ԵՐԵՄԻԱ. Chapter 29

1 Սրանք են այն նամակի խօսքերը, որ Երեմիա մարգարէն Երուսաղէմից ուղարկեց գերութեան մէջ գտնուող ծերերին, քահանաներին եւ սուտ մարգարէներին։ Սոյն նամակը յղուած էր Բաբելոն՝ գերիներին եւ առհասարակ ժողովրդին, որոնց Նաբուքոդոնոսորը գերեվարեց Երուսաղէմից Բաբելոն,
2 Յեքոնիա արքային եւ տիկնոջը, ներքինիներին ու Յուդայի երկրի իշխաններին, ինչպէս եւ ողջ ազատանուն, արհեստաւորներին ու դարբիններին Երուսաղէմից տանելուց յետոյ։
3 Նամակն ուղարկուած էր Սափանի որդի Ելարիայի եւ Քեղկիայի որդի Գամարիայի ձեռքով, որոնց Սեդեկիա արքան Բաբելոն ուղարկեց բաբելացիների արքայ Նաբուքոդոնոսորի մօտ՝ յայտնելով.
4 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, գերիներիդ մասին, որ Երուսաղէմից գերեվարուեցիք Բաբելոն.
5 Տնե՛ր շինեցէք եւ բնակուեցէ՛ք, այգինե՛ր տնկեցէք եւ կերէ՛ք դրանց պտուղները,
6 կի՛ն առէք, եւ թող ծնուեն տղաներ ու աղջիկներ, ձեր տղաների համար կի՛ն առէք, իսկ ձեր աղջիկներին մարդո՛ւ տուէք, եւ թող ծնուեն տղաներ ու աղջիկներ, բազմացէ՛ք այդտեղ եւ մի՛ նուազէք։
7 Խաղաղութեա՛մբ ապրեցէք այդ երկրում, ուր գերեվարել տուեցի ձեզ, այդ երկրի համար աղօ՛թք արէք Տիրոջը, որովհետեւ նրա խաղաղութեամբ ձեզ համար եւս խաղաղութիւն կը լինի։
8 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Թող ձեզ չհրապուրեն ձեր սուտ մարգարէները, որոնք ձեր մէջ են, նաեւ ձեր գուշակները, ուշք մի՛ դարձրէք ձեր երազներին, որ դուք տեսնում էք,
9 որովհետեւ նրանք սուտ մարգարէութիւն են անում իմ անունից, իսկ ես նրանց չեմ ուղարկել, - ասում է Տէրը։
10 Այսպէս է ասում Տէրը. Երբ որ մօտենայ Բաբելոնի եօթանասուն տարին լրանալու ժամանակը, ես այցի կը գամ ձեզ եւ կը հաստատեմ ձեր մասին իմ բարի խօսքերը՝ վերադարձնելու ձեզ այս վայրերը,
11 քանզի ե՛ս միայն գիտեմ իմ մտադրութիւնները, որ խորհում եմ եւ պիտի խորհեմ ձեր մասին, - ասում է Տէրը. - խաղաղութեա՛ն մտադրութիւն, եւ ոչ թէ չարութեան։ Դրանից յետոյ ես յոյս կը տամ ձեզ,
12 եւ դուք կը կանչէք ինձ, կը գնաք եւ կ՚աղօթէք ինձ, ու ես կը լսեմ ձեզ։
13 Կը փնտռէք ինձ եւ կը գտնէք, որովհետեւ ինձ փնտռելու էք ձեր ամբողջ սրտով։
14 Ես կ՚երեւամ ձեզ, - ասում է Տէրը, - եւ կը վերացնեմ ձեր գերութիւնը. կը հաւաքեմ ձեզ բոլոր ազգերի միջից եւ բոլոր վայրերից, ուր ցրեցի ձեզ, - ասում է Տէրը, - եւ կը վերադարձնեմ ձեզ այնտեղ, որտեղից գերեվարել տուեցի ձեզ,
15 քանի որ դուք ասելու էք, թէ՝ Տէրը մեզ համար մարգարէներ կարգեց նաեւ Բաբելոնում։
16 Այսպէս է ասում Տէրը թագաւորի մասին, որ նստում է Դաւթի աթոռին, ամբողջ ժողովրդի մասին, որ բնակւում է այդ քաղաքում, ձեր եղբայրների մասին, որոնք ձեզ հետ գերութեան չգնացին։
17 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. Ահաւասիկ ես նրանց մէջ ուղարկում եմ սով, սուր եւ մահ։ Նրանց պիտի դարձնեմ գարշ ու ժանտ թուզի պէս, որ իր դառնութեան պատճառով չի ուտւում։
18 Նրանց պիտի հալածեմ սրով, սովով ու մահով, նրանց պիտի մատնեմ աշխարհի բոլոր թագաւորութիւնների ցասումին, նզովքին, ապականութեանը, սուլոցի ու նախատինքի՝ այն բոլոր ազգերի մէջ, ուր պիտի ցրեմ նրանց,
19 որովհետեւ նրանք չանսացին իմ խօսքերին, - ասում է Տէրը. - ես նրանց մօտ ուղարկեցի իմ ծառաներին՝ մարգարէներին, կանխապէ՛ս ուղարկեցի, բայց դուք չլսեցիք, - ասում է Տէրը։ -
20 Իսկ դուք, բոլո՛ր գերիներդ, որոնց ուղարկել եմ Երուսաղէմից Բաբելոն, լսեցէ՛ք Տիրոջ խօսքը.
