ԵՐԵՄԻԱ. Chapter 52

1 Այս խօսքերը Թագաւորութիւնների չորրորդ գրքից են.
2 Քսանմէկ տարեկան էր Սեդեկիա արքան, երբ թագաւոր դարձաւ։ Տասնմէկ տարի թագաւորեց Երուսաղէմում։ Նրա մօր անունն Ամիտաալ էր. սա դուստրն էր Երեմիայի, որը Լուբենայից էր։
3 Սեդեկիան Տիրոջ առաջ չարիք գործեց, ինչպէս Յովակիմն էր գործել։
4 Տէրը զայրացել էր Երուսաղէմի եւ Յուդայի երկրի վրայ այն աստիճան, որ նրանց իր աչքից գցեց, եւ Սեդեկիան ապստամբեց բաբելացիների արքայի դէմ։
5 Իսկ նրա թագաւորութեան իններորդ տարում, տասներորդ ամսին, ամսի տասին, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան իր ամբողջ զօրքով եկաւ Երուսաղէմ եւ պաշարեց այն։ Նրա շուրջը քառակուսի քարերից պատնէշ պատնէշի վրայ կանգնեցրեց։
6 Մինչեւ Սեդեկիա արքայի տասնմէկերորդ տարին քաղաքն ընկաւ նեղութեան մէջ։
7 Իսկ չորրորդ ամսին, երբ ամսի ինն էր, քաղաքում սաստկացաւ սովը. հաց չկար, որ երկրի բնակչութիւնն ուտէր։
8 Քաղաքի պարիսպը ճեղք տուեց, բոլոր կռուող մարդիկ փախուստի դիմեցին եւ գիշերով, երբ քաղդէացիները քաղաքի շուրջն էին, ներքին եւ արտաքին պարիսպների մէջ ընկած դարպասի ճանապարհով, արքունի պարտէզի կողմով դուրս եկան քաղաքից եւ շարժուեցին արաբացիների ճանապարհով։
9 Քաղդէացիների թագաւորի զօրքերը հետապնդեցին եւ Երիքովից այն կողմ հասան Սեդեկիա արքային, իսկ նրա բոլոր ծառաները թողեցին հեռացան նրանից։
10 Բռնեցին թագաւորին եւ բերին Դեբլաթա, Եմաթի երկիրը, բաբելացիների արքայի մօտ, որը նրա հետ դատաստան տեսաւ։
11 Բաբելացիների արքան Սեդեկիայի առաջ կոտորեց նրա որդիներին, Դեբլաթայում կոտորեց նաեւ Յուդայի երկրի բոլոր իշխաններին,
12 Սեդեկիայի աչքերը կուրացրեց եւ ձեռքերը կապեց շղթաներով։ Բաբելացիների արքան տարաւ նրան Բաբելոն եւ մինչեւ նրա մահուան օրը պահեց նրան ջրաղացի մէջ։
13 Հինգերորդ ամսին, ամսի տասին, դա բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի տասնիններորդ տարին էր, բաբելացիների արքայի առջեւ նրա սպասին կանգնող Նաբուզարդան դահճապետը եկաւ,
14 կրակի մատնեց Տիրոջ Տունը եւ արքունի ապարանքները, քաղաքի բոլոր տներն ու բոլոր մեծամեծ դղեակները հրով այրեց,
15 իսկ քաղդէացի բոլոր զօրքերը, որոնք եկել էին դահճապետի հետ, Երուսաղէմի պարիսպներն ամբողջապէս շուրջանակի քանդեցին։
16 Բայց ժողովրդի չքաւոր մասին ու թափթփուկներին, որոնք մնացել էին քաղաքում, ինչպէս եւ փախստականներին, որոնք փախել էին բաբելացիների արքայի մօտ, եւ մնացած բազմութեանը Նաբուզարդան դահճապետը ձեռք չտուեց։
17 Երկրի աղքատների մի մասին Նաբուզարդան դահճապետը թողեց՝ այգեգործներ ու հողագործներ լինելու համար։
18 Տիրոջ Տան պղնձէ սիւներն ու խարիսխները եւ պղնձէ մեծ աւազանը, որ Տիրոջ Տան մէջ էր, քաղդէացիները ջարդեցին եւ ամբողջ պղինձը տարան Բաբելոն։
19 Դահճապետն առաւ նաեւ եռոտանիներն ու վերնախարիսխները, պսակներն ու տաշտերը, մսի պատառաքաղներն ու պղնձէ ամանեղէնը, որոնցով սպասարկում էին։
