը կուռքերի երկիր է, նաեւ թող բարձրանայ կղզիների՛ վրայ, որոնցով նրանք պարծենում էին.
40 դրա համար էլ թող ճիւաղները բնակուեն կղզիներում, թող յուշկապարիկների դուստրերն ապրեն այնտեղ, թող այդ երկիրն այլեւս իսպառ չվերաշինուի, թող այնտեղ յաւիտեան այլեւս բնակուող չլինի։
41 Ինչպէս Աստուած բնաջնջեց սոդոմացիների ու գոմորացիների երկիրը եւ նրանց դրացիներին, - ասում է Տէրը, - այդպէս էլ թող այնտեղ մարդ չբնակուի, թող մարդու որդին չպանդխտի այնտեղ։
42 Ահա հիւսիսից մի զօրագունդ է գալիս, մի մեծ ազգ, նաեւ բազում թագաւորներ ոտքի են ելնելու երկրի ծայրերից՝
43 աղեղն ու նիզակը ձեռքներին։ Նրանք յանդուգն են ու անողորմ, նրանց ձայնը որոտում է ինչպէս ծով, ձիեր հեծած՝ նրանք պատրաստ են կրակի պէս կռուի նետուելու քեզ վրայ, ո՛վ բաբելացիների դուստր։
44 Բաբելացիների արքան երբ նրանց լուրն առաւ, նրա ձեռքերը թուլացան, նեղութիւնը ծննդկան կնոջ երկունքի պէս տագնապի մէջ գցեց նրան։
45 Ահա, իբրեւ առիւծ, Յորդանան գետի յորձանքներից դուրս պիտի գայ դէպի Եթամա վայրը, որպէսզի արագօրէն հալածեմ նրան այնտեղից ու բոլոր երիտասարդներին ոտքի հանեմ նրա դէմ։ Ո՞վ է ինձ նման, ո՞վ կը համարձակուի ելնել իմ դէմ,ո՞վ է այն հովիւը, որ կը կանգնի ինձ հակառակ։
46 Լսեցէ՛ք, ուրեմն, Տիրոջ խորհուրդը, որ նա խորհել է Բաբելոնի մասին, նրա խորհուրդը, որ խորհել է քաղդէացի բնակչութեան մասին։ Միթէ չպիտի՞ ոչնչացնէք նրանց հօտի գառներին, միթէ նրանց արօտները չպիտի՞ ամայանան,
47 որովհետեւ Բաբելոնի կործանման ձայնից երկիրը պիտի ցնցուի, նրա բօթը պիտի լսուի հեթանոսների մէջ։