21 այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, Ուլկիի որդի Աքիաբի եւ Մաասի որդի Սեդեկիայի մասին, որոնք սուտ մարգարէացան իմ անունից. Ահաւասիկ ես նրանց կը յանձնեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, որը նրանց կը սպանի ձեր աչքի առաջ։
22 Եւ նրանցից այս անէծքը կը մնայ Յուդայի երկրի բոլոր գերիների մէջ, որոնք գտնւում են Բաբելոնում։ Նրանք պիտի ասեն՝ Թող Տէրը քեզ անի այնպէս, ինչպէս արեց Սեդեկիային եւ Աքիաբին, որոնց բաբելացիների արքան կրակի վրայ խորովեց։
23 Արդարեւ, նրանք անօրէնութիւններ գործեցին Իսրայէլում. շնութիւն էին անում համաքաղաքացիների կանանց հետ, իմ անունից սուտ պատգամներ էին ասում, որը նրանց չէի հրամայել. ես ինքս դրան իրազեկ եւ վկայ եմ, - ասում է Տէրը։
24 Կը յայտնես նաեւ ելիմացի Սամէային, թէ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը.
25 Դու իմ անունից նամակներ ես ուղարկել Երուսաղէմ՝ ամբողջ ժողովրդին, - մինչդեռ իմ կողմից ես քեզ չեմ ուղարկել, - նաեւ Մաաս քահանայի որդի Սոփոնիային, ինչպէս եւ բոլոր քահանաներին եւ ասել,
26 Տէրը քեզ քահանայ կարգեց Յովիդիա քահանայի փոխարէն, որպէսզի Տիրոջ Տանը վերակացու լինես ամէն մարդու վրայ, որ կը մարգարէանայ, եւ ամէն մէկի վրայ, որ գուշակութիւն կ՚անի, ու նրանց բանտի մէջ շղթայի զարնես։
27 Արդ, ինչո՞ւ չպատուհասեցիք անաթոթացի Երեմիային, որ մարգարէութիւն է անում ձեզ համար։
28 Նա մեզ լուր է ուղարկել Բաբելոն՝ ասելով, թէ՝ ՚ Հեռու է ժամանակը. տնե՛ր կառուցեցէք եւ բնակուեցէ՛ք, այգինե՛ր տնկեցէք եւ կերէ՛ք նրանց պտուղները՚՚՚։
29 Սոփոնիա քահանան Երեմիա մարգարէի ականջին ընթերցեց նամակը։
30 Եւ Տէրը, խօսքն ուղղելով Երեմիային, ասաց.
31 Լո՛ւր ուղարկիր բոլոր գերուածներին եւ յայտնի՛ր. այսպէս է ասում Տէրը ելիմացի Սամէայի մասին. Քանի որ Սամէան, որին ես չեմ ուղարկել, մարգարէացաւ եւ ձեզ փուչ բաների յոյս տուեց,
32 դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. ՛՛Ահաւասիկ ես դատաստան պիտի տեսնեմ ելիմացի Սամէայի եւ նրա սերնդի հետ. նրանից չի լինելու որեւէ մէկը, որ նստի ձեր մէջ՝ տեսնելու այն բարիքը, որ ես անելու եմ ձեզ, - ասում է Տէրը, - քանզի նա Աստծուն հակառակ խօսքեր ասաց։