ԵՐԵՄԻԱ. Chapter 27

1 Այս է Տիրոջ խօսքը՝ ասուած Երեմիային Յուդայի երկրի արքայ Յովսիայի որդի Յովակիմի թագաւորութեան սկզբում։
2 Տէրն այսպէս է ասում ինձ. Քեզ համար կապանքներ ու լո՛ւծ պատրաստիր եւ գցի՛ր պարանոցդ։
3 Դրանցից ուղարկի՛ր նաեւ եդոմայեցիների թագաւորին եւ մովաբացիների թագաւորին, ամոնացիների թագաւորին, Տիւրոսի թագաւորին եւ սիդոնացիների թագաւորին՝ նրանց դեսպանների միջոցով, որոնք գալիս են Երուսաղէմ Յուդայի երկրի արքայ Սեդեկիայի մօտ։
4 Նրանց կը պատուիրես յայտնելու իրենց տէրերին, թէ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. այսպէս կ՚ասէք ձեր տէրերին.
5 Ես իմ մեծ զօրութեամբ եւ յաղթ բազկով ստեղծեցի երկիրը, մարդկանց, անասուններին ու այն ամէնը, ինչ կայ երկրի երեսին. ես այն կը տամ նրան, ով հաճելի է իմ աչքին։
6 Արդ, ես ինքս բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի՝ իմ ծառայի ձեռքը տուեցի ամբողջ երկիրը, տուեցի նաեւ տափաստանների գազաններին, որ ծառայեն նրան։
7 Ու բոլոր ազգերը պիտի ծառայեն նրան, նաեւ նրա որդիներին եւ նրա որդոց որդիներին, մինչեւ որ գայ նրա եւ նրա երկրի վրայ իմ բարկանալու ժամանակը։ Նրան պիտի ծառայեն բազում ազգեր եւ մեծամեծ թագաւորներ։
8 Իսկ եթէ լինեն ազգեր ու թագաւորութիւններ, որոնք չենթարկուեն բաբելացիների արքայ Նաբուքոդոնոսորին, անմիջապէս իրենց պարանոցները չդնեն բաբելացիների արքայի լծի տակ, այդպիսի ազգերին սրով, սովով ու մահուամբ պիտի պատժեմ, - ասում է Տէրը, - մինչեւ որ ոչնչացուեն նրա ձեռքով։
9 Եւ դուք մի՛ լսէք ձեր մարգարէներին ու ձեր գուշակներին, ձեր երազատեսներին ու ձեր վհուկներին, ձեր հաւահմաներին եւ ձեր կախարդներին, որոնք ձեզ ասում են, թէ՝ Չենթարկուէ՛ք բաբելացիների արքային,
10 քանզի դրանք ձեզ համար սուտ մարգարէութիւն են անում, որպէսզի հեռացնեն ձեզ ձեր երկրից, որպէսզի ցրիւ տամ ձեզ, ու դուք կորչէք։
11 Իսկ այն ազգը, որն իր պարանոցը կը դնի բաբելացիների արքայի լծի տակ եւ կ՚ենթարկուի նրան, կը թողնեմ իր երկրում, - ասում է Տէրը. - կը մշակի այն եւ կը բնակուի այնտեղ։
12 Այս բոլոր բաները մէկ առ մէկ յայտնեցի նաեւ Յուդայի երկրի արքայ Սեդեկիային՝ ասելով. Ձեր պարանոցները դրէ՛ք բաբելացիների արքայի լծի տակ, ծառայեցէ՛ք նրան ու նրա ազգին, որպէսզի ապրէք։
13 Ինչի՞ համար սրով, սովով ու մահով մեռնէք դու եւ քո ժողովուրդը, ինչպէս այն ազգը, որը չի ուզի ծառայել բաբելացիների արքային, եւ որի մասին խօսեց Տէրը։
14 Մի՛ լսէք այն մարգարէների խօսքերը, որոնք ձեզ ասում են, թէ՝ Չենթարկուէ՛ք բաբելացիների արքային. նրանք սուտ մարգարէութիւն են անում ձեզ համար։
15 Ե՛ս չեմ ուղարկել նրանց, - ասում է Տէրը, - իսկ նրանք իմ անունից սուտ մարգարէութիւն են անում, միայն թէ կորստի մատնեն ձեզ։ Դուք էլ, ձեր մարգարէներն էլ, որ ձեզ համար անտեղի ու սուտ մարգարէութիւն են անում, կորստեան էք դատապարտուելու։
16 Ինչ որ խօսեցի, կը յայտնես նաեւ քահանաներին ու համայն ժողովրդին, թէ այսպէս է ասում Տէրը. Ականջ մի՛ դնէք այն մարգարէների խօսքերին, որ մարգարէութիւն են անում ձեզ համար եւ ասում. Ահա Տիրոջ Տան սպասքը այժմ եւեթ Բաբելոնից պիտի վերադարձուի։ Բայց դա զուր են մարգարէանում ձեզ համար. ե՛ս չեմ ուղարկել նրանց։
17 Մի՛ լսէք նրանց, այլ ծառայեցէ՛ք բաբելացիների արքային, որպէսզի ապրէք։ Ինչո՞ւ այս քաղաքն աւերակ դառնայ։
18 Եթէ մարգարէներ են, ու նրանց մէջ կայ Տիրոջ խօսքը, թող գան դէմս կանգնեն։ Տէրն այսպէս է ասում. Եւ մնացած սպասքը, որ չյափշտակեց բաբելացիների արքան, երբ Յեքոնիային գերի վարեց Երուսաղէմից, պիտի Բաբելոն տարուի, - ասում է Զօրութիւնների Տէրը։ Իսկ այն սպասքի մասին, որոնք, - ասում է Զօրութիւնների Տէրը, - մնացին Տիրոջ Տանը եւ Յուդայի երկրի թագաւորի տանը, Երուսաղէմից Բաբելոն նրանց չտարուելու մասին,
19 սիւների մասին, մեծ աւազանի մասին, խարիսխների ու անօթների մասունքների մասին, որ մնացին այս քաղաքում,
20 որոնք չյափշտակեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան, երբ ինքը Յուդայի երկրի արքայ Յովակիմի որդի Յեքոնիային եւ Յուդայի երկրի ու Երուսաղէմի ողջ ազատանուն գերի տարաւ Երուսաղէմից Բաբելոն, -
21 ահա այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը, Տիրոջ Տանը, Յուդայի երկրի թագաւորի տանը եւ Երուսաղէմում մնացած այդ սպասքի մասին.
22 Թող դրանք Բաբելոն տարուեն ու այնտեղ մնան մինչեւ այն օրը, երբ այցելութիւն կը տամ նրանց։ Այսպէս է ասում Տէրը. Դուրս կը հանեմ դրանք եւ կը վերադարձնեմ այստեղ։