20 Դահճապետն առաւ նաեւ կոնքերն ու թաղարները, քամիչներն ու աշտանակները, խնկամաններն ու տուփերը. ո՛րը ոսկի էր՝ վերցրեց իբրեւ ոսկի, ո՛րն արծաթ էր՝ իբրեւ արծաթ։
21 Սիւները երկուսն էին, պղնձէ մեծ աւազանը՝ մէկը. իսկ աւազանի տակ տասներկու ցուլեր կային, որոնք Տիրոջ Տան մէջ շինել էր Սողոմոն արքան։ Եւ պղնձին ու պղնձէ բոլոր անօթներին հաշիւ չկար։
22 Սիւներից ամէն մէկի բարձրութիւնը երեսունհինգ կանգուն էր, որոնցից իւրաքանչիւրի շուրջը տարածւում էր տասներկու կանգուն երկարութեամբ շղթայ՝ չորս մատ հաստութեամբ։
23 Նրանց գլխին պղնձէ խոյակներ կային, ամէն մի խոյակի բարձրութիւնը՝ հինգ կանգուն. մի խոյակի մակերեսը շուրջանակի բոլորում էին ցանցակերպ եւ նռնաձեւ զարդերը՝ համակ պղնձից։ Նոյն ձեւի էր եւ երկրորդ սիւնինը, տասներկու կանգուններից ամէն մի կանգունը՝ ութ նռնազարդով։
24 Նռնազարդերի թիւը մի կողմի վրայ իննսունվեց էր, իսկ բոլոր նռնազարդերը շուրջանակի ցանցի վրայ հարիւր հատ էին։
25 Դահճապետը բռնեց Սարեային՝ գլխաւոր քահանային, Սոփոնիային՝ երկրորդ քահանային, ու երեք դռնապանների։
26 Այդ քաղաքից ձերբակալեց նաեւ մի ներքինու, որ պատերազմող մարդկանց զօրապետն էր, եւ եօթը անուանի մարդկանց, որոնք թագաւորի առջեւ նրա սպասին էին կանգնում եւ որոնց գտան քաղաքում, ինչպէս եւ ատենադպրին՝ զօրքի իշխանին, երկրի ժողովրդի ատենադպրին ու երկրի բնակչութիւնից վաթսուն մարդու, որոնց գտան քաղաքում։
27 Նաբուզարդան դահճապետն առաւ նրանց ու տարաւ բաբելացիների արքայի մօտ, Դեբլաթա։
28 Բաբելացիների արքան մահուան դատապարտեց նրանց ու սպանեց Դեբլաթայում, Եմաթի երկրում։ Յուդայի երկրի ժողովուրդը իր երկրից գերեվարուեց։
29 Սա է այն ժողովուրդը, որին գերեց Նաբուքոդոնոսոր արքան. եօթներորդ տարում՝ երեք հազար քսաներեք հրեայ,
30 Նաբուքոդոնոսորի տասնութերորդ տարում Երուսաղէմից տարան ութ հարիւր երեսուներկու հոգի,
31 Նաբուքոդոնոսորի քսաներեքերորդ տարում Նաբուզարդան դահճապետը հրեաներից գերի տարաւ եօթը հարիւր քառասունհինգ հոգի, բոլորը միասին՝ չորս հազար վեց հարիւր հոգի։
32 Յուդայի երկրի արքայ Յովակիմի գերութեան երեսունեօթներորդ տարին էր, տասներկուերորդ ամիսը, ամսի քսանչորսը, երբ բաբելացիների Ուլմարոդաք արքան իր թագաւոր դարձած տարին պատուի արժանացրեց Յուդայի երկրի արքայ Յովակիմին. հանեց նրան այն տնից, որտեղ նա գտնւում էր հսկողութեան տակ,
33 նրա հետ քաղցրութեամբ խօսեց եւ նրա բարձն աւելի վեր դրեց, քան այն թագաւորների բարձերը, որոնք Բաբելոնում նրա մօտ էին։
34 Փոխեց բանտի նրա պատմուճանը, եւ նա ինչքան ժամանակ որ ապրեց՝ ամէն օր միշտ արքայի մօտ էր հաց ուտում։
35 Նրա համար սահմանուեց մշտական ռոճիկ, որը նրա կեանքի ամբողջ ընթացքում, բաբելացիների արքայի կողմից, տալիս էին նրան օրըստօրէ՝ մինչեւ նրա մահուան օրը։