ԵՐԵՄԻԱ. Chapter 13

1 Այսպէս է ասում Տէրը. Գնա՛ քեզ համար ձե՛ռք բեր կտաւէ գօտի, փաթաթի՛ր մէջքիդ, բայց ջրի միջով չանցնես։
2 Հետեւելով Տիրոջ խօսքին՝ ես ձեռք բերի մի գօտի ու փաթաթեցի մէջքիս։
3 Տէրը, կրկին խօսքն ինձ ուղղելով, ասաց.
4 Այդ գօտին, որ ձեռք բերեցիր, հանի՛ր քո մէջքից, վեր կաց գնա՛ Եփրատի ափը եւ դա թաքցրո՛ւ այնտեղ՝ ժայռի մի քարի խոռոչում։
5 Ու ես գնացի եւ այն թաքցրի Եփրատի ափին, ինչպէս պատուիրել էր ինձ Տէրը։
6 Եւ ահա շատ օրեր անց Տէրն ինձ ասաց. Վեր կաց գնա՛ Եփրատի ափը եւ վերցրո՛ւ այն գօտին, որը հրամայեցի քեզ այնտեղ թաքցնել։
7 Գնացի Եփրատ գետի ափը, փորեցի եւ վերցրի գօտին այնտեղից, ուր այն թաղել էի. բայց, ահա, գօտին փտել էր եւ ոչ մի բանի պիտանի չէր։
8 Տէրը, խօսքն ինձ ուղղելով, ասաց.
9 այսպէս է ասում Տէրը. Այդպէս էլ ապականելու եմ Յուդայի երկրի հպարտութիւնը եւ Երուսաղէմի հպարտութիւնը,
10 քաղաքն ու իմ չար ժողովրդին, որոնք չէին ուզում ականջ դնել իմ խօսքերին, որոնք գնում են իրենց չար սրտերի ցանկութեամբ, ընթանում են օտար աստուածների յետեւից, որպէսզի ծառայեն նրանց եւ երկրպագեն. նրանք պիտի դառնան այդ գօտու պէս, որը ոչ մի բանի պիտանի չէ։
11 Ինչպէս որ գօտին պատում է մարդու մէջքը, այդպէս իմ շուրջը պատեցի Իսրայէլի այդ ամբողջ տունը եւ Յուդայի ամբողջ տունը, - ասում է Տէրը, - որպէսզի նրանք ինձ համար դառնան անուանի ժողովուրդ եւ պարծանք ու փառք. բայց նրանք չլսեցին ինձ։
12 Այդ ժողովրդին կը յայտնես նաեւ հետեւեալ պատգամը. այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Ամէն մի տիկ գինով պէտք է լցուի։ Եւ եթէ այնպէս լինի, որ քեզ ասեն, թէ՝ ՚ Միթէ մենք չե՞նք հասկանում ու չգիտե՞նք, որ ամէն մի տիկ գինով պիտի լցուի,
13 ապա կ՚ասես նրանց. այսպէս է ասում Տէրը. Ահա ես այդպէս պիտի լցնեմ ու հարբեցնեմ այդ երկրի բոլոր բնակիչներին եւ թագաւորներին՝ Դաւթի որդիներին, որոնք նստում են նրա աթոռին, քահանաներին ու մարգարէներին, Յուդայի երկրի ու Երուսաղէմի բոլոր բնակիչներին։
14 Ցրելու եմ դրանց՝ մարդն իր եղբօր, հայրն իր զաւակների հետ միասին, - ասում է Տէրը. - չեմ գթալու եւ չեմ խնայելու, առանց ողորմելու՝ դրանց բնաջնջելու եմ։
15 Լսեցէ՛ք, ունկնդի՛ր եղէք եւ մի՛ հպարտացէք, քանզի Տէրը խօսեց։
16 Ձեր Տէր Աստծուն փա՛ռք տուէք, քանի դեռ խաւարը չի պատել, եւ ձեր ոտքերը խաւար լեռների վրայ չեն սայթաքել։ Լոյս պիտի ակնկալէք, իսկ այնտեղ մահուան ստուերներ են. ձեզ դնելու են խաւարի մէջ։
17 Եւ եթէ չլսէք նրան, դառնութիւնից ձեր հոգու խորքում լաց պիտի լինէք, արցունքը պիտի խեղդի ձեզ, ձեր աչքերից արտասուք պիտի թափուի, քանզի կործանուեց Տիրոջ հօտը։
18 Թագաւորին ու բռնակալներին ասացէ՛ք. Խոնարհուէ՛ք ու գետնի՛ն նստեցէք, քանզի ձեր փառքի պսակն ընկաւ ձեր գլուխներից։
19 Հարաւի կողմի քաղաքները փակուեցին, եւ ոչ ոք չկայ, որ բաց անի. Յուդայի երկիրն ամբողջապէս գերուեց, սպառուեց լիովին։
20 Բարձրացրո՛ւ քո աչքերը, Երուսաղէ՛մ, եւ նայի՛ր հիւսիսից յարձակուողներին. ո՞ւր է այն հօտը, որ տրուեց քեզ, քո փառաւոր ոչխարներն ո՞ւր են։
21 Երբ քեզնից պահանջեն, այն ժամանակ ի՞նչ պատասխան ես տալու. դու ինքդ սովորեցրիր նրանց, որ իշխեն քեզ վրայ։ Միթէ քեզ երկունքի ցաւերը չե՞ն բռնելու, ինչպէս ծննդկան կնոջը։
22 Եւ եթէ քո սրտում ասես՝ Ինչո՞ւ պատահեց այս բանը ինձ հետ,ապա դա եղաւ քո բազում անիրաւութիւնների պատճառով, քանի որ քո քղանցքները բացուեցին քո յետեւից՝խայտառակելով քեզ։
23 Թէ որ հնդիկը փոխի իր մաշկը, ընձառիւծը՝ իր խայտուցները, դուք էլ կը կարողանաք բարութիւն անել, դուք, որ սովորել էք չարիք գործել։
24 Ես ցրելու եմ նրանց՝ անապատում հողմակոծ խռիւի նման։
25 Ինձ չհաւանելուդ համար այդ է քո մասն ու բաժինը, քանզի մոռացար ինձ եւ յոյսդ դրեցիր սուտ աստուածների վրայ։
26 Ես պիտի մերկացնեմ քո յետեւը՝ փեշդ քաշելով քո գլխին ու երեսին,որ երեւան քո ամօթոյքը,
27 քո շնութիւնն ու վրնջիւնը, դու, որ քո պոռնկութեամբ խորթացար ինձնից։ Ես տեսայ քո գարշելի արարքները բագիններում ու անդաստաններում։ Վա՜յ քեզ, Երուսաղէ՛մ, որ իմ յետեւից գալով՝ չես մաքրուելու։ Մինչեւ ե՞րբ ես այդպէս մնալու։