ԵՐԵՄԻԱ. Chapter 4

1 Եթէ Իսրայէլը դառնալու է դէպի ինձ, թող դառնայ, - ասում է Տէր Աստուած, - եթէ յանուն Երուսաղէմի Աստծու նա իր բերանից դուրս թափի գարշելի աստուածների անունները, վախենայ ինձնից
2 եւ ճշմարտութեամբ, իրաւամբ ու արդարութեամբ երդուի, թէ՝ Տէրը կենդանի է, նրա կողմից պիտի օրհնուեն ազգերը եւ նրանով արժանանան պարծանքի։
3 Այսպէս է ասում Տէրը ձեզ՝ Յուդայի երկրի մարդկանց եւ Երուսաղէմի բնակիչներիդ. Հերկե՛ր հերկեցէք ձեզ համար, փշերի մէջ մի՛ սերմանէք։
4 Յուդայի երկրի մարդի՛կ եւ Երուսաղէմի բնակիչնե՛ր, ձեր Աստծո՛ւ համար թլփատուեցէք, ձեր սրտի անթլփատութի՛ւնը թլփատեցէք, որովհետեւ գուցէ ձեր չար գործերի պատճառով իմ բարկութիւնն իբրեւ հուր ելնի ու բորբոքուի, եւ մէկը չգտնուի, որ հանգցնի այն։
5 Գուժեցէ՛ք Հրէաստանի մէջ, լուրը թող հասնի Երուսաղէմ, ասացէ՛ք, փո՛ղ հնչեցրէք երկրով մէկ, աղաղա՛կ բարձրացրէք, գոչեցէ՛ք, հաւաքուեցէ՛ք եւ մտէ՛ք պարսպապատ քաղաքները։
6 Ելէք փախէ՛ք դէպի Սիոն, շտապեցէ՛ք, մի՛ դանդաղէք, որովհետեւ ես չարիք ու մեծ կոտորած եմ բերելու հիւսիսից։
7 Առիւծն իր որջից դուրս եկաւ, որպէսզի յօշոտի ազգերին, շարժուեց ու ելաւ իր տեղից, որպէսզի քո երկիրն աւերակ դարձնի։ Քո քաղաքները քանդուելու են՝ այնտեղ բնակիչ չլինելու պատճառով։
8 Դրա համար էլ քո՛ւրձ հագէք, կոծեցէ՛ք ու ճի՛չ բարձրացրէք, քանզի Տիրոջ ցասումն ու բարկութիւնը յետ չդարձաւ ձեզնից։
9 Եւ այն օրը, - ասում է Տէրը, - թագաւորն ու իշխանները սրտաբեկ պիտի լինեն, քահանաները պիտի յիմարանան, մարգարէներն ապշեն։
10 Ու ես ասում եմ. Ո՛վ Տէր Աստուած, ուրեմն խաբելով խաբեցիր այդ ժողովրդին ու Երուսաղէմին, քանի որ ասացիր, թէ՝ Խաղաղութիւն պիտի լինի ձեզ, մինչդեռ սուրը նրանց հոգուն դէմ է առել։
11 Այն ժամանակ դու պիտի ասես այդ ժողովրդին ու Երուսաղէմին. Սա անապատում քո մոլորութեան համար է։Իմ ժողովրդի դստեր ճանապարհը ո՛չ մաքրութեան եւ ո՛չ էլ սրբութեան համար էր։
12 Նրանց այդ յորդաբուխ շունչն է, որ ողջ սաստկութեամբ գալու է դէպի ինձ. այսուհետեւ ես էլ նրանց հետ իմ դատաստաններով եմ խօսելու։
13 Ահա նա ելնելու է ինչպէս ամպ. նրա կառքը նման է մրրկի, նրա երիվարներն աւելի արագընթաց են, քան արծիւները։ Վա՜յ մեզ, որ թշուառացանք։
14 Երուսաղէմ, լուա՛ քո սրտի չարութիւնները, որ փրկուես. քո ցաւալի խորհուրդները մինչեւ ե՞րբ պիտի մնան քո մէջ։
15 Բօթաբեր ձայն է հնչում դրանից, թշուառութեան աղաղակներ են լսուելու Եփրեմի լեռից։
