ԵՐԵՄԻԱ. Chapter 2

1 Տէրը խօսքն ուղղեց ինձ եւ ասաց. Գնա՛ երուսաղէմացիների ականջներին ձա՛յն տուր ու ասա՛.
2 Տէրն այսպէս է ասում. Քե՛զ յիշեցի, քո պատանութեան խանդաղատանքն ու քո հարսնութեան սէրը, երբ դու ընթանում էիր Իսրայէլի սրբի յետեւից։
3 Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի սուրբը. Տիրոջ համար իր պտուղներից առաջինն է նա։ Բոլոր նրանք, ովքեր ուտելու են այն, զղջալու են. չարիքներ են հասնելու նրանց վրայ, - ասում է Տէրը։
4 Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, ո՛վ Յակոբի տուն եւ Իսրայէլի բոլո՛ր տոհմեր։
5 Այսպէս է ասում Տէրը. Ձեր հայրերն ի՞նչ վնասակար բան գտան իմ մէջ, որ հեռացան ինձնից եւ, սնոտի աստուածների յետեւից գնալով, սնահաւատ դարձան։
6 Չասացին էլ՝ Ո՞ւր է Տէրը, որ մեզ հանեց Եգիպտացիների երկրից եւ առաջնորդեց մեզ անապատում, անծայր ու անուղի, անջուր ու անպտուղ երկրում, մահուան ստուերների մէջ, այն երկրում, որտեղով մարդ չէր անցել, եւ ուր չէր բնակուել մարդու որդին։
7 Տարաւ մեզ Քերմէլ՝ ուտելու նրա պտուղն ու բարիքները. իսկ դուք մտաք ու ապականեցիք իմ երկիրը, իմ ժառանգութիւնը պղծութեան մատնեցիք։
8 Եւ քահանաները չհարցրին՝ Ո՞ւր է Տէրը։ Իմ օրէնսգէտներն ինձ չուզեցին ճանաչել, առաջնորդներն ապստամբեցին իմ դէմ, եւ մարգարէները Բահաղի անունով մարգարէութիւն արին ու անօգուտ աստուածների յետեւից գնացին։
9 Դրա համար էլ դեռ պիտի դատեմ ձեզ, - ասում է Տէրը, - պիտի դատեմ նաեւ ձեր որդոց որդիներին։
10 Արդ, անցէ՛ք քետիմացիների կղզիներն ու նայեցէ՛ք, մա՛րդ ուղարկեցէք նաեւ Կեդար ու լա՛ւ տեղեկացէք, տեսէք՝ եղե՞լ է այդպիսի բան.
11 ազգերն իրենց աստուածներին փոխե՞լ են, թէեւ նրանք աստուածներ էլ չեն, բայց իմ ժողովուրդն իր փառքը փոխանակեց նրանց հետ, որոնցից օգուտ չի ունենալու։
12 Այդ բանի վրայ ապշեց երկինքը եւ խիստ սոսկաց, - ասում է Տէրը, -
13 քանզի երկու չարիք գործեց իմ ժողովուրդը. ինձ՝ կենաց ջրի աղբիւրիս, լքեց եւ իր համար ծակ փոսեր փորեց, որոնք ջուր չեն կարող պահել։
14 Միթէ Իսրայէլը ծառա՞յ է, կամ Յակոբը՝ ստրո՞ւկ, որ աւարի մատնուեցին։
15 Նրա վրայ մռնչացին եւ իրենց ձայներն արձակեցին առիւծները, որոնք աւերակ դարձրին նրա երկիրը։ Նրա քաղաքները, բնակիչներից թափուր դառնալով, կործանուեցին։
16 Մեմփացիներն ու տափնացիները ճանաչեցին քեզ ու ծաղրեցին։
17 Միթէ դրա պատճառն այն չէ՞ր, - ասում է քո Տէր Աստուածը, - որ դու լքեցիր ինձ այն ժամանակ, երբ քեզ բերում էի անապատի ճանապարհով։
18 Եւ հիմա դու ո՜ւր, եգիպտացիների ճանապարհն ուր. ուզում ես Գեհոնի ջո՞ւրը խմել. եւ կամ՝ դու ո՜ւր, ասորեստանցիների ճանապարհն ուր. ուզում ես գետերի ջո՞ւրը խմել։
19 Քո ապստամբութիւնը քեզ խրատ է լինելու, եւ քո չարութիւնները կշտամբելու են քեզ։ Խելքի կը գաս ու կը տեսնես, որ քեզ համար դառնաղէտ է ինձ լքելը, - ասում է քո Տէր Աստուածը։
20 Ես չհաւանեցի քեզ, - ասում է քո Տէր Աստուածը։ Վաղուց խորտակեցիր քո լուծը, խզեցիր քո կապանքներն ու ասացիր, թէ՝ Չեմ ծառայի, այլ կը գնամ այնտեղ, բոլոր բարձր բլուրների վրայ եւ բոլոր ստուերախիտ ծառերի տակ, կը զեխանամ պոռնկութեան մէջ։
