ԵՐԵՄԻԱ. Chapter 6

1 Բենիամինի՛ որդիներ, արիացէ՛ք Երուսաղէմում, փո՛ղ հնչեցրէք Թեկուէում եւ ազդանշա՛ն դրէք Բեթաքարմայի վրայ, որովհետեւ հիւսիսից յայտնուել են չարիքներ,
2 մեծ վնաս է լինելու քեզ՝ գեղեցկիդ եւ փափկացեալիդ, վերանալու է քո փառքը, դո՛ւստր Սիոնի։
3 Հովիւներն իրենց հօտերով նրա մօտ են գալու եւ իրենց վրաններն են խփելու նրա շուրջը, իւրաքանչիւրը հովուելու է իր ձեռքով։
4 Պատերազմի՛ պատրաստուեցէք նրա դէմ, եկէք նրա դէմ ելնենք կէսօրին. վա՜յ մեզ, որովհետեւ ցերեկն անցաւ, եւ մեզ վրայ հասան երեկոյի ստուերները։
5 Եկէք գիշերով ելնենք եւ խորտակենք նրա հիմքերը։
6 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. Ջարդեցէ՛ք նրա փայտաշէն տները, զօ՛րք հանեցէ՛ք Երուսաղէմի դէմ, որովհետեւ նա ամբողջապէս սուտ քաղաք է, բռնութիւնն է իշխում նրա մէջ։
7 Ինչպէս գուբն է իր ջուրը պաղեցնում, այնպէս էլ նա է պաղեցնում իր չարութիւնները. այնտեղ, նրա յանդիման, մշտապէս ամբարշտութիւն ու չարութիւն է լսւում։ Ցաւերով ու տանջանքներով պիտի խրատուես, Երուսաղէ՛մ։
8 Թող այնպէս չլինի, որ ես բաժանուեմ քեզնից, չլինի, որ քեզ դարձնեմ մի անապատ երկիր, ուր ոչ ոք երբեք չի բնակուել։
9 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. Քաղեցէ՛ք, քաղեցէ՛ք, Իսրայէլի այդ մնացորդներին ճռաքա՛ղ արէք եւ նորից նոյն գործին դարձէք, ինչպէս այգին քաղողն է դառնում դէպի իր գործը։
10 Արդ, ո՞ւմ հետ խօսեմ եւ ո՞ւմ մօտ վկայութիւն անեմ, որ լսի. ահաւասիկ նրանց ականջներն անթլփատ են, եւ նրանք չեն կարողանում լսել։ Ահա Տիրոջ խօսքը նրանց համար նախատինք եղաւ, եւ այլեւս նրանց ախորժելի չի լինելու այն։
11 Ես լցուեցի բարկութեամբ ու զսպեցի այն իմ մէջ, բայց նրանց չմեռցրի։ Ես այն դուրս պիտի թափեմ տղաների վրայ, նաեւ՝ երիտասարդների բազմութեան վրայ. այր ու կին առհասարակ գերեվարուելու են, ծերը եւ հասուն տարիք ունեցողները քշուելու են։
12 Նրանց տները, նրանց արտերի ու կանանց հետ միասին, ընկնելու են օտարների ձեռքը, քանզի, - ասում է Տէրը, - պէտք է պատժեմ այդ երկրի բնակիչներին։
13 Նրանք, փոքրերից մինչեւ մեծերը, բոլորն էլ անօրէնութիւններ գործեցին, քահանայից մինչեւ սուտ մարգարէն բոլորն էլ սուտ խօսեցին։
14 Իմ ժողովրդի դստեր վէրքերը նրանք բուժում էին արհամարհանքով ու ասում՝ Խաղաղութի՜ւն է, խաղաղութի՜ւն. բայց ո՞ւր է խաղաղութիւնը։
