ԵՐԵՄԻԱ. Chapter 42

1 Բոլոր զօրապետները, Կարէի որդի Յովնանը, Օսէի որդի Յեզոնիան եւ ամբողջ ժողովուրդը, փոքրից մինչեւ մեծերը, մօտեցան ու ասացին Երեմիա մարգարէին.
2 Թող մեր աղերսն ընդունելի լինի քո առաջ. մեզ համար, այս մնացորդացիս համար, աղօթի՛ր քո Տէր Աստծուն։ Շատերից այս քչերս ենք մնացել, ինչպէս դու տեսնում ես մեզ քո աչքերով։
3 Թող քո Տէր Աստուածը մեզ ցոյց տայ ճանապարհը, որով ընթանանք, կամ այն բանը, որ կատարենք։
4 Իսկ Երեմիա մարգարէն նրանց ասաց. Լսեցի. ձեր խնդրանքի համար այժմ ես աղօթքի կը կանգնեմ մեր Տէր Աստծու առաջ, եւ Տէրն ինչ պատասխան որ տայ՝ կը յայտնեմ ձեզ, ոչ մի բան ձեզնից չեմ պահի։
5 Իսկ նրանք Երեմիային ասացին. Թող Տէրը մեզ համար արդար ու ճշմարիտ վկայ լինի, եթէ ամէն բան չանենք ըստ այն խօսքի, որ Տէրը կ՚ուղարկի քեզ մեզ համար։ Մենք այնպէս կ՚անենք։
6 Մենք կ՚անսանք մեր Տէր Աստծու ձայնին, որի մօտ ենք ուղարկում քեզ, այն բարի լինի թէ չար, որպէսզի մեզ համար լաւ լինի։ Մենք կ՚անսանք մեր Տէր Աստծու ձայնին։
7 Երբ անցել էր տասը օր, Աստուած խօսեց Երեմիայի հետ,
8 որը կանչեց Կարէի որդի Յովնանին, բոլոր զօրապետներին, որոնք նրա հետ էին, եւ ամբողջ ժողովրդին, փոքրից մինչեւ մեծերը,
9 ու ասաց նրանց. Այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի, որի մօտ ուղարկեցիք ինձ, որպէսզի գութ աղերսեմ նրա առաջ.
10 Եթէ մնաք այս երկրում, ձեզ կը շէնացնեմ եւ ոչ թէ կը քանդեմ, ձեզ կը տնկեմ եւ ոչ թէ արմատախիլ կ՚անեմ, որովհետեւ մեղմացել եմ այն չարութիւնից, որ ասացի, թէ ձեր նկատմամբ պիտի անեմ։
11 Մի՛ վախեցէք բաբելացիների արքայից, որից զարհուրած էիք, չվախենաք նրանից, - ասում է Տէրը, - քանզի ես ձեզ հետ եմ, որպէսզի փրկեմ ձեզ եւ ազատեմ նրանց ձեռքից։
12 Կը գթամ ձեզ, կ՚ողորմեմ ձեզ ու կը վերադարձնեմ ձեզ ձեր երկիրը։
13 Իսկ եթէ ասէք՝ Չենք բնակուի այս երկրում եւ չենք անսայ մեր Տէր Աստծու ձայնին,
14 այլ կը գնանք Եգիպտացիերի երկիրը, որտեղ պատերազմ չենք տեսնի, շեփորի ձայն չենք լսի, հացից քաղցած չենք մնայ, եւ այնտեղ կ՚ապրենք,
15 ապա այդ մասին լսեցէ՛ք Տիրոջ պատգամները, ո՛վ Հրէաստանի մնացորդներ։ Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Եթէ դուք երեսներդ շուռ տաք ու մտնէք Եգիպտոս, որպէսզի այնտեղ բնակուէք,
16 ապա այն սուրը, որից դուք վախենում էք, այնտեղ, Եգիպտացիների երկրում, պիտի գտնի ձեզ, եւ այն սովը, որից տագնապում էք, այնտեղ, Եգիպտացիների երկրում, պիտի հասնի ձեզ, եւ այնտեղ պիտի մեռնէք։
17 Բոլոր մարդիկ, որոնք կը դիմեն ու կ՚անցնեն Եգիպտացիների երկիրը, որպէսզի բնակուեն այնտեղ, սրով, սովով ու ժանտախտով պիտի մեռնեն, նրանցից ոչ ոք չպիտի կարողանայ փրկուել այն չարիքներից, որ բերելու եմ նրանց գլխին։
18 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ինչպէս որ իմ զայրոյթն ու բարկութիւնը թափուեց Երուսաղէմի բնակիչների վրայ, նոյնպէս էլ իմ զայրոյթը պիտի թափուի ձեզ վրայ, երբ դուք մտնէք Եգիպտոս։ Պիտի լինէք անապատում, վտարանդի, նզովուած ու նախատուած, այլեւս չպիտի տեսնէք այս վայրերը,
19 ինչպէս ասաց Տէրը ձեզ՝ Յուդայի երկրի մնացորդներիդ, թէ՝ Չմտնէ՛ք Եգիպտոս։ Բայց այժմ լա՛ւ իմացէք, այսօր ձեր առաջ վկայում եմ,
20 որ մեղք գործեցիք ձեր հոգու դէմ, քանի որ ինձ ուղարկեցիք ձեր Տէր Աստծու մօտ՝ ասելով. Մեզ համար աղօթի՛ր մեր Տէր Աստծուն, եւ այն ամէնը, ինչ որ մեր Տէր Աստուածը խօսի քեզ հետ՝ նոյն ձեւով յայտնի՛ր մեզ, ու մենք կը կատարենք։
21 Եւ ես յայտնեցի ձեզ այսօր, բայց դուք ձեր Տէր Աստծու ձայնին չանսացիք, որի համար նա ինձ ձեզ մօտ էր ուղարկել։
22 Արդ, իմացէ՛ք, որ սրով, սովով ու ժանտախտով պիտի մեռնէք նոյն այն տեղում, ուր դուք կամենում էք գնալ ու բնակուել։