21 Ես քեզ տնկեցի իբրեւ համակ ազնիւ եւ պտղաբեր որթատունկ. ինչո՞ւ ինձ համար դառնութեան փոխուեցիր, ո՛վ դու, որթատո՛ւնկդ օտարացեալ։
22 Եթէ բորակով էլ լուացուես եւ կամ օճառը ձեռքիցդ վար չգցես, դարձեալ իմ առաջ քո անիրաւութիւնների մէջ շաղախուած կը մնաս, - ասում է Տէր Աստուածը։
23 Ինչպէ՞ս ես ասում, թէ՝ Չեմ պղծուել եւ չեմ գնացել Բահաղի յետեւից։ Տե՛ս քո ընթացքը գերեզմաններում եւ իմացի՛ր, թէ ի՛նչ ես արել։
24 Ամէն երեկոյ նրա տռփանքի ձայնը տարածուեց իր ճանապարհներին. յաճախ նա այցելեց անապատի ջրերին. իր մարմնական ցանկութեան պատճառով այսահար դարձաւ։ Անձնատուր եղաւ իր կրքերին, եւ ո՞վ է, որ յետ պիտի դարձնի նրան։ Բոլոր նրանք, ովքեր կը փնտռեն նրան, նեղութիւն չեն կրի. իր ամսականի տառապանքների մէջ կը գտնեն նրան։
25 Դարձրո՛ւ քո սիրտը ծուռ ճանապարհից եւ քո կոկորդը՝ ծարաւից։ Իսկ նա ասում է՝ Ուժս տեղն է, որովհետեւ նա սիրում էր օտար աստուածներին եւ գնում նրանց յետեւից։
26 Ինչպէս որ կ՚ամաչի գողը, երբ բռնուի, այնպէս էլ պիտի ամաչեն իսրայէլացիները, իրենք, իրենց թագաւորներն ու իրենց իշխանները, իրենց քահանաներն ու իրենց մարգարէները։
27 Նրանք փայտին ասացին, թէ՝ Իմ հայրն ես դու, եւ քարին, թէ՝ Դո՛ւ ծնեցիր ինձ։ Եւ նրանք ոչ թէ իրենց երեսները, այլ թիկունքները դարձրին ինձ, բայց իրենց փորձութեան ժամին պիտի ասեն՝ Արի փրկի՛ր մեզ։
28 Հապա ո՞ւր են քո այն աստուածները, որոնց քեզ համար կերտեցիր. քո թշուառութեան ժամանակ նրանք թող ելնեն ու փրկեն քեզ։ Չէ՞ որ քո աստուածները նոյնքան էին, որքան քո քաղաքների թիւը, ո՛վ Յուդայի երկիր։ Չէ՞ որ Երուսաղէմի ճանապարհների թուով զոհեր էին մատուցում Բահաղին։
29 Այժմ ինչո՞ւ էք խօսում ինձ հետ,որովհետեւ դուք բոլորդ ամբարշտացաք, բոլորդ անօրէն եղաք իմ դէմ,- ասում է Տէրը։
30 Զուր ծեծեցի ձեր որդիներին. դուք խրատ չառաք։ Սուրը կերաւ ձեր մարգարէներին, առիւծի պէս յօշոտեց, բայց դուք չզարհուրեցիք։
31 Լսեցէ՛ք Տիրոջ պատգամը,այսպէս է ասում Տէրը.Միթէ ես Իսրայէլի համար անապա՞տ եղայ կամ աւեր ու խոպանացեալ երկի՞ր, որ իմ ժողովուրդն ասաց. Անտէրունչ կը շրջենք, բայց քեզ մօտ չենք գայ։
32 Միթէ հարսը կը մոռանա՞յ իր զարդը, եւ կոյսն՝ իր լանջագեղ գօտին. իսկ իմ ժողովուրդն երկար ժամանակ մոռացաւ ինձ։
33 Քո ճանապարհին ուրիշ ի՞նչ միջոցների պիտի դիմես՝ սիրոյ հաճոյք գտնելու համար. բայց դու ոչ միայն այդպէս արեցիր, այլեւ նոյնիսկ անզգամացար եւ պղծեցիր քո ճանապարհները։
34 Քո ձեռքերի մէջ յայտնաբերուեց թշուառ ու անմեղ մարդկանց արիւնը. ոչ թէ վիհերում գտայ նրանց, այլ բոլոր կաղնիների մօտ։
35 Դու ասացիր, թէ՝ Անմեղ եմ, թող նրա բարկութիւնն ինձնից հեռանայ։ Ահաւասիկ ես դատաստան եմ տեսնելու քեզ հետ, որովհետեւ դու ասացիր, թէ՝ չմեղանչեցի։
36 Դու արհամարհեցիր ինձ՝ միշտ կրկնելով քո ընթացքը, բայց դու Եգիպտոսի՛ց էլ պիտի ամաչես, ինչպէս Ասորեստանից ամաչեցիր։
37 Այնտեղի՛ց էլ պիտի դուրս գաս՝ ձեռքերդ գլխիդ վրայ բռնած, քանզի Տէրը մերժեց այն, որ քո յոյսն էր, եւ նրանով այլեւս յաջողութիւն չպիտի գտնես։