15 Խայտառակ եղան, որովհետեւ ձախողուեցին, բայց ամօթի զգացում ունեցողների պէս չպատկառեցին եւ իրենց կրած անարգանքի մասին չմտածեցին, դրա համար էլ իրենց կործանումն են գտնելու, եւ երբ իրենց պատժելու լինեմ՝ բնաջնջուելու են, - ասում է Տէրը։
16 Այսպէս է ասում Տէրը. Կանգնեցէ՛ք ճանապարհներին եւ դիտեցէ՛ք, հարցրէ՛ք Տիրոջ յաւիտենական ճանապարհների մասին, տեսէք, թէ ո՛րն է բարի ճանապարհը՝ գնացէ՛ք դրանով, եւ քաւութիւն կը գտնէք ձեր հոգիների համար։ Իսկ նրանք ասացին, թէ՝ չե՛նք գնայ։
17 Ձեզ վրայ հսկիչներ կարգեցի, լսեցէ՛ք փողի ձայնը։ Իսկ նրանք ասում են՝ չե՛նք լսի։
18 Այդ մասին իմացան ազգերը, նաեւ նրանք, որ նրանց մէջ հովուութիւն էին անում հօտերին։
19 Լսի՛ր, երկի՛ր, ահաւասիկ ես այդ ժողովրդի վրայ չարիքներ եմ բերելու՝ իբրեւ իրենց ապստամբութեան պտուղ, որովհետեւ իմ խօսքերին չանսացին եւ իմ օրէնքը մերժեցին։
20 Ինչի՞ համար է խունկն այդ, որ բերում ես ինձ Սաբայից, եւ կինամոնը՝ հեռաւոր երկրից. ձեր ողջակէզներն ընդունելի չեն, եւ ձեր զոհերն ինձ հաճելի չեն։
21 Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. Ահաւասիկ ես հիւանդութիւն կը բերեմ այդ ժողովրդի վրայ, հայրերն ու զաւակները միասին կը վարակուեն նրանով, հարեւան ու ընկեր կը կորչեն միասին։
22 Այսպէս է ասում Տէրը. Ահաւասիկ զօրք է գալիս հիւսիսից, մի մեծ ազգ։ Երկրի ծագերից յառնելու են բազում թագաւորներ,
23 աղեղնաւորներ ու նիզակակիրներ, մի յանդուգն ու անողորմ ազգ։ Նրա ձայնը նման է ալեկոծ ծովի ձայնի։ Կառքերով ու երիվարներով ճակատամարտ պիտի տայ, ինչպէս կրակ՝ կազմ ու պատրաստ պիտի պատերազմի քո դէմ, ո՛վ Սիոնի դուստր։
24 Նրանց լուրն առանք, եւ մեր ձեռքերը թուլացան. ծննդկանի երկունքի պէս մեզ պաշարեցին նեղութիւնները։
25 Դուրս մի՛ գաք դէպի հանդերը եւ մի՛ գնացէք ճանապարհներով, որովհետեւ ամենուր թշնամիների սուրն է շրջապատել։
26 Իմ ժողովրդի դո՛ւստր, քո՛ւրձ հագիր, մոխի՛ր ցանիր, սո՛ւգ արա սիրելիի համար, աղիողորմ լաց ու կո՛ծ արա, որովհետեւ ձեզ վրայ թշուառութիւնը յանկարծակի է գալու։
27 Ես քեզ, Երեմիա՛, կարգեցի պաշարուած ժողովուրդների համար որպէս փորձիչ, եւ դու պիտի իմանաս, երբ ես փորձեմ նրանց ճանապարհները։
28 Բոլորն անհնազանդ են եւ գնում են կամակորութեամբ. ինչպէս պղինձ եւ երկաթ՝ բոլորն էլ ապականուած են։
29 Փուքսերը ոչնչացան կրակից, կապարն սպառուեց, արծաթագործը զուր է չարչարւում։ Նրանց չարիքները չհալուեցին։
30 Խոտան արծա՛թ կոչեցէք նրանց, որովհետեւ Տէրը նրանց խոտանեց։ Լսի՛ր Տիրոջ պատգամները, համա՛յն Հրէաստան։