16 Ա՛յս բանը գուժեցէք ազգերին. իմա՛ց տուէք, թէ գնդեր են գալիս հեռաւոր երկրից.ահա հասել են Երուսաղէմ.նրանք իրենց ձայնն են արձակում Հրէաստանի քաղաքների դէմ
17 եւ, ինչպէս ագարակի պահապաններ,շրջապատել են Հրէաստանը։
18 Դու անտեսեցիր ինձ, - ասում է Տէրը. - քո ճանապարհներն ու քո ընթա՛ցքը քեզ հասցրին այդ ամէնը։ Դա է քո չարութիւնը, ինչպէս եւ դառնութիւնը, որ հասաւ սրտիդ։
19 Որովա՜յնս, որովայնս ցաւ է ընկել, եւ հեծում են սրտիս զգայարանները։ Սիրտս ճմլւում է, եւ հոգիս հանգստութիւն չունի, որովհետեւ ես շեփորի ձայն լսեցի եւ պատերազմի ու թշուառութեան գոյժ։
20 Հարուած հարուածի վրայ եկաւ. բողո՛ք բարձրացրէք, քանզի ողջ երկիրն աւերակ դարձաւ, վրանս յանկարծակի խորտակուեց, եւ քանդուեցին վրանիս վարագոյրները։
21 Մինչեւ ե՞րբ պիտի փախստականներ տեսնեմ, շեփորի ձայն լսեմ։
22 Իմ ժողովրդի իշխաններն ինձ չճանաչեցին, որովհետեւ նրանք ոչ թէ խելացի, այլ անմիտ որդիներ են. չարութիւն անելիս իմաստուն են, իսկ բարի բան կատարել չգիտեն։
23 Նայեցի երկրին՝ ամայի էր, ոչինչ չկար, նայեցի դէպի երկինք՝ եւ չկար նրա լոյսը։
24 Նայեցի եւ տեսայ, որ լեռները երերում էին, եւ բոլոր բլուրները՝ սասանւում։
25 Նայեցի, բայց ահա մարդ չկար, եւ երկնքի բոլոր թռչունները սարսափահար էին եղել։
26 Նայեցի եւ տեսայ, որ Կարմելոսն աւերակ էր, իսկ նրա բոլոր քաղաքները՝ հրի մատնուած։ Տիրոջ պատճառով, նրա բարկութեան ու ցասման պատճառով դրանք ամայացան։
27 Այսպէս է ասում Տէրը. Աւերուելու է համայն երկիրը, բայց ես չեմ բերելու նրա վախճանը։
28 Այս ամենի համար երկիրը սուգ պիտի անի, եւ վերից երկինքը պիտի խաւարի, որովհետեւ ե՛ս ասացի՝ եւ չեմ զղջալու, ե՛ս ձեռնարկեցի՝ եւ յետ չեմ կանգնելու դրանից։
29 Հեծեալների ձայնից եւ լարուած աղեղներնից ամբողջ երկիրը խոյս տուեց, մարդիկ սողոսկեցին քարայրները, թաքնուեցին անտառներում, բարձրացան քարանձաւները. բոլոր քաղաքները լքուեցին, ու նրանց մէջ մարդ չի բնակւում։
30 Իսկ դու, թշուառակա՛ն, ի՞նչ ես անելու։ Եթէ կարմիր հագնես, ոսկի զարդով զարդարուես ու քո աչքերին ծարիր քսես,քո զարդարանքները զուր են լինելու։ Հոմանիներդ քեզ մերժեցին եւ հոգիդ առնել են ուզում։
31 Լսեցի քո հեծեծանքը, որը կարծես իր անդրանիկ որդուն ծնելու երկունքով բռնուած կնոջ ձայնը լինէր։ Սիոնի դստեր ձայնը պիտի նուաղի, յուսահատ՝ նա պիտի տարածի իր ձեռքերն ու ասի.Վա՜յ ինձ, որ հոգիս մահու չափ խոցուեց սպանուածների համար։