ԵՐԵՄԻԱ. Chapter 10

1 Ո՛վ Իսրայէլի տուն, լսի՛ր Տիրոջ պատգամները, որ քեզ են ուղղուած։
2 Այսպէս է ասում Տէրը. Մի՛ սովորէք գնալ հեթանոսների ճանապարհներով եւ մի՛ զարհուրէք երկնքի նշաններից, որոնցից նրանք են վախենում։
3 Հեթանոսների բոլոր կուռքերը սնոտի բաներ են՝ անտառից կտրուած փայտ, հիւսների ձեռքի գործեր,
4 արծաթով եւ ոսկով զարդարուած ձուլածոյ բաներ։ Մուրճերով եւ գամերով ամրացրել են դրանք, որ չշարժուեն. յղկուած արծաթ են, Թարսիսի բանուած արծաթ եւ ոսկի՝ բերուած Մեմփաթայից։
5 Ոսկերչի ձեռքը ճարտար վարպետի գործ է կատարել. կապոյտ ու ծիրանի են հագցնում նրանց, բայց նրանք չեն կարող գնալ, այլ պէտք է բարձուելով տարուեն. ոտքով մի քայլ էլ չեն փոխի, ոչ էլ իրենք իրենց կարող են բարձրանալ այն բանի վրայ,որով տանում են։ Մի՛ վախեցէք նրանցից, որովհետեւ չարութիւն չեն անում, բայց բարութիւն էլ չկայ նրանց մէջ։
6 Քեզ նման ոչ ոք չկայ, Տէ՛ր, մեծ ես դու եւ մեծ է քո անունը զօրութեամբ։
7 Ո՞վ չի երկնչի քեզնից, ազգերի՛ Թագաւոր, դա քեզ է միայն վայել, քանզի բոլոր հեթանոս իմաստունների եւ նրանց բոլորը թագաւորների մէջ ո՞վ է քեզ նման։
8 Թող միանգամից այրուեն, թող սատակեն սրտերը սնոտի աստուածների,
9 որովհետեւ դրանք փայտ են, Թարսիսից բերուած ընտիր արծաթ եւ ոսկի՝ Սոփաթայից։Դրանք բոլոր վարպետների եւ ոսկերիչների ձեռքի գործն են. դրանց կապուտակ ու ծիրանի զգեստները բոլորը հնարամիտ վարպետների գործն են։
10 Իսկ մեր Տէր Աստուածը ճշմարիտ է, կենդանի Աստուած է եւ յաւիտենական Թագաւոր։ Նրա բարկութիւնից երկիրը կը շարժուի, ազգերը չեն դիմանայ նրա բարկութեանը։
11 Այսպէս կ՚ասէք նրանց. Այն աստուածները, որոնք երկինքն ու երկիրը չեն ստեղծել, կորչելու են երկրից եւ այս երկնքի տակից։
12 Տէրն է, որ իր զօրութեամբ ստեղծեց երկիրը, իր իմաստութեամբ հաստատեց տիեզերքը եւ իր հանճարով տարածեց երկինքը։
13 Իր ձայնն արձակելիս՝ նա երկինքը լցնում է ջրերի առատութեամբ, երկրի ծայրերից ամպեր է բարձրացնում, իր փայլատակումներն անձրեւների վերածում, հողմեր է հանում իր շտեմարաններից։
14 Ամէն մարդ, գիտութիւնից զրկուած, ապուշ դարձաւ, իրենց արձանների պատճառով բոլոր ոսկերիչներն ամօթահար եղան, որովհետեւ սուտ բաներ ձուլեցին, եւ նրանց մէջ շունչ չկայ.
15 սնոտի ու խաբէական գործեր են դրանք։ Երբ նրանց այցելութեան գնան, նրանք կորստեան են մատնուելու։
16 Սակայն այդպիսին չէ Յակոբի բաժինը. նրա բաժինը Նա է, ով ստեղծեց ամենայն ինչ, որի ժառանգութեան շառաւիղն է Իսրայէլը, եւ նրա անունը Զօրութիւնների Տէր է։
17 Ո՛վ դու, որ բնակւում ես ընտրեալների մէջ, հեռուներից հաւաքի՛ր քո զօրութիւնը։
18 Այսպէս է ասում Տէրը. Ահա ես նեղութիւնն իբրեւ խոչընդոտ քար եմ դնելու այդ երկրի բնակիչների ոտքերի տակ եւ հալածելու եմ նրանց, որ չգտնուեն։
19 Վա՜յ քո կործանումին, քանզի ցաւալի են քո վէրքերը. իսկ ես ասում եմ. Արդարեւ հէնց դրանք են իմ վէրքերը, որ վիճակուեցին ինձ.
20 խորանն իմ խորտակուեց, վերացաւ, իմ վրանի բոլոր վարագոյրները քանդուեցին, իմ որդիներն ու հօտերը ոչ մի տեղ չեն երեւում. այլեւս չկայ իմ խորանի տեղը, չկայ եւ իմ վարագոյրների տեղը։
21 Հովիւները խելքի չեկան եւ Տիրոջը չփնտռեցին, դրա համար էլ բոլոր հօտերը չճանաչեցին նրանց ու ցիրուցան եղան։
22 Բօթաբեր ձայն է գալու եւ մեծ դղրդում՝ հիւսիսի երկրից, որպէսզի Յուդայի երկրի քաղաքներն աւերածութեան ենթարկի եւ դարձնի ջայլամների կայան։
23 Գիտեմ, Տէ՛ր, որ մարդու ուղին իրենից կախուած չէ, այր մարդն ի վիճակի չէ տնօրինելու իր ճանապարհի յաջողութիւնը։
24 Խրատի՛ր մեզ, Տէ՛ր, բայց արդարութեամբ եւ ոչ թէ ցասմամբ, որ մեզ սակաւաթիւ չդարձնես։
25 Քո բարկութիւնը թափիր հեթանոսների՛ վրայ, որոնք չեն ճանաչում քեզ, եւ այն ազգերի վրայ, որոնք չճանաչեցին քո անունը, որովհետեւ նրանք յօշոտեցին Յակոբին, սպառեցին նրան, վախճանի հասցրին նրանեւ աւերեցին նրա արօտավայրերը։